Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ ԵՆ «ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻՈՆԵՐՆԵՐ» ԱԺ-ՈՒՄ

Նոյեմբեր 30,2010 00:00

\"\"Դավիթ Հարությունյանին առարկում է «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը

«Կարծում եմ, եթե իշխանությունները մի փոքր զիջողականություն դրսեւորեն՝ սա անհաղթահարելի տարաձայնություն չի լինի»,- «Առավոտի» հետ զրույցի ընթացքում այսպես արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ընտրական օրենսդրության համաժողովում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի արտահայտած այն տեսակետին, թե «իշխանական կուսակցությունները եւ ընդդիմությունն ունեն արմատական տարբեր դիրքորոշումներ, օրինակ՝ 100% համամասնական ընտրությունների վերաբերյալ»: Արմեն Մարտիրոսյանը, որ ինքն էլ 2 տարի առաջ ձեւավորված «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները մշակող աշխատանքային խմբի անդամ էր՝ հիշեցրեց. «Իշխանությունները եւս ընդունում են 100% համամասնական ընտրությունների անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ 2008-ին ձեւավորված աշխատանքային խմբի բոլոր անդամներն ընդունել են ամբողջովին համամասնական ընտրակարգի վերաբերյալ առաջարկը»:
Այսուհանդերձ՝ Դավիթ Հարությունյանն օրերս ասուլիսում դարձյալ պնդել էր, թե հակված չէ այժմ 100%-ով համամասնական ընտրությունների. «Ես հակված չեմ, որովհետեւ 100%-անոց համամասնական մոդելները շատ հաճախ բերում են հիմնականում կուսակցական ֆունկցիոներների խորհրդարանում»: Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Եթե դա է միակ եւ անկյունաքարային խիստ բացասական հիմնավորումը՝ ես կփորձեմ փարատել պրն Հարությունյանի մտահոգությունը: Այժմ խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ճնշող մեծամասնությունը կուսակցության խորհրդի անդամներն են: ԲՀԿ խմբակցության ղեկավարը նաեւ կուսակցության ղեկավարն է, մնացած պատգամավորներից շատերը նույնպես կուսակցական ֆունկցիոներներ են: Նույնն է նաեւ ՀՅԴ խմբակցությունում՝ Վահան Հովհաննիսյանը ՀՅԴ բյուրոյի անդամ է, Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը եւ այլն: ՕԵԿ-ում էլ է նույն վիճակը՝ Հեղինե Բիշարյանը ՕԵԿ փոխնախագահն է, Հովհաննես Մարգարյանը՝ կուսակցության քաղխորհրդի անդամ եւ այլն: Նույնն է նաեւ «Ժառանգությունում»՝ ես եւ Անահիտ Բախշյանը ղեկավարել ենք կուսակցության վարչությունը, Ստյոպա Սաֆարյանն այժմ էլ է վարչության անդամ, Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության վարչության նախագահն է: Ուստի չեմ կարծում, թե դեռ նո՜ր պետք է «կուսակցական ֆունկցիոներները» գան խորհրդարան: Բացի այդ՝ ի վերջո, իր նշանակությամբ ԱԺ-ն երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնն է, որտեղ պետք է ներկայացված լինեն հիմնական քաղաքական կուսակցությունները: Մանավանդ որ, այժմ էլ մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 հոգուց հազիվ 2-3-ն են անկուսակցական կամ չեն համագործակցում այս կամ այն խմբակցության հետ: Այնպես որ՝ տեսնում ենք, որ անգամ մեծամասնական պատգամավորները ներկայացնում են առավել քաղաքական ուժերին, քան ընտրատարածքները: Դավիթ Հարությունյանի մտահոգությունը փարատելու համար հիշեցնեմ նաեւ, որ եվրոպական բոլոր ժողովրդավարական երկրներում հենց կուսակցության առաջնորդներն են ներկայացված լինում պետական տարբեր պաշտոններում եւ առավել եւս՝ խորհրդարանում: Սա օրինաչափություն է: Եվ կարծում եմ՝ ժամանակին սա էր նկատի ունեցել պրն Հարությունյանը, երբ աշխատանքային խմբում ինքը եւս կողմ էր 100% համամասնականին»:
Հայտնի է, որ շուրջ 1 ամիս առաջ «Ժառանգությունը» ներկայացրել է «Ընտրական օրենսգրքի» իր նախագիծը, որն այժմ քննարկում է ՀՅԴ-ն: Մեր հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ հանդես կգան միասնական նախաձեռնությամբ՝ պրն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մեր մշակած նախագիծը կազմվել է այն 10 առաջարկների հիման վրա, որոնք ՀՅԴ-ի հետ ուղարկել էինք Վենետիկի հանձնաժողով: Եվ հույս ունեմ, որ սա լինելու է խորհրդարանական ընդդիմության համատեղ նախագիծը: Կարծում եմ՝ մեր նախկին քննարկումները հաշվի առնելով, նաեւ այլ ուժեր քաղաքական տեսանկյունից (իրավական առումով՝ միայն ԱԺ-ում ներկայացված ուժերը կարող են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ) կմիանան այդ նախագծին: Իհարկե, շատ լավ կլիներ, որ ՀԱԿ-ը նույնպես միանար: Բայց ցավոք, մի հարցի՝ ընտրական հանձնաժողովների ձեւավորման շուրջ կարծես չկա համաձայնություն: «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն ամբողջովին կուսակցական ձեւավորման սկզբունքի կողմնակից են, իսկ ՀԱԿ-ը՝ պրոֆեսիոնալ, պետության կողմից նշանակված հանձնաժողովականների: Մնացած առումներով կա դիրքորոշումների համընկնում, ուստի ավելի արդյունավետ եւ ամբողջական կլիներ, եթե ընդդիմադիր ողջ դաշտի կողմից ներկայացվեր նախագիծ»: Ընտրական օրենսդրության համաժողովի ընթացքում ԱԺ ընդդիմադիրները նշել էին, թե իրենց նախագծից առնվազն 55 կետ ընդգրկված է կոալիցիայի ներկայացրած նախագծում: «Եթե այդ կետերը վերաբերեին սկզբունքային հարցերի, որոնք մեծ նշանակություն ունեն ընտրական գործընթացի վրա՝ իհարկե, այդ դեպքում կողջունեինք նրանց քայլը,- այս առնչությամբ ասաց պրն Մարտիրոսյանը:- Բայց իրենք փոխառել  են այնպիսի դետալներ, որոնք չեն թողնի շատ մեծ ազդեցություն»:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն «Ընտրական օրենսգրքի» փոխհամաձայնեցված տարբերակի մասին ասել էր. «Հնարավո՞ր է կոնսենսուս, տեսականորեն՝ այո, գործնականորեն ես համարում եմ՝ դա շատ քիչ հավանական»: «Ժառանգության» պատգամավորը, սակայն, հիշեցրեց. «Չմոռանանք, որ ԵԽԽՎ 2008-ից հետո ընդունած բանաձեւերում միանշանակ նշվում է, որ նոր «Ընտրական օրենսգիրքը» պետք է լինի ընդդիմության հետ համատեղ աշխատանքի արդյունք: Դավիթ Հարությունյանն էլ նշեց, թե սա քարացած նախագիծ չէ, եւ իրենք նոր են սկսում աշխատանքը: Այնպես որ՝ եթե իշխանությունները գնան քաղաքական ճիշտ ուղղությամբ եւ փորձեն հասնել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի լայն կոնսենսուսի, պարզ կդառնա, թե այժմ որքա՞ն է նրանց քաղաքական կամքը՝ անցկացնելու ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ»:

:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել