Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻՆ»

Նոյեմբեր 30,2010 00:00

\"\"Հարցազրույց ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի հետ:

– Պարոն Փաշայան, ասում են՝ քաղաքականության եւ սպորտի նմանությունը նրանում է, որ երկուսի դեպքում էլ ելքը դժվար է կանխատեսել: Ի՞նչը Ձեզ դրդեց, որ սպորտից անցում կատարեք քաղաքականության:
– Համաձայն եմ Ձեզ հետ: Իսկապես, սպորտն ու քաղաքականությունը այդ իմաստով նման են իրար: Անկանխատեսելիությունը աշխատելու եւ պայքարելու մեծ խթան է առաջացնում: Բայց սպորտից քաղաքականություն անցնելն այնքան էլ հեշտ չէ, որովհետեւ դրանք թե կապակցված են, թե տարանջատված իրարից: Բայց կյանքը ցույց է տալիս, որ սպորտը նաեւ քաղաքականություն է եւ իր մեջ պարունակում է քաղաքականության շատ էլեմենտներ: Երբ արդյունքի ես հասնում սպորտում, դա իր մեջ, ամեն ինչից զատ, պարունակում է նաեւ քաղաքականություն: Ես հիշում եմ, երբ Սպարտակիադաներին մասնակցում էինք, մեզ թվում էր, թե պայքարում ենք միայն սպորտով, բայց պայքարը նաեւ ավելի շուտ քաղաքական բնույթ ուներ. ամեն երկիր ուզում էր ինքը դառնալ չեմպիոն, ու ամեն ինչ անում էր դրա համար: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու եմ մտնում քաղաքականություն. գիտե՞ք ինչ, ես այնպիսի մի բնավորություն ունեմ, որ չեմ բավարարվում ձեռք բերածով: Ես սպորտում բազմաթիվ հաջողությունների եմ հասել՝ միշտ բարձր պահելով մեր երկրի պատիվը: Ես հաղթողի հոգեբանություն ունեմ, ուստի փորձելու եմ հաղթանակներ արձանագրել նաեւ քաղաքականության մեջ:
– Ի՞նչ եք կարծում, քաղաքականության մեջ Ձեզ նույնպիսի՞ հաջողություններ են սպասում, ինչպես սպորտում:
– Սպորտում ես ինքս իմ տերն եմ, սպորտում ամենափոքր էլեմենտներից սկսած՝ ես լավ հասկանում եմ, իսկ քաղաքականությունը միայնակ մարդու գործ չէ, քաղաքականությունը շատ բարդ ոլորտ է: Եվ միայնակ չլինելն էր պատճառը, որ որոշեցի միանալ քաղաքական թիմին, որի հետ ավելի հեշտ է: Իսկ սպորտը այն հիմքն է, որը հնարավորություն կտա ինձ դրսեւորվել քաղաքականության մեջ: Քաղաքականությունից պետք է հասկանալ, պետք է մի քանի քայլ առաջ մտածել, ունենալ այդ կանխատեսումը, թե ինչ կարող է լինել հետո, քաղաքականությունը շախմատի նման բան է:
– Դուք ի՞նչ եք ուզում փոխել մեր երկրում, քաղաքականության մեջ:
– Ինչ էլ որ ասեմ, ինձ առաջնահերթ հետաքրքրում է ժողովուրդը, նրա ապրելակերպը, եւ իմ ցանկացած գործ, ցանկացած քայլ քաղաքականության մեջ պետք է, առաջին հերթին, ծառայի ժողովրդին: Ես շատ երկրներում եմ եղել, շատ բաներ եմ տեսել ու միշտ երազել եմ, որ գոնե կամաց-կամաց նմանվենք այն քաղաքակիրթ երկրներին, որոնց հետ շփվում ենք: Կարծում եմ, մեր երկիրը դանդաղ է առաջ ընթանում: Մենք թերությունների համար միշտ քննադատում ենք իշխանությանը, ընդդիմությանը, սրան, նրան, բայց համոզված եմ, որ յուրաքանչյուրս մեր մեղքի բաժինն ունենք: Եթե ամեն մեկս աշխատենք, պայքարի, մի լավ գործ անի, համոզված եմ՝ մեր երկիրը ավելի արագ կզարգանա, ավելի շատ նվաճումներ կունենանք:
– Իսկ ինչո՞ւ անդամագրվեցիք հենց «Օրինաց երկիր» կուսակցությանը:
– Պարզ ասեմ, «Օրինաց երկիր» կուսակցությունն ինձ համար ավելի հասկանալի է: Ես հավատում եմ Արթուր Բաղդասարյանին, ես հասկանում եմ «Օրինաց երկրին», որը կարողանում է ժողովրդին, որի մասնիկն էլ ես եմ, հասկացնել իր ծրագրերը, խնդիրները, մտքերը, որոնք կամաց-կամաց դառնում են իրականություն: Արթուր Բաղդասարյանը կարողանում է ճիշտ մոտեցումներ ցույց տալ, շատ խելացի բարեփոխումներ է իրականացնում, որն անգամ ամենահասարակ գյուղացին էլ կարողանում է հասկանալ: Նաեւ ազնվություն եւ պարզություն եմ տեսնում, որը ես շատ եմ սիրում, որի համար ես շատ եմ պայքարել: Ազնվություն եւ նվիրվածություն իր երկրին, իր հողին՝ ամենաառաջինը ես դա եմ գնահատում եւ ընդունում Արթուր Բաղդասարյանի մեջ: Այն ճանապարհը, այն փորձությունները, որի միջով անցել է «Օրինաց երկիրը» ու կարողացել է դիմակայել, ուրիշ ոչ ոքի երեւի չհաջողվեր: Այսինքն՝ Արթուր Բաղդասարյան առաջնորդը եւս օժտված է հաղթողի հոգեբանությամբ, աշխատելու ու պայքարելու անսպառ եռանդով: Ես հստակ ասում եմ՝ իմ տեսակին ու աշխարհընկալմանը «Օրինաց երկիր» կուսակցությունը շատ համահունչ է: Բարձր թող չհնչի, բայց շատ կուսակցություններ կցանկանային, որ ես իրենց կողքին լինեի, բայց իմ ընտրությունն արդեն կատարված է, եւ ես կուսակցության տարբեր աշխատանքներում, նախաձեռնումներում իմ մասնակցությունն ու ներդրումը կունենամ եւ ինձ հետ բազմաթիվ մարդիկ՝ իմ ընկերները, իմ համախոհները ողջ երկրում, դա՝ անկասկած:
– Որո՞նք են այն խնդիրները, որ կուզենայիք լուծել «Օրինաց երկիր» քաղաքական թիմի հետ:
– Խնդիրները բազմաթիվ են. դրանք թե սոցիալական են, թե տնտեսական եւ թե մշակութային: Բայց ես ուզում եմ «Օրինաց երկրի» հետ ապրեցնել իմ ժողովրդին, ուզում եմ նրանց բարվոք կյանքը տեսնել: Նաեւ ուզում եմ, որ մեր երկրից արտագաղթ չլինի: Իսկ գաղթն առաջանում է երկրում բազմաթիվ դժվարություններից: Ես շատերի հետ եմ շփվում ու գիտեմ նրանց տանը ինչ է կատարվում, ուզում եմ, որ այդ դժվարությունները պակասեն: Ես պաշտոն չեմ ուզում, չեմ հավակնում դրան, պարզապես ամեն ինչ անելու եմ, որ կուսակցության ծրագրերը կյանքի կոչվեն: Տեսեք, մինչ ՕԵԿ-ին անդամագրվելը ես ուսումնասիրում էի կուսակցության նախընտրական ծրագրերը ու զուգահեռներ անցկացնում կատարված գործերի հետ: Անկեղծ ասած, ես Արթուր Բաղդասարյանի կատարած վիթխարի աշխատանքներով տպավորված եմ: Հիմա էլ կա ասելիք, կա անելիք, ու ես պատրաստ եմ արդեն իմ կուսակիցների հետ շարունակել սկսած գործը: Մեր ամեն մի ժամը պետք է ծառայի մեր պետության զարգացմանը:
– Ձեր անունը ի՞նչ կարող է տալ «Օրինաց երկրին», 2012թ. խորհրդարանական ընտրություններին «Օրինաց երկիրը» ի՞նչ հավակնություններ կարող է ունենալ:
– «Օրինաց երկիրը» առաջ է գնում: Միանգամից ասեմ՝ մենք հաղթելու ենք ու ծանրակշիռ ներկայություն կունենանք ապագա խորհրդարանում: Իսկ ի՞նչ կարող եմ ես տալ. Դուք ճիշտ նկատեցիք, ես անուն ունեմ, ինձ հետ իմ ժողովուրդն է, եւ եթե ես քայլում եմ «Օրինաց երկրի» հետ, նրանք, վստահելով ու հավատալով ինձ, կուսակցության հանդեպ ունեցած իրենց հավատը կավելացնեն: Մի բան էլ կա, որ անպայման կցանկանայի նշել. ուզում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Արթուր Բաղդասարյանին շնորհակալություն հայտնել, քանի որ նրանք միասին են, քանի որ կարողանում են նստել սեղանի շուրջ եւ իրար հասկանալ, ճիշտ մոտեցում ցույց տալ, որից շահում է մեր ժողովուրդը: Ես սիրում եմ իմ երկիրը: Մեծ հնարավորություններ եմ ունեցել ապրելու այնպիսի երկրներում, որտեղ դժվարություններ չէի ունենա, բայց ես մնացել եմ իմ երկրում, իմ հողի վրա ու ցանկացած պարագայում, միեւնույն է, մնալու եմ Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել