Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՆԵՐԱԼԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՐԴԱՑԱ՞Վ

Նոյեմբեր 30,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով՝ երեկ առավոտյան 8.30-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է Էջմիածնի բնակիչ, 1955թ. ծնված Գեւորգ Այվազյանը՝ «Ճուտ Գեւորգ» մականունով: Հիշեցնենք, որ վերջինս Էջմիածնի հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 18-ին, ժամը 17:30-ի մատույցներում, գլխի հրազենային վնասվածքով: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնել): Գեւորգ Այվազյանն աշխատում էր գեներալ Մանվելի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ՍՊԸ-ում: Ըստ շրջանառվող լուրերի, «Արա եւ Այծեմնիկ» ՍՊԸ-ում Գեւորգը ֆինանսական հարցերով է զբաղվել եւ չարաշահումներ է թույլ տվել, ինչը հայտնաբերել է սեփականատերը, եւ Գեւորգը ինքնասպանության փորձ է արել:
Մեկ այլ վարկածի համաձայն, վիճաբանություն է եղել «Ճուտ Գեւորգի» եւ ընկերության ղեկավարների միջեւ, ինչ-որ հարցերի շուրջ նրանք այդպես էլ համաձայնության չեն եկել, մեծ վեճ է ծավալվել, եւ վիճաբանության ընթացքում կրակել են Գեւորգի վրա: Այս գործը մայրաքաղաքի իրավապահների քննության տիրույթում է, եւ չի բացառվում, որ այն ճակատագրական դառնա գեներալ Մանվել Գրիգորյանի համար, քանի որ «վերեւներից» իսկությունը բացահայտելու հրահանգ կա: Երեկ երեկոյան «Առավոտին» հայտնի դարձավ, որ օրերս գեներալ Մանվել Գրիգորյանը լքել է հանրապետությունը: Այդ տեղեկությունը ճշտել, սակայն, չհաջողվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել