Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՌԱՏՈ՞Ն ԷՐ, ԹԵ՞ ԴԻՏՈՒՄ

Նոյեմբեր 30,2010 00:00

Երեւանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր քննարկում՝ «Հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ թուրքական գործոնի ազդեցությունը այդ խնդրին» թեմայով:
Քննարկման մասնակիցներն էին լրագրողներ, փորձագետներ եւ քաղաքագետներ: Առավել բուռն քննարկում ընթացավ, երբ խոսք գնաց վերջերս ադրբեջանական ֆիլմերի, այսպես կոչված, փառատոնի տապալման մասին: Գրեթե բոլորն էին համակարծիք, որ նախ՝ այդ կարգի միջոցառման համար չափազանց մեծ էր «փառատոն» անվանումը, եւ երկրորդ՝ իզուր եւ անտեղի աղմուկ ստեղծվեց այդ միջադեպի շուրջ: ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանը իր անձնական կարծիքը հայտնեց այն մասին, թե ինչո՞ւ, օրինակ, ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման տվյալ միջոցառումը պետք չէր կոչել փառատոն. «Փառատոները լուրջ միջոցառումներ են, որոնք ենթադրում են բավականին լայն մասնակցություն, մինչդեռ այս մեկը այդպիսի միջոցառում չէր, այն կարելի էր կոչել հետաքրքրված խմբերի, անձանց ադրբեջանական ֆիլմերի դիտում: Ինձ թվում է՝ եթե հենց կազմակերպիչների կողմից աղմուկ չհանվեր, ամեն ինչ ավելի ճիշտ կընթանար: Այո, կան Հայաստանում մարդիկ, որոնք ուզում են դիտել ադրբեջանական ֆիլմեր, ուզում են քննարկել եւ այլն: Թող անեն, եւ եթե այդպիսի կառուցողական վերաբերմունք լիներ այդ կարգի նախաձեռնությանը, նախաձեռնությունը իր ճիշտ տեղը կդրվեր՝ որպես նորմալ երեւույթ: Մենք պիտի հասկանանք, թե որ ժամանակներում ենք ապրում, անկախ նրանից՝ մենք ուզում ենք, որ մարդիկ դիտեն ադրբեջանական ֆիլմեր, թե ոչ, այդ ֆիլմերը դիտելու հնարավորությունները բազմազան են եւ կախված չեն Գեորգի Վանյանից: Այն մարդը, որը ուզում է նայել, կնայի, այն մարդը, որը մասնագիտական հետաքրքրություններից ելնելով՝ պետք է նայի, կնայի: Ուրեմն եկեք հասկանանք՝ խնդրի կորիզը որտեղ է»:
ԵՄԱ-ի փորձագետ Հերիքնազ Հարությունյանն էլ նկատեց, որ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման շուրջ աղմուկն ավելի բարձր եղավ, քան այն, երբ «Ոսկե Ծիրանի» շրջանակներում առաջին մրցանակը Հայաստանում տրվեց թուրքական ֆիլմին, այն պատճառով, որ Վանյանը չբավարարվեց ֆիլմերի մասին խոսելով, այլ՝ մշակութային դաշտից տեղափոխվեց այլ՝ քաղաքական դաշտ: Խոսվեց նաեւ հանդուրժողականության թեմաների շուրջ, եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեղեկատվական եւ հասարակական-քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջեւ հանդուրժողականության մասին խոսողները չպետք է մոռանան, որ պատերազմը դեռ չի ավարտվել, եւ մենք մեր տղաներին ուղարկում ենք ոչ թե Շվեյցարիայի կամ Կանադայի բանակ, այլ հայրենիքը պաշտպանելու, եւ անգամ մեր հովիվները ամեն անգամ հոտն արածացնելու տանելիս վտանգի տակ են: Սեմինարի ընթացքում քննարկման թեմա էր նաեւ հայերի վիճակը ժամանակակից Թուրքիայում եւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել