Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովորել, սովորել, սովորել»

Նոյեմբեր 30,2010 00:00

ՀՀ առաջին նախագահի լենինյան պատգամը

Երեկ ՀՀՇ երիտթեւի նորընտիր խորհրդի ղեկավար է ընտրվել Բաբկեն Ուռուտյանը: Վերջինս ՀՀՇ Մարալիկի կառույցի ղեկավարն է, քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի որդին: Հիշեցնենք, որ այս աթոռը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ ՀՀՇ երիտթեւի ղեկավար Կարեն Կարապետյանը հրաժարական ներկայացրեց՝ չմեկնաբանելով պատճառները. ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը դա բացատրեց տարիքային ցենզով: Երեկ «Առավոտի» հետ զրույցում Կարեն Կարապետյանն իր հետնորդին շնորհավորանքներ հղեց:
«Մի կողմից՝ ուրախ եմ, որ այսպիսի ակտիվ, քաղաքականապես հասուն երիտասարդություն ունենք, բայց մյուս կողմից էլ՝ ցավ է պատճառում, որ մեր երիտասարդությունը, իր բուն խնդիրը թողած, ստիպված է զբաղվել քաղաքականությամբ: Կար պահ, ասեմ անկեղծորեն, ՀՀՇ երիտասարդական թեւն ավելի ակտիվ էր, քան մայր կուսակցությունը»,- կիրակի օրը ելույթ ունենալով ՀՀՇ երիտասարդական միության 12-րդ համաժողովում՝ ասաց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, երիտասարդության բուն խնդիրը պիտի լիներ գիտելիքներ եւ մասնագիտացում ձեռք բերելը, քանի որ առանց հիմնավոր կրթության, առանց լուրջ մասնագիտական գիտելիքների հնարավոր չէ առավելագույնս օգտագործել սեփական կարողությունները երկրին ու հայրենիքին, հասարակությանը ծառայելու համար: Առաջին նախագահը երիտասարդներին մաղթեց չմոռանալ գլխավոր խնդիրը՝ «կրթված, զարգացած, ինտելեկտուալ մասնագետներ դառնալ: Ես չեմ ների որեւէ մեկիդ, եթե ձեր մասնագիտական պատրաստությունը զոհեք քաղաքական խնդիրներին. ավելի լավ է, ասում եմ, զբաղվել գիտությամբ, կրթությամբ… Այս պահն է, իմացեք, մինչեւ երեսուն տարի ինչ ձեռք բերեցիք, ձեռք բերեցիք, երեսուն տարուց հետո մարդը ոչինչ չի ավելացնում գիտելիքների առումով: Չկորցնեք այս պահը»: Ի հեճուկս մյուս կուսակցական երիտթեւերի, Լեւոն Տեր-Պետրոսյանն այս կառույցը չի դիտարկում իբրեւ «կոմսոմոլ». «Այսօր կոալիցիոն բոլոր կուսակցությունները ունեն իրենց կոմսոմոլը, ունեն իրենց պիոներները, հոկտեմբերիկները, իրենց ԿԳԲ-ն: Էդ դպրոցը մենք անցել ենք: Եվ երեւի նախկին խորհրդային կամ սոցիալիստական ճամբարի ամենախայտառակ երեւույթը հենց այդ կոմսոմոլի երեւույթն էր, երբ պատրաստում էին կիսագրագետ, ֆանատիկ զոմբիներ, որոնք հետագայում պիտի դառնային սիստեմի հենարանը: Ի դեպ, եթե դուք նայեք Խորհրդային Միության պատմությանը, կուսակցության շարքերում կային ֆանատիկներ, բայց կային շատ զարգացած, լուրջ ինտելեկտուալ մարդիկ: Որովհետեւ նրանք դեռ ստացել էին ցարական կրթություն, այն ժամանակ մասնագիտություն էին ստացել: Կոմունիզմը վարակիչ գաղափար էր, շատերը վարակվել էին այդ գաղափարով, շատերը՝ անկեղծ: Բայց երբ որ եկան իշխանության, դա ստեղծեց պատեհություններ՝ նաեւ օգտվելով բարիքներից, ստեղծեց գայթակղություններ, սկսեցին թափանցել պատեհապաշտներ, գողեր, ավազակներ՝ ամեն տեսակ»: Գալով 60-80-ականներին՝ Տեր-Պետրոսյանը Խորհրդային Միության կադրերին «կիսագրագետ, գավառամիտ մի խաժամուժ» անվանեց: Գալով մեր օրերին էլ՝ երիտասարդներին խոստացավ. «Այո, մենք արմատական ընդդիմություն ենք, որովհետեւ չենք ընդունում այսօրվա Հայաստանի գործող ոչ լեգիտիմ իշխանություններին եւ այդպիսին լինելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք այդ խնդիրը ձեզ հետ միասին չենք լուծել: Մենք կաշխատենք այդ բեռը ձեր վրա չդնել, բեռի մեծագույն մասը՝ 99%-ը, կվերցնենք մեզ վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել