Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՉԽՆԱՅԵՑ ՈՉ ՄԵԿԻՆ

Նոյեմբեր 30,2010 00:00

\"\"Դաշնակցական հիստերիան եւ քոչարյանական թալանը՝ ըստ կոմունիստների

Երեկ՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 90-ամյակի օրը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը գումարեց իր 38-րդ համագումարը: Հայաստանի խորհրդայնացման առիթով ՀԿԿ անդամները նախ ծաղկեպսակ դրեցին Մյասնիկյանի արձանին, ապա շտապեցին կուսակցության համագումարին: Այն մեկնարկեց Խորհրդային Հայաստանի օրհներգի կատարմամբ, որի ներքո դահլիճ բերվեց կուսակցության դրոշը: ՀՀ պետական հիմնը կոմունիստների համագումարում չհնչեց: Համագումարին ներկա չէին այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, չէին հրավիրվել, քանի որ ՀԿԿ-ն իր համագումարը կուսակցական միջոցառում է համարում: Իր ելույթում Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հայտարարեց, որ Խորհրդային Հայաստանը «եղել եւ մնում է հայ ժողովրդի պատմության ոսկե դարը»: Նաեւ հավելեց. «Մինչեւ օրս ժողովուրդը չի մոռանում այդ տարիները եւ ամեն քայլափոխի հարցնում է մեզ, թե ե՞րբ եք գալու իշխանության եւ փրկեք մեզ անմարդկային ու դաժան կյանքից, որը մեզ 20 տարի դարձրել է մարդկային կերպարանքով ստրուկներ եւ մատնել դանդաղ մահվան»: Ուշագրավ էր Ռուբեն Թովմասյանի անդրադարձը 20-րդ դարասկզբի Հայաստանին. «Դաշնակցական կառավարության հիստերիկ ղեկավարման հետեւանքով երկիրը թաղվել էր խավարի մեջ. անգրագիտություն, որ կազմում էր 83 տոկոս, սով, աղքատություն, համաճարակներ, 1915թ. Մեծ եղեռնից մազապուրծ գաղթականներ, որբեր, մարդիկ փայտերով փորում էին մկների բները եւ հանում այնտեղից նրանց ձմեռային պաշարը, որպեսզի սնվեն: Օրական Երեւանի փողոցներից հավաքվում էր 65 դիակ, համանման վիճակ էր երկրի բոլոր մասերում: Խայտառակ պատերազմի եւ անկախության մատուցման, Բաթումի եւ Ալեքսանդրապոլի ազգակործան պայմանագրեր, որոնցով Հայաստանը ստանում է ընդամենը 9 հազար քառակուսի կիլոմետր ամայացած տարածք»: Ընկեր Թովմասյանն ակնածանքով նկարագրեց, թե ինչպես 1920-ի նոյեմբերի 29-ին հայ ժողովուրդը բոլշեւիկների ղեկավարությամբ ոտքի ելավ եւ տապալեց «դաշնակցական կառավարության բախտախնդիրներին»:
Ռուբեն Թովմասյանի՝ մեկ ժամից ավելի տեւած ելույթն ընդգրկում էր ոչ միայն անցյալի, այլեւ ներկայիս քաղաքական, տնտեսական, սոցիալական վիճակների նկարագրությունը: Քննադատության առյուծի բաժինը հասավ ՀՀ երկրորդ նախագահին. «Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր կառավարման 10 տարիների ընթացքում դիզեց միլիոններ եւ դեռ ուզում է գալ իշխանության, իսկ դա կլինի մեր երկրի ողբերգության սկիզբը»: Անդրադառնալով «վայրի սեփականաշնորհմանը»՝ նա ասաց, որ կապիտալիզմի վերաճումը Հայաստանում գնալով կրում է վայրագ դրսեւորումներ եւ առավել ագրեսիվ է դառնում, բայց՝ «հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, ժողովրդից գողացվածը պետք է վերադարձվի ժողովրդին»: Նրա գնահատմամբ, երկրի անգրագետ ղեկավարման հետեւանքով կրճատվել են տնտեսության բոլոր ճյուղերը, անտանելի է դարձել գյուղի աշխատավորի կյանքը, իսկ կաշառակերությունն ու կոռուպցիան ծաղկում են: Սերժ Սարգսյանը քննադատվեց նաեւ մարտիմեկյան իրադարձությունների համատեքստում. «Հակաժողովրդական իշխանությունների գործելակերպի եւ վայրագության ապացույց էին նաեւ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, երբ ժողովրդի խաղաղ ցույցերը դաժանորեն ճնշվեցին: Գնդակահարվեց 10 մարդ, բանտերը լցվեցին բավական թվով մարդկանցով: ՀԿԿ-ն առաջինը հանդես եկավ հայտարարությամբ, դատապարտեց հակաժողովրդական իշխանությունների գործունեությունը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել հետապնդումները եւ ազատ արձակել կալանավորվածներին»: Ընկեր Թովմասյանը հիացած չէ ՀԱԿ-ի եւ ՀՀ առաջին նախագահի գործունեությամբ էլ, սակայն երեկ նրանց խնայեց՝ ավելի պակաս քննադատելով: «Մենք հասկանում ենք, որ իշխանությունների կողմից հակակոմունիզմը պետք է ավելի աճի: Մենք պարտավոր ենք ոչ միայն դիմակայել դրան, այլեւ համառ պայքար մղել այդ երեւույթների դեմ: Կոմունիստները կոչված են լուծելու պատմական խնդիր, կազմակերպելու ժողովրդական մասսաների պայքարը մեկ ընդհանուր հայրենիքի փոփոխության համար»,- եզրափակեց ընկեր Թովմասյանը՝ կոչ անելով համախմբվել, երիտասարդներին ներգրավել կուսակցական աշխատանքում եւ սոցիալիզմի հաղթանակով վերադարձնել իշխանությունը Կոմկուսին ու ժողովրդին:
Համագումարը երեկ երրորդ անգամ անընդմեջ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար վերընտրեց Ռուբեն Թովմասյանին: Երկրորդ քարտուղար Ֆրունզե Խառատյանի ինքնաբացարկի արդյունքում քաղկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանն ընտրվեց ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար, Երջանիկ Ղազարյանը՝ կոմսոմոլի առաջին եւ կենտկոմի երրորդ քարտուղար: Համագումարը նաեւ հանձնարարեց նորընտիր կենտրոնական կոմիտեին քննարկել Վազգեն Սաֆարյանի ղեկավարած Միացյալ կոմկուսի առաջարկը՝ կուսակցությունների վերամիավորման մասին: Հիշեցնենք, որ վերջինս կոմկուսից՝ ՀԿԿ-ից հեռացավ եւ նոր կուսակցություն ստեղծեց ավելի քան 10 տարի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել