Լրահոս
Օրվա լրահոսը

WIKILEAKS-Ը ՀԱՍԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Նոյեմբեր 30,2010 00:00

Պարզվում է՝ Հայաստանը դարձել է Իրանին եւ Իրաքին զենք մատակարարող տրանզիտ երկիր

Wikileaks սկանդալային կայքը, որը մասնագիտացել է ամերիկյան վարչակազմի գերգաղտնի նյութերը գաղտնազերծելու՝ դրանք հրապարակելու ուղղությամբ, կիրակի երեկոյան հրապարակել է տարբեր աստիճանի գաղտնիության ավելի քան 250 հազար փաստաթուղթ, որոնք գլխավորապես վերաբերում են Վաշինգտոնի հետ ամերիկյան դիվանագիտական առաքելությունների նամակագրություններին: Հիշյալ փաստաթղթերն արդեն սկսել են հրապարակել նաեւ աշխարհի հինգ երկրների առաջատար թերթերն ու պարբերականները՝ Der Spiegel, The Guardian, The New York Times, Le Monde եւ El Pais: Հրապարակված փաստաթղթերում կան նաեւ հայաստանցիներիս համար շատ ուշագրավ՝ ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող նյութեր: Ընդհանուր առմամբ, Հայաստանին վերաբերող փաստաթղթերը 14-ն են: The Guardian-ը երեկ հրապարակել է մասնավորապես 2008թ. դեկտեմբերի 24-ին ԱՄՆ փոխպետքարտուղար Նեգրոպոնտեի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված եւ բավական կտրուկ ձեւակերպումներով շարադրված նամակը, որում ԱՄՆ պաշտոնատար անձինք սպառնում են պատժամիջոցներ կիրառել, եթե Հայաստանի կառավարությունը չդադարեցնի իր տարածքով զենքի առաքումներն Իրան, ինչը, ամերիկյան կողմի մատուցմամբ, Իրաքում ամերիկյան զինվորների մահվան պատճառ է դարձել: News.am-ը ներկայացրել է այս նամակի հայերեն թարգմանությունը: Ըստ այդմ, ԱՄՆ փոխպետքարտուղար Նեգրոպոնտեի՝ ՀՀ ղեկավարին գրած նամակում, մասնավորապես ասված է, թե ԱՄՆ-ն գնահատում է ՀՀ կառավարության հետ դրական հարաբերությունները, քանի որ ուսումնասիրում է ընդհանուր շահերի ներկապնակը, հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը եւ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը. «Միեւնույն ժամանակ մենք լրջորեն անհանգստացած ենք զենքի վերաարտահանման, ըստ էության, մահացու դեպքով: Մենք՝ ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, պետքարտուղարի օգնական Ֆրիդը, պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան եւ դեսպան Մարի Յովանովիչը, հայտնում ենք ձեզ մեր խորը մտահոգությունը Հայաստանի կողմից Իրանին սպառազինությունների հանձնման կապակցությամբ, որի արդյունքում Իրաքում զոհվել եւ վնասվածքներ են ստացել ԱՄՆ զինվորներ: Չնայած մեր երկրների միջեւ սերտ հարաբերություններին, ո՛չ վարչակազմը, ո՛չ Կոնգրեսը չեն կարող չնկատելու տալ դա: Ըստ օրենքի, նման զենքի հանձնումը պահանջում է մեզնից քննարկել, թե կա՞ն արդյոք հիմքեր ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների համար: Եթե պատժամիջոցներ մտցվեն, պատիժը կարող է ներառել ԱՄՆ օգնության դադարեցում եւ արտահանման որոշ սահմանափակումներ: Նման պատժամիջոցներից խուսափելու համար կարեւոր է, որ դուք համոզիչ ապացույցներ ներկայացնեք, որ ձեր կառավարությունը ներկայումս որպես գործընկեր համագործակցում է մեզ հետ՝ երաշխավորելու, որ նման առաքումներն ապագայում չեն կրկնվի»,- ասված է եղել նամակում: Ընդ որում, որպես այդ դեպքերի կրկնությունը կանխելու եւ Հայաստանը զենքի առաքման աղբյուր չդարձնելու հավաստիացում՝ ԱՄՆ-ն առաջարկել է համապատասխան «գրավոր համաձայնության հասնել Հայաստանի հետ»: Համաձայնությունը հիմնականում վերաբերել է Հայաստանի սահմանը հատող բեռների նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը:
Ջոն Նեգրոպոնտեի սույն նամակին կցված է եղել նաեւ տեղեկանք, որում ասված է. «2003թ. Հայաստանը նպաստել է Իրանի կողմից հրթիռներ եւ գնդացիրներ ձեռք բերելուն: 2007թ. այդ սպառազինությունների մի մասը օգտագործվել է Իրաքում շիաների երկու հարձակումների ընթացքում: Այդ ժամանակ զոհվել է ԱՄՆ մեկ զինվոր, եւս 6-ը վիրավորվել է: Պետքարտուղարը խնդիրները քննարկել է նախագահ Սարգսյանի հետ՝ ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի կուլիսներում, բայց նա հերքել է, որ նման բան է եղել: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական մասնակցությունը եւ ԱՄՆ ուժերի դեմ այդ զենքի օգտագործումն այս ունիկալ դեպքը բավական մտահոգիչ են դարձնում»: Քարտուղարի տեղակալը գրել է նաեւ, թե խումբ է ուղարկվելու Հայաստան՝ գրավոր համաձայնության հասնելու, նաեւ ՀՀ իշխանություններին լրացուցիչ տեղեկություններ հայտնելու համար, «որոնք կհստակեցնեն, թե ինչու է ԱՄՆ-ն վստահ, որ զենքի փոխանցումը եղել է, եւ նախագահ Սարգսյանի հերքումներն անիմաստ կդարձնեն»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանը հրաժարվել է մեկնաբանել կայքում Հայաստանին առնչվող գաղտնազերծումները. «Ես ձեռնպահ եմ մնում այլ երկրի ներքին գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ մեկնաբանություններից»: Փոխարենը երեկ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը. «Մենք չենք կարող լրատվամիջոցներին տրամադրված փաստաթղթերի իսկության մասին որեւէ բան ասել, սակայն կարող ենք խոսել դիվանագիտական պրակտիկայում հեռագրերի կիրառման մասին: Հեռագրերում ներկայացվում են ներքին ամենօրյա վերլուծություններն ու անկեղծ գնահատականները, որոնց հիման վրա իրականացվում են պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ քննարկումները: Այս հեռագրերը հաճախ արտաքին քաղաքականության նախնական ու ոչ ամբողջական պատկերն են ներկայացնում եւ առանձին վերցրած չեն կարող համարվել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ներկայացնող փաստաթուղթ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել