Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԸ ԱՐՄԱՎԻՐ Է ՀԱՍԵԼ

Նոյեմբեր 27,2010 00:00

Մարզպետը մի բան է ասում,  գյուղնախարարությունը՝ մեկ այլ բան

Արմավիրի խոզերն էլ ժանտախտից զերծ չմնացին: Մարզում աֆրիկյան ժանտախտով հիվանդ 58 գլուխ խոզ կա: «Առավոտի» հետ զրույցում սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության կենդանիների հիվանդությունների հսկողության եւ վերլուծությունների բաժնի պետ Հովիկ Մկրտչյանն ասաց, որ վարակը շատ տարածված է հատկապես Արմավիրի 4 համայնքներում՝ Լեռնագոգ, Լեռնամերձ, Բագարան եւ Պտղունք: Պարոն Մկրտչյանը նկատեց, որ եթե սկզբնական շրջանում ժանտախտը մեծ թափով «գրոհում» էր, հիմա որոշակիորեն դանդաղում է. «Թու-թու, ժամանակավոր կանգ ենք նկատել, բայց այս հիվանդությունը վերանալ չունի, սիրում է սյուրպրիզներ անել: Այս հիվանդությունը տարածված է անտառամերձ բնակավայրերոււմ. հիվանդության շատ դեպքեր ենք գրանցել հատկապես Տավուշում ու Լոռիում»: Լոռիում, Տավուշում, Շիրակում, Սյունիքում եւ Գեղարքունիքում աֆրիկյան ժանտախտի տարածման մասին «Առավոտը» գրում է 2009-ից: (06.03.2010՝ «Հիմա էլ դասական ժանտախտ», 23.03. 2010՝ «Ժանտախտը չի նահանջում», 27.03.2010՝ «Ժանտախտը հասավ Լոռի», 30.04.2010՝ «Ժանտախտը հասավ Իջեւան», 07.05.2010՝ «Փոթորիկն ու ժանտախտը գյուղը կկործանեն», 25.05.2010՝ «Ժանտախտ եւ բրուցելոզ Գեղարքունիքում», 09.06.2010՝ «Ժանտախտի դեպքերն ավելացել են», 28.07.2010՝ «Խդրանցիները սպասում են փոխհատուցման» եւ այլն):
Երեք տարի առաջ Վրաստանից ներխուժած այս հիվանդությունը հիմնականում անասնակերի միջոցով է կենդանիներին վարակում, դրա համար, ըստ պարոն Մկրտչյանի, անցակետերում խիստ վերահսկողություն է սահմանված. «Հարեւան պետությունից եկած ե՛ւ կերերը, ե՛ւ կենդանական ծագման միսը լուրջ փորձաքննության ենք ենթարկում»: ՀՀ գյուղնախարարությունը գյուղացիներին եւս մեկ անգամ հիշեցնում է՝ խուսափել պատահական կերերից: Իսկ նրանք, ովքեր դեռ, սովորության համաձայն, խոհանոցային մթերքի մնացուկներն ափսոսում են թափել ու խոզերին են տալիս, պարոն Մկրտչյանը զգուշացնում է. «Ցանկալի չէ, բայց եթե այլ տարբերակ չկա, ուրեմն խոզերին տալուց առաջ նվազագույնը մեկ ժամ հարկավոր է եռացնել: Կենդանիներին պահեք փակ տարածքում՝ հնարավոր շփումներից զերծ»: Նա խոզ պահող ընտանիքներին հորդորեց՝ ավելի լավ է ընտանիքից միայն մեկը խոզերին կերակրի ու խնամի, ներս ու դուրս անելիս էլ արտահագուստն արագ փոխի ու պահպանի հիգիենայի կանոնները. «Խուսափեք նոր կենդանիներ ձեռք բերելուց եւ համայնքի անասնաբույժին հաճախակի այցելեք՝ խորհրդատվության»:
Իսկ ահա Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, թե անհանգստանալու առիթ չունեն, մարզի խոզերը ժանտախտով չեն հիվանդանում. «Մեզ մոտ միայն աֆրիկյան ժանտախտի 3-4 դեպք կա, վիճակը վերահսկելի է, ոչ մի վտանգ էլ չկա»: Գյուղնախարարությո՞ւնն է մարզից անտեղյակ, թե՞  մարզպետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել