ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ կապված մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում գտնվող «Վիշապի կոթողներ» այգում կատարվող ապօրինի շինարարության, ծառահատումների եւ ուրարտական դարաշրջանի 4000-ամյա քարե կոթողների ոչնչացման հետ: Տարածքից 1800 քմ մակերեսի նկատմամբ ինչ-որ անձի տրվել է սեփականության իրավունք: ՀՀ բնապահպանության նախարարի եւ մի խումբ պատգամավորների միջամտությամբ գործընթացը դադարեցվել է՝ մինչ ներկայացված նախագծերի փորձաքննության անցկացումը:
Պաշտպանը դատախազին հարցնում է. ովքե՞ր են պատասխանատու պետական սեփականություն հանդիսացող այդ տարածքներում գտնվող հուշարձանների զբաղեցրած ու առանձնացված հողամասերի օտարման համար եւ ովքե՞ր են տվյալ տարածքում տվել եւ համաձայնեցրել շինարարություն իրականացնելու համար քաղաքաշինական փաստաթղթերը (ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինարարության թույլտվություն, նախագիծ):
Պաշտպանն առաջարկում է քննարկել պետական շահերի պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու հարցը, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել մեղավոր անձանց պատասխանատվության (ներառյալ քրեական) ենթարկելու համար: