Էդուարդ Օրդյանը ճանաչված տնտեսագետ-գիտնական է, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ավելի քան 230 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 20 գրքերի հեղինակ:
«Ինքնության ճանապարհ» գիրքը, որի շնորհանդեսը օրերս տեղի ունեցավ Գրողների միությունում, հեղինակի բազմամյա մտորումների արդյունքն է:
Ժանրային առումով այն առաջին հերթին կենսապատում է, կենսամատենագրություն, հուշագրություն, որտեղ ներկայացվում է հեղինակի կյանքի ուղին, տրվում նրա ուսման, աշխատանքային ու հասարակական գործունեության նկարագիրը, ներկայացվում ծննդավայրը, տոհմածառն ու գերդաստանը: Գրքում ներկայացված են բազմաժանր ստեղծագործություններ՝ լիրիկական ոտանավորներ, բալլադներ, ձոներ, քառյակներ, ընկերական շարժեր, երգեր, մանկական եւ խոհական ոտանավորներ, ակրոստիքոսներ եւ այլն: Դրանք հեղինակի ավելի քան 50 տարիների ստեղծագործությունների հատընտիրն են:
Գիրքն ունի նաեւ հրապարակախոսական ուղղվածություն: Այդ մասին են վկայում հեղինակի վերլուծություններն ու դատողությունները տարածքային զարգացման, միջնակարգ, բուհական եւ հետբուհական կրթության, գիտության, տնտեսական բարեփոխումների, հասարակական գործունեության եւ այլ բնագավառների վերաբերյալ:
Իսկ խոհափիլիսոփայական առումով առանձնապես արժեքավոր է գրքի հինգերորդ մասը: Այստեղ հեղինակն իր խորհրդածություններն է արտահայտում համամարդկային այնպիսի արժեքների վերաբերյալ, ինչպիսիք են՝ ճշմարտությունը, կյանքի իմաստը, երջանկությունը, սերը, հայրենասիրությունը, արդարամտությունը, աշխատասիրությունը, պարտականությունների կատարումը, հաստատակամությունը, ներողամտությունը, լավատեսությունը եւ այլն:
Այս խորհրդատվություններն, ըստ էության, հեղինակի կյանքի դասերն են, որոնք ունեն ինչպես ճանաչողական, այնպես էլ խիստ դաստիարակչական նշանակություն: Հեղինակն այդ առումով համեստորեն նշում է. «Ես ուրախ ու բավարարված կզգամ, եթե ինքնությանս դասերն օգտակար լինեն իմ ժառանգներին»: Դրանք կարող են իրենց նպաստը բերել նաեւ մեր մատաղ սերնդի դաստիարակմանը:
Էդուարդ Օրդյանի «Ինքնության ճանապարհ» գիրքը շարադրված է գեղարվեստական անպաճույճ ոճով, դյուրըմբռնելի եւ պատկերավոր լեզվով, պարունակում է սրտամոտ գաղափարներ, որոնք կարող են հետաքրքիր լինել յուրաքանչյուր մարդու ու մտավորականի համար: