Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Նոյեմբեր 27,2010 00:00

\"\"Հայ մարզուհին առավել քան վստահ հաղթանակ տարավ՝ ասես, խաղալով մրցակիցների հետ, եւ մեր երկրի հաշվարկում ավելացրեց եւս երեք ոսկե մեդալ:

Հռիփսիմեի հաղթանակին Հայաստանում ոչ ոք չէր կասկածում: Պարզապես  սրտատրոփ սպասում էինք այն պահին, թե երբ նա պաշտոնապես կարձանագրի իր նոր տիտղոսը: Ու Հռիփսիմեն դա արեց վստահ ու գեղեցիկ՝ առանց լուրջ դիմադրության հանդիպելու: Նրա նախնական պատվերը երկամարտում 250 կիլոգրամ էր, իսկ ամենամոտակա մրցակցինը՝ 15 կգ-ով պակաս: Այնքան մեծ էր հայ մարզուհու առավելությունը, որ նա երկու վարժություններում էլ մրցահարթակ մտավ միայն այն ժամանակ, երբ բոլորն արդեն սպառել էին իրենց առավելագույն կարողությունները:
Սովորաբար ծանրորդները, որքան էլ ուժեղ լինեն, առաջին մոտեցումները, հնարավոր անակնկալներից զերծ մնալու նպատակով, սկսում են նախնական պատվերից պակաս քաշերի մոտենալով: Իսկ Կիպրոսում Հռիփսիմեն հակառակն արեց: Պոկումի առաջին իսկ մոտեցմամբ բարձրացնելով 103 կիլոգրամը (նախապես պատվիրված էր 100 կգ)՝ նա միանգամից նվաճեց փոքր ոսկին, սակայն երկրորդ վարժությունում ավելի վստահ զգալու համար սանձելով նաեւ 110 կգ-ն՝ հրաժարվեց վերջին փորձից:
Հրում վարժությունը ճիշտ եւ ճիշտ նախորդի կրկնությունն էր: 23 տարեկանների խմբում պայքարը մյուս մարզուհիների միջեւ ավարտվել էր հունգարուհի Կրիշտինա Մագատի առավելությամբ՝ 120 կգ: Մինչդեռ Խուրշուդյանի պատվիրած նախնական քաշը 130 կգ էր: Բայց այս անգամ էլ հայ մարզուհին այն ավելացրեց եւս երկու կիլոգրամով ու միանգամից վերջակետ դրեց չեմպիոնության համար պայքարին՝ կիլոգրամների զգալի առավելությամբ: Նա կարող էր այս անգամ էլ հրաժարվել մնացած երկու մոտեցումներից, սակայն, հավանաբար, պատվիրած 250 կգ-ն լրացնելու նպատակով պատվիրեց 140 կգ: Արդեն չեմպիոնի կարգավիճակում երկրորդ մոտեցումը չստացվեց, սակայն ապարանցու համառության շնորհիվ երրորդ մոտեցմամբ ծանրաձողն անշարժացավ նրա գլխավերեւում, եւ Հռիփսիմե Խուրշուդյանը արծաթե մեդալ նվաճած Կրիշտինա Մագատի նկատմամբ 31 կիլոգրամ առավելությամբ նվաճեց +75 կգ քաշային կարգում Եվրոպայի 23 տարեկանների չեմպիոնի կոչումը:
Այսպիսով, Լիմասոլում Հայաստանն ունի արդեն երկու չեմպիոն եւ վեց ոսկե մեդալ: Սակայն պայքարը դեռ չէր ավարտվել: Երեկոյան լավ լուրերի էինք սպասում նաեւ 85 կգ քաշային Արամ Անդրիկյանի (23 տարեկաններ) մրցելույթից: Սակայն Արամը լիովին հուսախաբ արեց բոլորիս՝ կրկնելով Սմբատ Մարգարյանի՝ երեք օր առաջվա տխուր պատմությունը:
Արամը, որ մեկնարկից առաջ մրցանակային տեղի հավակնորդ էր եւ ըստ էության ի վիճակի էր պայքարել անգամ առաջին տեղի համար, նույնպես ձախողվեց: Արդեն միանշանակ կարելի է արձանագրել, որ Անդրիկյանը պատասխանատու մրցումներում պայքարին հոգեբանորեն պատրաստ լինելու խնդիրներ ունի: Ու դա զգացվել է ավելի վաղ՝ տարբեր մրցումներում: Եթե ծանրորդը ֆիզիկական ուժով ու տեխնիկապես պատրաստ չլիներ, մարզիչները հաստատ ոչ մի պարագայում հենց այնպես երկամարտի նախնական 365 (165+200) կիլոգրամ չէին հայտավորի: Արամը պոկում վարժության երեք մոտեցումներից միայն մեկն արդյունավետ կատարեց, այն էլ նախնականից 12 կգ պակաս: Թվում էր, որ կորցրածը նա ետ կբերի հրումում ու, անգամ առաջին վարժությունում չորրորդ ցուցանիշն ունենալով, այնուամենայնիվ, կպայքարի մեդալներից մեկի (եթե չասենք՝ ոսկե) համար: Բայց կատարվեց անսպասելին: Հրումում էլ նրա առաջին մոտեցման համար նախապես հայտարարագրած 200 կիլոգրամը իջեցվեց 192-ի: Սակայն այդ քաշը եւս երեկ մեր ծանրորդի համար հասանելի չեղավ: Եվ երեք անհաջող մոտեցումներից հետո նա զրո միավորով մրցահարթակը թողեց գլխիկոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել