Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Նոյեմբեր 27,2010 00:00

Օրերս «Ակադեմիա» ցուցասրահում «Վիրտուալ իրականություն» խորագրով ցուցահանդես էր բացվել՝ նվիրված Թորոս Ռոսլինին: Ներկայացված բոլոր աշխատանքները «Ռոսլին» արվեստի ինստիտուտի ուսանողներինն էին: Ստեղծագործող երիտասարդները անմասն չեն այսօրվա մտահոգիչ խնդիրների պատկերումից, սեփական ուժերով, երեւակայությամբ, կոմպոզիցիոն համադրություններով եւ հակադրություններով հանրությանը ներկայացնելու, ինքնադրսեւորվելու արվեստի մղումներից: Կոնցեպտուալ հնարքներով իրենց ասելիքը, ապրումն ու խոհը այցելուներին փոխանցելու համար օգտագործված նյութը՝ գործածությունից դուրս, ոչ պիտանի թափոններ են: Սրանցով է ստեղծվել տպավորիչ եւ խոսուն գործերի մի ողջ հիանալի հավաքածու՝ բազմաթեմա, խայտաբղետ: Ցուցասրահի մուտքի մոտ, փողոցում տեղադրված «Հուշարձան աղբին» աշխատանքը անտարբեր չէր թողնում անցորդներին. «Սա մեր կյանքն է, թող տեսնեն, որ մաքուր պահենք մեր քաղաքը, բակերը, փողոցները»: Թերթում եմ տպավորությունների գիրքը բազմաթիվ կարծիքներով, շնորհավորանքներով: Ձեր ընտանիքներում նկարիչներ, քանդակագործներ կա՞ն՝ հարցնում եմ հավանածս գործերը ստեղծած երիտասարդներին, զգալով գրագետ, ծավալային լուծումները, ճաշակը, կոնստրուկտիվ երեւակայության արդյունքը: Ոչ՝ գրեթե միաժամանակ լսվում է պատասխանը:
Որպես մշակութաբան ներկա գտնվելով այս ցուցահանդեսի ամփոփիչ քննարկմանը, լրջմիտ առաջարկներով ու վերլուծություններով, համոզվեցի, որ արվեստագետ-հանրություն կապը, փոխհարաբերություններն այսօր առավել անհրաժեշտ են, իսկ վիրտուալ բառի իմաստը ընկալելի նաեւ բառարանային թարգմանությամբ՝ գործուն, հնարավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել