Մայրս՝ Թամարա Տեր-Սիմոնյանը, երկար տարիներ փնտրեց եղբորը՝ Ռաֆայելին, ձեռքում ունենալով նրա վերջին նամակը՝ Լենինգրադից, որտեղ մորեղբայրս գրում էր, թե քաղցած է, մարմինը այտուցված, գուլպաներ էր խնդրում: Մորս բազմաթիվ նամակներին պատասխան եկավ (25.08. 75թ.), թե «Շարքային Ռաֆիկ Մկրտչի Սիմոնյանը, նույն ինքը՝ Ռաֆայել Տեր-Սիմոնյանը, մահացել է 1942թ. փետրվարի 22-ին եւ այժմ թաղված է Լենինգրադի մարզի Սասնովկա գերեզմանոցում»: Նամակն էլ ստորագրված էր Ձերժինսկու շրջանային զինկոմիսարիատի գնդապետ Յուրեւիչի կողմից: Մայրս մեծ դժվարությամբ մեկնեց Լենինգրադ, գտավ քեռուս գերզմանը, այնտեղ կանգնեցված հուշաքարը, որտեղ բոլորի անունների թվում նաեւ եղբոր անուն- ազգանուն-հայրանունն էր: Հետագայում մայրս, որ կիսագրագետ կին էր, իմ օգնությամբ դիմեց ՀՀ ղեկավարներին՝ խնդրանքով, որ զոհվածների երեւանյան հուշաքարի վրա ավելացվի նաեւ Լենինգրադի բլոկադայի ժամանակ զոհված Ռաֆիկ Տեր-Սիմոնյանի անուն-ազգանունը: Մինչեւ հիմա արձագանք չենք ստացել: Բարի մարդիկ, խնդրում եմ վերականգնեք արդարությունը: