Լրահոս
Օրվա լրահոսը

Պաստեռնակը՝ հայերեն

Նոյեմբեր 27,2010 00:00

\"\"Օրերս Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ ռուս բանաստեղծ Բորիս Պաստեռնակի ծննդյան 120-ամյակին նվիրված երեկո: Միջոցառման ընթացքում ընթերցվեցին Բ. Պաստեռնակի բանաստեղծությունները՝ բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի թարգմանությամբ: Միջոցառումը վարում էր Սարգիս Նաջարյանը: Բեմում էին դերասաններ Արթուր Ութմազյանը, Աշոտ Ադամյանը եւ այլք:
Ընթերցումները ընդմիջվեցին դասական երաժշտությամբ: Հնչեց Մոցարտ, Շոպեն՝ դաշնակահարուհիներ, «Արամ Խաչատրյան» տրիոյի անդամ Արմինե Գրիգորյանի եւ մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր Սոնա Բարսեղյանի կատարմամբ: Հանդիսականի համակրանքին արժանացավ հատկապես շոպենյան ստեղծագործության մեկնաբանումը Ա. Գրիգորյանի կողմից՝ առանձնահատուկ շունչ հաղորդելով երեկոյին:
Շոպենը, ի դեպ, Բ. Պաստեռնակի թերեւս ամենասիրելի կոմպոզիտորներից մեկն է եղել: Պաստեռնակյան ընթերցումները երբեմն միատոն էին եւ տեղ-տեղ ձանձրալի:
«Բորիս Պաստեռնակը ինձ համար առեղծվածային բանաստեղծ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հ. Թամրազյանն ու հավելեց, որ նրա ստեղծագործություններն ունեն անընդհատ բացահայտումների, վերծանությունների եւ մեկնաբանությունների կարիք, ինչն էլ փորձել է անել իր նոր ժողովածուում: Ժողովածուն լույս է ընծայվել բոլորովին վերջերս՝ «Նաիրի» հրատարակչության կողմից: Զրուցակիցս փաստեց նաեւ, որ Բ. Պաստեռնակի բանաստեղծությունները հայերեն գրեթե չեն թարգմանվել. «Պաստեռնակ սկսել եմ թարգմանել դեռ 1980-ականներից: Կարելի է ասել, Պաստեռնակը, չթարգմանված բանաստեղծ է: Մի քանի փորձ է եղել, եւ վերջ»: Պաստեռնակի ստեղծագործությունները հայերեն թարգմանել են Գեւորգ Էմինը, Վահագն Կարենցը, Սուրեն Խաչատրյանը:
Խոսելով իր նոր ժողովածուի մասին, Հ. Թամրազյանը ասաց նաեւ, որ բավականին հետաքրքիր է ստացվել դրա գեղարվեստական ձեւավորումը: Այն կատարել է նկարիչ Արտակ Բաղդասարյանը:
Հարցին՝ հաջողվել է թարգմանության ընթացքում պահպանել ռուս բանաստեղծի շունչը եւ արդյո՞ք չի կորել բանաստեղծությունների իրական համն ու հոտը, Հ. Թամրազյանը պատասխանեց. «Փորձել եմ ամեն ինչ անել հնարավորությունների սահմանում, ունենալ գոնե մի քանի բանաստեղծությունների հայերեն համարժեքը: Թե ինչքան է հաջողվել, թողնում եմ ընթերցողի դատին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել