Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԺՎԺԻԿԻ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ

Նոյեմբեր 27,2010 00:00

«Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանը այս կարծիքին է մերօրյա հովանավորների մասին:

\"\"

Այսօր ով հետեւում է ազգային ծեսերին ու ավանդույթներին, շարունակում ազգային երգն ու պարը, շատերի աչքին հետամնաց է: «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանը, սակայն, այլ կարծիքի է, նա հակառակն է կոչ անում: Ա. Մանուկյանը ոչ միայն մասնագիտական կրթություն է ստացել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, այնուհետեւ կրթությունը շարունակել է Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, ձեռնադրվել սարկավագ: Ծառայել է Թալինում, Օշականում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, իսկ Երեւան տեղափոխվելուց հետո մինչ օրս Արարատյան հայրապետական թեմում է:
– Ձեր բուռն գործունեության շրջանը: Ե՞րբ ստեղծվեց «Սասուն» ազգային երգի – պարի համույթը:
– «Սասուն»-ը ստեղծել եմ 1988թ.-ին՝ Ճարտարապետական համալսարանում ծավալած իմ գործունեությանը զուգահեռ: Խմբեր եմ ունեցել նաեւ Օշականում («Օշական» խումբը, որին անդամ էին 150 երեխա), Աշտարակում («Անդրանիկ»՝ 60 երեխա), որին զուգահեռ «Սասուն»-ը եւ՛ երեխաների, եւ՛ մեծահասակների համար: 2003 թ-ին երբ տեղափոխվեցի Երեւան, առաջացան խնդիրներ, այդ թվում նաեւ ֆինանսական, արդյունքում խումբը կիսով չափ լուծարվեց (այդ տարիներին շատ ազգային խմբեր լուծարվեցին, որն էլ շատ վատ անդրադարձավ ազգայինի պահպանման հարցում), սակայն, փառք Աստծո, կրկին փոքրիկների խումբը վերականգնվում է, եւ մեծ հույսեր ունեմ՝ կապված նրանց հետ: Իսկ ինչ վերաբերում է հիմնական խմբին, նրանք մեծ ձեռքբերումներ ունեն: Մասնակցել են բազում ազգային ու միջազգային փառատոների՝ արժանանալով եւ՛ պարգեւների, եւ՛ մեծ գովասանքների: Համերգներով հանդես ենք եկել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եւ արտերկրում: Ունենք նկարահանված բազմաթիվ ֆիլմեր՝ «Ջանգյուլում», «Վարդավառ», «Զատիկ» ու տեսահոլովակներ: Երկու տարի առաջ մեկնեցինք Արեւմտյան Հայաստան՝ գեղարվեստական ֆիլմ նկարահանելու: Այցելեցինք տարբեր գավառներ՝ Համշեն, Վան, Մուշ, Սասուն, Էրզրում. ամեն գավառում նկարահանումներն անցկացվում էին իրենց տարազներով ու իրենց հատուկ ապրելակերպով, ներկայացվում էին իրենց ավանդույթներն ու սովորույթները: Նկարահանումների ընթացքում բազմաթիվ դժվարությունների հանդիպեցինք. քրդերը ջարդեցին մեր ավտոբուսի ապակիները, Սասունում նկարահանումների ժամանակ սահմանապահ զորքերը բռնեցին մեզ՝ կասկածելով՝ իբր հանցագործներ ենք եւ այլն: Արեւմտյան Հայաստանից բերել ենք երկու խաչքար: Բերել եմ, որովհետեւ մերն է……հո մարդ չե՞մ սպանել ու տուն չե՞մ քանդել:
– Եթե ունենում եք շրջագայություններ ու համերգներ, պետք է որ անպակաս լինեն ֆինանսական խնդիրները: Ունե՞ք հովանավորներ:
– Հովանավորներ չունեմ, որովհետեւ այսօր Հայաստանում փնտրել հովանավորներ, նույնն է, թե փողոցում մուրացկանությամբ զբաղվել: Օգնելուց հետո էլ սարքում են «Տժվժիկի» պատմությունը: Ավելի լավ է մարդ սեփական ուժերով կարողանա լուծել խնդիրները, որպեսզի հետո «օգնականներին» տեսնելիս ամեն անգամ ստիպված չլինի նսեմանալ ու պատեհ-անպատեհ այս կամ այն ռեստորանում համերգներ մատուցել:
– Ձեր կարծիքով, ի՞նչ վիճակում է այսօր գտնվում մեր մշակույթը:
– Ծանր վիճակում……Խեղճ Կոմիտաս վարդապետը ժամանակին ամեն կերպ փորձում էր մաքրել մշակույթն ու հատկապես երգն ու երաժշտությունն ամեն տեսակ աղտից, իսկ այսօր ամենը խառնվել է իրար՝ հայկական, թուրքական, քրդական… տարբերելը գրեթե անհնար է դարձել:
Ես զարմանում եմ, որ ուրիշ ազգեր, օրինակ, թուրքերը, քրդերը, մանուկ, երիտասարդ, մեծահասակ կարող են նստել ու ժամեր շարունակ լսել իրենց «լոլոն»: Իսկ մեր անուշ խաղիկ երգերն ու տաղերը չգիտես ինչու սերունդը չի ուզում լսել… Նրանց հարազատ է առօրյա փողոցային ռիթմիկան: Ժողովրդական համերգներ այցելելու փոխարեն երիտասարդները նախընտրում են ներկա գտնվել ու վայելել առօրյա հաճույքը, որտեղ կա հի-հի, հա-հա, որտեղ առկա է տարրական թեմաներով ծաղրն ու հումորը……

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել