Լրահոս
Օրվա լրահոսը

Եզակի լաբորատորիաներ՝ Քաջարանում

Նոյեմբեր 27,2010 00:00

\"\"Նոյեմբերի 25-ին տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի թիվ 1 եւ թիվ 2 միջնակարգ դպրոցներում հիմվել են էկոլոգիայի լաբորատորիաներ: Բացումը երեկ էր:
Նորաբաց լաբորատորիաները միակն են ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ տարածաշրջանում: Լաբորատորիաները ստեղծվել են Քաջարանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ (ծախսվել է 20 միլիոն դրամ), «Այբ» կրթական հիմնադրամը իրականացրել է «ԱյբԼաբ»-երի ամբողջական նախագծումը եւ հեղինակային վերահսկողությունը ծրագրի իրականացման ողջ ընթացքում: Ծրագրի իրագործմանը աջակցել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակը:
Լաբորատորիաները հագեցած են ժամանակակից սարքերով ու նյութերով, որոնց օգնությամբ աշակերտները հնարավորություն կունենան ուսումնասիրելու հողի, օդի, ջրի աղտոտվածության աստիճանը, կատարել մի շարք փորձեր ոչ միայն լաբորատորիայում, այլեւ՝ դաշտային պայմաններում, բնության գրկում: Դասավանդող մասնագետները նախապես վերապատրաստվել են:
Արդեն երկու տարի է՝ Քաջարանի դպրոցներում ուսուցանվում է «Քաջարան. բնություն եւ էկոլոգիա» առարկան, եւ, ըստ պատասխանատուների, նորաբաց լաբորատորիաները կնպաստեն ուսուցման ավելի արդյունավետ կազմակերպմանը: Լաբորատորիայի բացումից հետո թիվ 1 դպրոցում անցկացվեց բաց դաս, որի ժամանակ կիրառվեցին թվայնացված տեղեկատվական ծրագրեր:
Էկոլոգիական լաբորատորիաների բացման հանդիսությանը ներկա էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ով ասաց, որ կխորհրդակցի նախարարի հետ եւ նրա թույլտվությամբ հնարավոր է, որ հանրապետության այլ դպրոցների մասնագետների էքսկուրսիաներ կազմակերպվեն Սյունիքի մարզ՝ Քաջարան, տեղում ծանոթանալու լաբորատորիաների աշխատանքներին:
Քաջարանի քաղաքապետը լաբորատորիաների ստեղծմանը աջակից բոլոր կառույցների պատասխանատուներին շնորհակալագրեր հանձնեց, իսկ «Այբ» հիմնադրամը էկոլոգիական ֆիլմերի հավաքածու նվիրեց երկու դպրոցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել