Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆՈՒՄ ՄԻ ՀՈՂԸ ՄԻ ՔԱՆԻ ՏԵՐ ՈՒՆԻ

Նոյեմբեր 27,2010 00:00

Գործող գյուղապետը պնդում է, որ նախկին գյուղապետը ապօրինություններ է թույլ տվել, ապա վերացրել բոլոր փաստաթղթերը:
«Առավոտի» խմբագրություն է դիմել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Արթուր Հովհաննիսյանը՝ բողոքելով իրեն պատկանող վարելահողն ապօրինաբար իրենցից խլելու եւ աճուրդով մեկ ուրիշին վաճառելու՝ գյուղապետարանի անօրինականության մասին: Ըստ նամակագրի՝ 2001թ. տեղի ունեցած աճուրդը, որի ընթացքում իր հողը վաճառվել է այսօրվա գյուղապետի ազգական Կարինե Բառբառյանին, իրականում տեղի չի ունեցել: Կարինե Բառբառյանն էլ 2003-ից գյուղապետ Կարո Գեւորգյանի ազգականն է:
Նախքան չորրորդ իշխանությանը դիմելը, Արթուր Հովհաննիսյանը դիմել է թե մարզի, թե երկրի ղեկավարությանը: Նախագահի վերահսկողական ծառայությունից նամակը վերահասցեագրվել է Գեղարքունիքի մարզպետին: «Մարզպետը, առանց դիմումս նայելու, կրկնում է շաբլոն դարձած պատասխանը, իբր թե հողս չմշակելու պատճառով գյուղապետարանն այն աճուրդով վաճառել է համագյուղացի Կարինե Բառբառյանին»,- նշում է նամակագիրը եւ հավելում. «Մարզպետի պատասխանն անհիմն է, որովհետեւ ոչ աճուրդ է եղել, ոչ էլ գյուղապետարանն աճուրդի իրավունք ուներ: Իսկ ես երբեւէ իմ հողից չեմ հրաժարվել»:
Արթուր Հովհաննիսյանը նշում է նաեւ, որ մարզպետարանից իրեն պատասխանել են, թե 2001թ. հողահատկացման հիմքերը գյուղապետարանում չեն պահպանվել, հետեւաբար՝ «ՀՀ հողային օրենսգրքի 114-րդ հոդվածի պահանջների համաձայն, հողի նկատմամբ իրավունքների իրականացման եւ հողային հարաբերությունների կարգավորման հարցերը՝ հողային վեճերը, կարող են լուծվել դատական կարգով»: «Բայց չէ՞ որ հողահատկացման հիմք հանդիսացող վիճակահանության արձանագրությունը եւ իմ հողաբաժնի վերաբերյալ արձանագրությունը կա, եւ այն ուղարկել եմ իրենց: Ինչո՞ւ չեն ուզում տեսնել այդ հիմքերը»,- հարցնում է Արթուր Հովհաննիսյանը:
«Իրականում այդ հիմքերը չեն պահպանվել: Նախկին գյուղապետն իր մեքենայությունների հետքերը կորցնելու համար վերացրել է բոլոր փաստաթղթերն ու դատվել լիազորությունների չարաշահման համար: Իսկ ինչ վերաբերում է Արթուրի ունեցած վիճակահանության արձանագրությանը, որը ուղարկել է ղեկավարներին (նաեւ «Առավոտին»-Մ. Ա.), ապա դրանից երկու քաղաքացիներն էլ ունեն: Վիճահարույց հողի իրական տիրոջը կարող է պարզել միայն դատարանը: Բացի դա, թող ոչ մեկն իրեն հողի վերջնական տեր չհամարի, որովհետեւ ոչ մեկը սեփականության վկայական չունի»,- մեզ հետ զրույցում ասաց Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը: Նրա փոխանցմամբ, Արթուր-Կարինե վեճը գյուղում միակը չէ. «Նախկին գյուղապետ Գագիկ Գրիգորյանի անփութության պատճառով մեկ հողը նույնիսկ երեք տեր ունի, երեքից ոչ մեկը սեփականության իրավունքի վկայական չունի»:
Ներքին Գետաշենի գործող ղեկավարը 2003-ից է գյուղապետի մանդատը ստացել: Ասաց, թե տեղյակ չէ 2001-ի աճուրդին: Ըստ նրա՝ գյուղում պաշտոնյաներ կան, որ նման արձանագրություններ են բաժանում: «Այս պահին 900 հողատարածքներ նման եւ այլ խնդիրներ ունեն: Փորձում ենք կադաստրի հետ հնարավորինս լուծում տալ դրանց»,- «Առավոտին» փոխանցեց գյուղապետ Կարո Գեւորգյանը: Իսկ ի պատասխան Արթուր Հովհաննիսյանի դիտարկմանը, թե իրենից խլած հողը իբր աճուրդով վաճառել են իր ազգականին, գյուղապետն ասաց. «Նախ, այդ հողը ոչ թե աճուրդով է վաճառվել, այլ անհատույց է տրվել Կարինե Բառբառյանին: Եվ հետո՝ ի՞նչ նշանակություն ունի, թե ում բարեկամն է Բառբառյանը: Ամենից առաջ նա ՀՀ քաղաքացի է եւ այս գյուղի բնակիչ»:
Ըստ Ներքին Գետաշենի գործող գյուղապետի, նախկին գյուղապետի օրոք կատարված անօրինության մասին Արթուր Հովհաննիսյանը հիմա է բարձրաձայնում, որովհետեւ նախկինը խոստացել էր, որ վաճառած հողի փոխարեն ուրիշ տեղ հող կտա: Բայց, քանի որ նախկինը չի կարողացել խոստումը կատարել՝ բնակիչը հույսը կտրել ու սկսել է աղմուկ բարձրացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել