Լրահոս
Օրվա լրահոսը

Կընդունեք, թե ոչ՝ ձեր գործն է

Նոյեմբեր 27,2010 00:00

Կարդացի «Տնօրենները օրենք չեն սիրում» հոդվածը («Առավոտ», 10.11.2010թ.): Հենց սկզբից ասեմ, որ ես կիսում եմ Մելանյա Ծատինյանի կարծիքը եւ չեմ ընդունում պատգամավոր Ա. Բախշյանի այն կարծիքը, որ տնօրենները օրենքներ չեն կարդում, մոռանալով, որ ինքն էլ նախկինում տնօրեն է եղել: Ես ունեմ որոշ նկատառումներ, որոնք ուզում եմ ձեզ հաղորդել: Կընդունեք դրանք, թե ոչ՝ ձեր գործն է:
Օրենքը ընդունվել է 10.07.2009թ., բայց մինչ օրս հանրակրթական դպրոցների կանոնադրությունում փոփոխություն չի կատարվել: Պատկերացնում եք, եթե նման բացթողում աներ որեւէ տնօրեն: Որքան ինձ հայտնի է, քաղծառայողներն են քննություն հանձնում իրենց պաշտոնը պահպանելու կամ այլ աշխատանքի անցնելու համար: Իսկ դպրոցի տնօրենի պաշտոնը ընտրովի է:  Ինչո՞ւ ընտրության մասնակցող տնօրենի հավակնորդները պետք է հավաստագիր ունենան ԿԳ-ի կողմից: Մի՞թե դա նահանջ չէ ժողովրդավարությունից: Նույն օրենքի 1-ին գլխի հոդված 5-ի 3-րդ կետում գրված է՝ «Հանրակրթության բնագավառում ժողովրդական կառավարման սկզբունքի ապահովումը» պետական քաղաքականության առաջնահերթ խնդիրներից է: Եթե ցանկացած մարդ կարող է իր թեկնածությունը առաջադրի պատգամավոր կամ համայնքի ղեկավար դառնալու համար՝ առանց որեւէ հավաստագրի, ստացվում է, որ տնօրենի պաշտոնը ավելի՞ բարձր է, քան վերոհիշյալ անձերինը: Իհարկե՝ ոչ:
Ոչ մի հիմնարկի ղեկավար օրենքները անգիր չի անում: Առաջին հերթին դա անհնար է: Յուրաքանչյուր նորմալ հիմնարկ ունի իրավաբանի հաստիք: Թող դպրոցների հաստիքացուցակում գոնե 10 դպրոցի համար նախատեսվի մեկ իրավաբան:
Կան տնօրեններ, որոնք շատ երկար տարիներ ղեկավարում են դպրոցը՝ սկսած այն ծանր տարիներից: Ուրեմն՝ ԿԳ նախարարի համար այդ մարդիկ ոչ մի արժեք չունեն: Գոնե նման մարդկանց արժանապատվությանը չկպչեն: Ինչպես կարող են նման մարդիկ լինել անարժան, երբ ԿԳՆ-ն ամեն տարի դպրոցներում անցկացնում է ստուգումներ, էլ չեմ ասում՝ մարզպետարանների կողմից անցկացվող վերահսկողությունը:
Եվ, վերջապես, լինելով նախկին տնօրեն, ուզում եմ նշել տնօրենի չափորոշիչները, որոնք շատ կարեւոր են դպրոցի ղեկավարի համար: Դպրոցի տնօրենը պետք է լինի հայրենասեր, հայեցի դաստիարակված, ունենա մանկավարժի դիպլոմ, լավ ընտանիք, երեխաներ, լինի բարոյականության էտալոն, վայելի իր կոլեկտիվի, ծնողների, վերադասի հարգանքը, սիրվի աշակերտների կողմից, լինի վստահելի անձ, դպրոցը զերծ պահի աղանդներից եւ քաղաքական հոսանքներից: Եթե հավակնորդը չունի վերոնշյալ չափանիշները, ուզում է 800-ի փոխարեն 8000 օրենք անգիր անի, նա իրավունք չունի ղեկավարել դպրոցը:
Դպրոցը փորձադաշտ չէ: Ես կողմ կլինեի, եթե փոփոխեին ընտրության կարգը՝ տնօրենը ուղղակի ընտրվեր կոլեկտիվի եւ ծնողների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել