Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթաթուղթ եւ հոբելյան

Նոյեմբեր 27,2010 00:00

Կամ՝ ինչպես սեփական գիտական ժառանգությունը ճիշտ ներկայացնել աշխարհին

Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը Մատենադարանի, ԳԱԱ պատմության ինստիտուտի, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ ԻԿՕՄՕՍ կազմակերպության հետ համատեղ նախաձեռնել են 2011 թվականին մի շարք միջոցառումներով նշել գիտնական, տոմարագետ, մաթեմատիկոս, աշխարհագրագետ եւ աստղաֆիզիկոս Անանիա Շիրակացու 1400-ամյակը: Երեկ Բյուրականում մի խումբ լրագրողների այս մասին տեղեկացրին Հայկական աստղագիտական միության փոխնախագահ Արեգ Միքայելյանը եւ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Միջոցառումների շրջանակում նախատեսվում է անցկացնել «Աստղագիտական ժառանգությունը եւ ժամանակակից հասարակությունը» խորագրով միջազգային գիտաժողով, «Աստղագիտական ժառանգության» պահպանման եւ հետագա հետազոտությունների համալիր ծրագրի ստեղծում (Global Survey), հասարակությանը Շիրակացու աշխատանքներին ծանոթացնելու նպատակով մի շարք հանդիպումներ՝ դպրոցներում ու բուհերում: Աստղագետները չմոռացան շեշտել, որ Լուսնի վրա միայն մեկ հայ կա՝ Շիրակացին է, որ ունի իր անունով խառնարան: «Միջոցառումների շարքը պայմանականորեն է նվիրված Շիրակացուն, իրականում միտում ունենք ներկայացնել հայ աստղագիտական ժառանգությունը, որը պետք է դարձնել համաշխարհային ժառանգության մի մաս: Այսօր պատմական Հայաստանի տարածքում ստեղծված մշակութային աստղագիտական կոթողները ներկայացվում են որպես այլ երկրների, այլ ժողովուրդների ժառանգություն»,- ասաց աստղադիտարանի տնօրենը: Ա. Միքայելյանը նշեց, որ Շիրակացու ծննդյան կոնկրետ թիվը հայտնի չէ, շատերը պարզապես նշում են 7-րդ դար: Ըստ նրա, 1400-ամյակը պետք է նշվեր 2005-2010 թվականներին, բայց այդ մասին այդպես էլ չի հիշվել: Նա, կարեւորելով ունեցած արժեքները, նշեց. «Կարելի էր Շիրակացու 1400-ամյակը մտցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիշարժան տարեթվերի օրացույցի մեջ, բայց չի արվել, որովհետեւ կազմակերպություններն ու գերատեսչությունները մոռացության մատնեցին: Հոբելյանները նշում է ՀՀ մշակույթի նախարարությունը, իրենք են վեր հանում, գտնում տարեթվերը: Եթե ինչ-ինչ պատճառներով թերացել ենք եւ ժամանակին չենք արել, խելացին այն կլինի, որ սխալն ուղղենք»: Եկող տարի մեկնարկող միջոցառումները, աստղագիտության ոլորտի մասնագետների տեղակացմամբ, դեռեւս ֆինանսավորում չունեն: Նրանք հույս ունեն, որ Շիրակացու 1400-ամյակը պետականորեն կհովանավորվի, այդ հարցով արդեն դիմել են ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանին, վերջինս էլ պետք է նամակ ուղարկի ՀՀ Կառավարություն:
Հայկական աստղագիտական միության փոխնախագահի կարծիքով, այն, ինչ աստղագիտության ոլորտում ունի մեր երկիրը, աշխարհին բավարար կերպով չի ներկայացվում. «Գոնե պետք է ստեղծել մաթեմատիկոսների, աշխարհագրագետ, պատմաբանների մի ընկերակցություն, որոնք գիտական մեթոդներով կաշխատեն մեր ունեցածը ներկայացնելու գործում»: Աստղադիտարանի տնօրենը համոզված է, որ այսօր տեղեկատվական բնագավառում պատերազմը քաղաքական հարթակից տեղափոխվել է այլ դաշտ, մշակույթն օգտագործվում է նաեւ քաղաքականություն ստեղծելու համար: Ա. Միքայելյանը եւ Հ. Հարությունյանը խոսեցին նաեւ Բյուրականի աստղադիտարանի բազայի վրա  գիտակրթական կենտրոն ստեղծելու մասին: «Առավոտը» տեղեկացրել է 2014 թվականին Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) հերթական՝ 36-րդ դպրոցի՝ Հայաստանում անցկացվելու մասին, որը եւս իր դերը կարող է ունենալ Հայաստանը տարածաշրջանային կենտրոն դարձնելու առումով: Ըստ աստղագետների, նման կենտրոն դառնալու հավակնություն մեր երկիրն ունի, բայց կարծում են, որ միայն իրենց աշխատանքը բավարար չէ, դա նաեւ ԿԳՆ ու ՀՀ կառավարության գործն է: Ա. Միքայելյանի կարծիքով՝ Հայաստանի հաղթաքարտը տարածաշրջանային կենտրոն դառնալու հարցում հիմնականում Բյուրականի աստղադիտարանի ավանդույթներն ու հեղինակությունն է, բայց ոչ՝ ֆինանսական կողմը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել