Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԼԱՎԱՄԱՐԴ ԼԻՆԵԼ ՈՒ ԽՓԵԼ ԴՊՐՈՑԻՆ

Նոյեմբեր 27,2010 00:00

\"\"ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի դիտարկումները

Ներկայումս ՀՀ հանրակրթական դպրոցներում մի յուրօրինակ շարժ է սկսվել: Դպրոցներն այսպես ասած փոխանակվում են կադրերով՝ մեկի փոխտնօրենը նշանակվում է մյուս դպրոցում տնօրենի պաշտոնակատար, մեկ այլ տեղում նոր փոխտնօրեն են նշանակում եւ այլն: Այս աժիոտաժը մի կողմից պայմանավորված է նրանով, որ «Տնօրենի ընտրության» կարգից հանվել է այն կետը, ըստ որի՝ տնօրենի պաշտոնակատար պետք է նշանակվեր միայն տվյալ դպրոցի աշխատակազմից որեւէ անձ: Մյուս կողմից էլ շատերն այս խառնաշփոթը կապում են առաջիկայում սպասվող ընտրությունների հետ: «Առավոտը» հանրակրթության բնագավառում կառավարման համակարգում  գոյություն ունեցող թերությունների մասին զրուցեց ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ: Նա նշեց. «Խորհուրդներով կառավարման համակարգը՝ որպես այդպիսին, բնորոշ է ժողովրդավարական երկրներին, իսկ մեզանում գործում է ենթարկեցնելու համակարգը: Մեր երկրի ամենաահավոր խայտառակությունն այն է, որ օրենքներում լավ-լավ բաներ ենք գրում, բայց հետո մոռանում ենք: «Հանրակրթության մասին» օրենքով էլ ամրագրեցինք հանրակրթության բնագավառում  ժողովրդավարական կառավարման սկզբունքների ապահովում, ուսումնական հաստատությունների ինքնավարության եւ պետական վերահսկողության հավասարակշռում: Իրականում այս սկզբունքները, որպես պետական քաղաքականության պահանջ, օրենքով  դրված են դպրոցի կառավարման համակարգում: Ուստի դպրոցը պիտի ունենա գործող կառավարման խորհուրդ, որը ժողովրդավարական կառավարման կարեւոր օղակ է: Եվ խորհուրդն ինքը պիտի ընտրի դպրոցի տնօրեն, նրա հետ կնքի աշխատանքային պայմանագիր, որն ամրագրվեց օրենքով: Սակայն օրենքին հակառակ գրվեց օրինակելի կանոնադրություն, ըստ որի՝ պայմանագիրը պիտի կնքվի մարզպետի հետ»:
Տիկին Բախշյանը վրդովված նշեց, որ արդեն մեկուկես տարի է վերոնշյալ խնդրի լուծման նպատակով շրջանառության մեջ է դրել «ՊՈԱԿ-ների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, ըստ որի՝ պատգամավորն առաջարկում է ավելացնել «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» նախադասությունը: Սակայն այդպես էլ չի հաջողել այդ հարցում:
 Ա. Բախշյանը նշեց. «Մեր երկրում կարծես ոչ ոք շահագրգռված չէ ունենալ այն երկիրը, որը սահմանադրությամբ ենք ամրագրել: Չեմ կարողանում  հանձնաժողովին, արդարադատության նախարարին համոզել, որ  ապակենտրոնացված կառավարման երաշխիքը կոլեգիալ կառավարում իրականացնելն է, իսկ դրա համար պետք է խորհրդին իրավունք տրվի պայմանագիր կնքել դպրոցի տնօրենի հետ, ու դպրոցի գործադիր կառավարման ամբողջ պատասխանատվությունը դնել տնօրենի վրա եւ պահանջել տնօրենից: Իսկ այսօր տնօրենը մտածում է ինչպես լավամարդ լինի մարզպետի մոտ, քանի որ մարզպետի հետ է պայմանագիր կնքել»: Տիկին Բախշյանը խոսեց նաեւ դպրոցի տնօրենի՝ նախեւառաջ պետության քաղաքացու կերպար ունենալու մասին եւ հիշեց թիվ 27 դպրոցի տնօրենի ընտրությունը. «Այն տարիներին, երբ թիվ 27 դպրոցում  տնօրեն էի աշխատում, կատարվում էին բազում նորամուծություններ: Բայց քաղաքապետարանի կրթության վարչության կողմից դրանց նկատմամբ որեւէ հետաքրքրություն չի ցուցաբերվել: Այնինչ, ըստ կանոնադրության, լավ փորձը նրանք պարտավոր են տարածել: Ընդհակառակը, ամեն ինչ արեցին, որ այն մարդը, որը կարող էր նույն սկզբունքներով աշխատել, չհայտնվեր տնօրենի պաշտոնում: Հայտնվեց նա, ով օրըստօրե տապալում է դպրոցում մեծ դժվարությամբ ներդրված արդեն կայացած ներառական կրթությունը եւ բարոյական, աշակերտակենտրոն մթնոլորտը»:
Ա. Բախշյանի փոխանցմամբ՝ ինքը քաղաքապետին գրություն է ուղարկել, որով խնդրում է ներկայացնել Երեւանի դպրոցների գործող տնօրենների մասին ցուցակ, որտեղ նշված կլինի, թե նրանցից որին է խորհուրդը ընտրել, ո՞ր կրթօջախում կա պաշտոնակատար, նա կոլեկտիվի՞ց է, թե՝ ոչ: Մի այլ նամակով խնդրել է քաղաքապետին՝ տրամադրել հավաստագրվող տնօրենների ցուցակն ու հավաստագրման ժամանակացույցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել