ԴԱՀԿ մամուլի ծառայությունից երեկ տեղեկացրին, որ 2009-2010 թթ. ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երեւան քաղաքի Շենգավիթ բաժնում «ՀայԷլեկտրամեքենա» ԲԲԸ-ից բռնագանձման պահանջով հարուցվել է 475 կատարողական վարույթ: Դրանք հիմնականում աշխատավարձի բռնագանձման պահանջներ են: Մասնավորապես, 2009 թ. հարուցվել է թվով 347 կատարողական վարույթ՝ 95 միլիոն դրամ բռնագանձման ենթակա գումարով, որից վերականգնվել եւ բռնագանձվել է 66,7 միլիոն դրամը: 2010 թվականին հարուցվել է թվով 131 կատարողական վարույթ՝ 25 միլիոն դրամ բռնագանձման ենթակա գումարով, որից վերականգնվել եւ բռնագանձվել է 18,8 միլիոն դրամը: Երեկվա դրությամբ «ՀայԷլեկտրամեքենա» ԲԲԸ-ի վերաբերյալ հարուցված են թվով 3 կատարողական վարույթ՝ իրավաբանական անձանց օգտին 93,9 միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջով եւ թվով 217 կատարողական վարույթ՝ ֆիզիկական անձանց օգտին 61,6 միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջով: Հարկադիր էլեկտրոնային աճուրդում (harkadir.ajurd. am) գտնվում է 93,9 միլիոն դրամի չափով շարժական գույք:
Աշխատավարձի խոշոր բռնագանձումներ իրականացվել են եւս մեկ ձեռնարկությունում՝ «Նաիրիտ-2» ՓԲ ընկերությունում: Մասնավորապես, 2009-2010 թթ. «Նաիրիտ-2»-ից աշխատավարձի բռնագանձման պահանջով հարուցվել է 35 կատարողական վարույթ, որոնցից 31-ով բռնագանձվել եւ պահանջատերերին է փոխանցվել 41,5 միլիոն դրամ: 4 կատարողական վարույթ ավարտվել է պահանջատերերի դիմումի համաձայն: