Լրահոս
Օրվա լրահոսը

Ոռոգման ջուրը գնում է այլ ուղղությամբ

Նոյեմբեր 27,2010 00:00

Մատների վրա՝ մի ողջ համակարգ

Երեւանի Շենգավիթի վարչական շրջանի Նոր Խարբերդի այգեգործական ընկերության «Պոլիվին» թաղամասի բնակիչ, այգեգործությամբ զբաղվող Վլադիմիր Ղազարովը «Առավոտի» խմբագրությանն է հանձնել բազմաթիվ դիմում-բողոքների ու համարժեք պատասխանների մի «տրցակ»: Ըստ այդ փաստաթղթերի, Վ. Ղազարովը 3 տարի է, ինչ դիմում է տարբեր գերատեսչությունների, քանի որ մինչ օրս զրկված է ոռոգման ջուր ստանալու հնարավորությունից: 2008թ. հուլիսին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին հասցեագրված բողոքում Վ. Ղազարովը հայտնել է, որ «Երեւանջուր» ջրօգտագործման ընկերության (ՋՕԸ) հետ դեռեւս 2005թ. կնքել է պայմանագիր, կատարել է ջրի վարձի մուծումները, սակայն ոռոգման ջուր ընդհանրապես չի ստացել. «Բազմիցս դիմել եմ տեղի ղեկավարությանը, ՋՕԸ-ի տնօրեն Մ. Ասատրյանին, սակայն ոռոգման ջուրը գնում է այլ ուղղությամբ՝ իմ հարեւան Վանիկի անտառում գտնվող 2000 քմ. հողատարածք»: Ղազարովն ասում է. «Բազմիցս եղել են վեճեր ու զգուշացումներ: Սակայն իմ 06. 05. 2008 թ. դիմումին ընթացք չի տրվում, ոչ մի միջոց չի ձեռնարկվում տեղի ղեկավարության կողմից»: Նա պահանջում է ստիպել տեղի ղեկավարությանը՝ «հարեւան Վանիկի անտառը գնացող անօրինական գիծը վերացնել»: Վ. Ղազարովի այս բողոքին տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն նույն ժամանակահատվածում պատասխանել է: Ըստ այդ պատասխանի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոռոգման ջուր մատակարարող ջրատարը բավարար վիճակում է, միայն անմխիթար եւ խցանված վիճակում է Վ. Ղազարովի հողատարածք մտնող ջրատար խողովակը, հետեւաբար, անխափան ոռոգման ջուր ստանալու համար ջրօգտագործողը պարտավոր է վերացնել հողատարածք մտնող խողովակի խցանումը: Դեռ 2008 թ. դեկտեմբերին Ա. Գեւորգյանը նախարարությանը կից ջրային տնտեսության պետական կոմիտեից ստացել էր զեկուցագիր, համաձայն որի՝ նախարարի հանձնարարականը կատարվել է «Երեւան» ՋՕԸ-ի կողմից: Նույն թվականի նոյեմբերին Վ. Ղազարովը մի դիմում էլ ուղարկում է ՀՀ գլխավոր դատախազին: ՀՀ դատախազությունը պատասխանում է, որ համատեղ ուսումնասիրությունից պարզվել է, որ «դիմումատուի հարեւանի հողակտորին ոռոգման ջուր սնուցող ջրագիծը հիմնական ջրատարին միացված է ոչ ճիշտ, որն էլ խոչընդոտում է Վ. Ղազարովի ոռոգման ջուր ստանալը»: Ըստ որի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ ՋՕԸ-ն պետք է կազմակերպի տվյալ ջրագծի ապամոնտաժումը եւ ջրագծի նոր մոնտաժման աշխատանքները, որը հնարավորություն կտա դիմումատուին՝ ստանալ անհրաժեշտ քանակի ոռոգման ջուր: Վ. Ղազարովը դիմել է նաեւ ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Շենգավիթի բաժին՝ բողոքում մանրամասն ներկայացնելով, թե ինչպես են ոտնահարվում իր իրավունքները՝ ի շահ ջրագողացմամբ զբաղվող հարեւան Վանիկի: Վ. Ղազարովը ոստիկանությունից պահանջում է կազմակերպել համապատասխան փորձաքննություն, որը կբացահայտի խողովակի խցանված լինելու պատճառները: Շենգավիթի ոստիկանության բաժինը դարձյալ հուսախաբ է անում այգեգործ բողոքաբերին, քանի որ նրանց ձեռնարկած եռօրյա միջոցառումները տալիս են եզրակացություն, համաձայն որի՝ Վ. Ղազարովի ներկայացրած փաստերը չեն համապատասխանում իրականությանը: 2010 թ. ավելի է սրվում «Պոլիվին» թաղամասի բնակիչների եւ «Երեւան» ՋՕԸ-ի հարաբերությունները: Բնակիչները բողոք են ուղարկում ՀՀ կառավարություն, ուր մասնավորապես նշվում է, որ դժգոհող բնակիչները բացարձակ տեղեկացված չեն ո՛չ ջրամատակարարման «պլան-ժամանակացույցից», ո՛չ ոռոգման ջրի բաշխման մատյանից, ոռոգման ջուրն էլ տեսնում են նվազ հոսքով, ամսվա մեջ մի քանի օր, որի հետեւանքով զբաղեցրած հողատարածքները դատապարտվել են չորացման, իսկ «Երեւան» ՋՕԸ-ը, ըստ կառավարությանը ուղարկված նամակի, թեեւ տեղյակ է ստեղծված իրավիճակին, բայց բնակիչներից ստիպողաբար գումարներ է գանձում չմատակարարած ջրի դիմաց: Կառավարությունը բնակիչների բողոքը վերահասցեագրում է Երեւանի քաղաքապետարանին, որոնց ներկայացուցիչների ստուգայցերի արդյունքում բնակիչները ստանում են պատասխան, թե՝ քաղաքապետարանը հորդորում եւ խնդրում է «Երեւան» ՋՕ ընկերությանը՝ ծառացած խնդիրները լուծել: Մեկ այլ՝ «Երեւան» ՋՕԸ-ի տնօրեն Մ. Ասատրյանին ուղղված բողոքում էլ բնակիչները փաստում են, որ վնասված խողովակները վերանորոգելու համար ոռոգման ջրի վարձը 2600 դրամից դարձրել են 4100 դրամ, սակայն ջրմուղի աշխատակիցները չեն վերանորոգել հիմնական ջրագիծը, որտեղից էլ ջուրը հոսում է մարդկանց տները, որով էլ պայմանավորված է բնակիչների՝ վերջին 3 տարիներին ջրավարձերը կանոնավոր չմուծելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել