3-4 տարի առաջ Սեւանա լիճ բաց թողնված մանրաձկները զարգացել են եւ հասել ձվադրման շրջանին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության գլխավոր մասնագետ Նորայր Աբրահամյանը: Նրա տվյալներով, նախարարությունը մինչեւ 2007թ. 10 մլն դրամ է տրամադրել մանրաձկան գնման եւ Սեւանա լիճ բաց թողնելու համար, իսկ 2008 թ.-ից կառավարությունն ավելացրել է այդ գումարը: 2007թ.-ին բաց է թողնվել 175 հազար մանրաձուկ՝ 30 մլն դրամի սահմաններում, 2008 թ.-ին՝ 250 հազար մանրաձուկ՝ 80 մլն դրամի սահմաններում, 2009 թ.-ին՝ 307 հազար մանրաձուկ՝ 71 մլն դրամի սահմաններում: Իսկ 2010-ին՝ 200 հազար մանրաձուկ՝ 28 մլն դրամի սահմաններում:
Բնապահպանների ներկայացմամբ, գետեր, լճեր բաց թողնված ողջ մանրաձուկը չէ, որ կենդանի է մնում եւ մեծանում: Մանրաձկան մահացությունը 90 տոկոսից ավելի է լինում, եթե մանրաձուկը 50 գրամ է կամ ավելի շատ, եթե ձուկը 1 գրամ է, մահացությունը 10 տոկոս է կազմում: Այսինքն, ըստ մասնագետների, որքան մեծ է ձկան չափը, այնքան մեծ է մահացության հավանականությունը: ՀՀ ԳԱԱ-ի Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտին պատվիրել է ուսումնասիրել գետեր գնացող էնդեմիկ տեսակի ձկների, մասնավորապես՝ իշխան ձկան վիճակը:
Ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի խոսքերով էլ, ուսումնասիրության համար որոշ քանակի հասունացած ձկներ արդեն որսացել են: Մասնագետի վստահեցմամբ, մանրաձկան բաց թողնման գործընթացը կարող էր ավելի արդյունավետ լինել, եթե ինչպես հարկն է պահպանություն լիներ. «Ես ինքս մի քանի անգամ շուկաներում հանդիպել եմ որսված իշխանի»: