Ոստիկանությունից խոստացել են հարցին լուծում տալ
«Արդեն 5-րդ տարին է՝ պայքարում ենք նրա համար, որ մեր լուծարված կոոպերատիվի հաշվեկշռում եղած ավտոմեքենան գրանցենք իմ անունով: Ոչ մի կերպ չի ստացվում: Անընդհատ տարբեր պատճառներով մեզ մերժում են»,- նման դժգոհությամբ օրերս «Առավոտին» էր դիմել Ռոզա Հովհաննիսյանը: Նրա ամուսինը ժամանակին «Նյութական ռեսուրսներ» կոոպերատիվ է ունեցել, որը լուծարվել է 1997 թվականին, դրանից 8 տարի հետո ամուսինները որոշել են կոոպերատիվի գույք հանդիսացող «Նիսա» 521 միկրոավտոբուսը գրանցել իրենց անունով, սակայն Ճանապարահային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի թիվ 1 գրանցման, հաշվառման բաժանմունքից նրանց պատասխանել են, որ մինչեւ գույքի գրանցումը պետք է այն տեխնիկական զննման տանեն: «Բայց այդ մեքենան համապատասխան փաստաթուղթ չունի, որ կարողանանք տեխզննման տանել, անգամ լուծարված կոոպերատիվի կնիքը չկա: Մենք ընդամենն ուզում ենք կոոպերատիվի հաշվառումից հանել եւ գրանցել իմ անունով, հետո զննման էլ կտանենք»,- բողոքում է Ռ. Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, այս փաստարկները Ճանապարհային ոստիկանությունում հաշվի չեն առնում եւ հիմք չեն ընդունում: Չնայած դրան, ամուսինները մեքենան տարել են տեխնիկական զննման, սակայն այնտեղ էլ մեկ այլ խնդիր է ի հայտ եկել: Պարզվել է, որ մեքենայի անձնագրում նշված շարժիչի համարը չի համապատասխանել տեղադրված շարժիչի համարին: Քաղաքացին վկայում է, որ այդ առնչությամբ էլ է համապատասխան փաստաթուղթ ներկայացրել. «Այո, մենք փոխել ենք շարժիչը եւ կարող եմ վստահ ասել, որ այդ շարժիչը գողացված չէ, իրենք կարող էին ստուգել»:
Այս առնչությամբ ոստիկանության լրատվական ծառայությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 9-ի թիվ 1251 Ն որոշման պահանջների համաձայն, տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելիս անհրաժեշտ է ներկայացնել դիմում, տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթեր, համապատասխան անդորրագրեր, իսկ համարակիր մասերից որեւէ մեկի փոխարինման դեպքում նաեւ դրա ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր՝ համարի պարտադիր նշումով. «Այլ մոդելի մասեր տեղադրելու դեպքում նաեւ վերասարքավորման թույլտվություն: Տրանսպորտային միջոցների հաշվառման գործողությունների կատարումը, բացառությամբ դրանք խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի, իրականացվում է ուժի մեջ գտնվող տեխզննության վերաբերյալ փաստաթուղթ, իսկ վերասարքավորված տրանսպորտային միջոցների համար վերասարքավորված վիճակում տեխզննություն անցնելու վերաբերյալ ուժի մեջ գտնվող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում: Ինչն այս դեպքում չի եղել»: Չնայած դրան, ոստիկանությունից խոստանում են, որ ավտոմոբիլի եւ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ներկայացման դեպքում քաղաքացու խնդրանքը կբավարարվի: