Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ՉԵՆ ՕԳՆՈՒՄ

Նոյեմբեր 27,2010 00:00

Բնակիչները չեն հասցրել անգամ տաք շորեր վերցնել

\"\"Կորյունի փողոցի, իսկ ավելի կոնկրետ, պոնչիկանոցի հետնամասում գտնվող հրդեհի բաժին դարձած 14 սեփական տների բնակիչներն արդեն 3-րդ օրն է գիշերում են փողոցում: Իսկ ՀՀ կառավարությունը մոտ ապագայում ոչ մի աջակցություն չի էլ նախատեսում: Երեկ «Առավոտը» այցելել էր տուժած բնակիչներին: Նրանք հանդիպել էին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Գյանջումյանի հետ, սակայն վերջինս ոչ մի հույս չի տվել, որ մի բան կանեն: Մեզ հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ թաղապետարանից ընդամենն ասել են. «Ինտենսիվ աշխատում ենք, պիտի պարզենք ո՞վ է մեղավոր: Մենք մեղք չունենք, ինչ ուզում եք արեք: Գնացեք բարեկամ-հարազատների տանը ապրեք»: Իսկ բնակիչներն էլ ասում են՝ «Ինչքա՞ն կարող ենք բարեկամի տանը ապրել՝ մի օր, երկու օր: Ընտանիք կա, որ մոտիկ բարեկամ չունի Հայաստանում, ու՞ր գնա: Իսկ իրենց ինտենսիվ աշխատանքը երկար է տեւելու, էս ձմռան ցրտին ինչքա՞ն դուրսը մնանք»: Անօթեւան մնացած մարդիկ գիշերը ստիպված են եղել անգամ նստարանների վրա քնել:
\"\"Տների գույքն ու պատերն այն աստիճանի են այրվել, որ ո՛չ վերանորոգելու հնարավորություն կա, ո՛չ էլ թեթեւ կարգի գցելու ու գոնե ժամանակավոր բնակվելու: Բնակիչների խոսքերով, մասնագետները ընկած մեղավոր են փնտրում: Իսկ մեղավորը այն պաշտոնյաներն են, որոնք թքած ունեն այս կառուցապատման անվտանգության վրա: Նրանց խոսքերով, մի քանի տարի առաջ սեփական տների հարեւանությամբ կառուցվեց Մայր Թերեզա բժշկական քոլեջը, որը փակում է բակ մտնող մեքենաների ճանապարհը, եւ արտակարգ իրավիճակների դեպքում որեւէ օգնություն ցուցաբերելն անհնար է: Նախօրեին տեղի ունեցած հրդեհն էլ դրա վառ ապացույցն է: Շինաշխատանքների առաջին իսկ օրվանից բնակիչները բողոքել են տարբեր ատյաններ, անգամ աթոռներով նստել են շինհրապարակում, որպեսզի թույլ չտան ճանապահի փակումը, սակայն կառուցապատողը հայտարարել է, որ իր ուզածն անելու է: Բնակիչների պատմելով՝ հերիք չէ, որ հրշեջ մեքենաները մոտ 40 րոպե ուշացումով են տեղ հասել, դեռ մի բան էլ չեն կարողացել մտնել բակ, մոտենալ տների մի մասին, քանի որ քոլեջի շենքը խանգարել է:
Բնակիչները հրդեհի հավանական պատճառ են համարում օդում կախված եւ իրենից վտանգ ներկայացնող հոսանքալարերը. «Էլեկտրական լարերը տարիներով բաց-բաց կախված են մեր տների վրա: Հազար անգամ պոկվել են, կայծեր եղել: Բարձրավոլտ կաբելը թիթեղե տանիքների վրայով էր անցնում: Հազիվ ենք էլցանցին համոզել, որ գա գոնե էլեկտրասյունն ամրացնի, որ շուռ չգա տանս վրա: Մի օր ուշացնենք էլեկտրաէներգիայի վճարը, կգան կանջատեն, բա նման \"\"թափթփված ձեւով կարելի՞ է էլեկտրաէներգիայի ծառայություն մատուցել»: Գազի պայթյունի հետեւանքով բռնկած հրդեհի վարկածը բնակիչները բացառում են, պատճառաբանելով, որ իրենց տները գազիֆիկացված չեն:
«Մենք նախագահ չունենք: Եթե մեր երկրում մեզ տիրություն անող չկա, ուրեմն թող մեզ ուրիշ երկիր ուղարկեն: Գնալու ենք ամերիկյան դեսպանատան կամ էլ նախագահականի դիմացը պալատկաները խփենք ու ապրենք այնտեղ: Մեծ-մեծ խոսում են մարդու իրավունքներից, բա մենք մարդ չե՞նք, որ թողել են քուչում»,-ասում էին փողոցում հայտնված բնակիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել