Վերջին տարիներին Հայաստանում հայտնաբերվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցող 9 գործակալ, եւ բոլորն էլ դատապարտվել են երկարատեւ ազատազրկման:
Պետական դավաճանության կամ լրտեսության առարկա է հանդիսանում ոչ միայն պետական գաղտնիք հանդիսացող նյութերի հավաքումը եւ տրամադրումը օտարերկրյա պետության հետախուզությանը, այլեւ՝ պետական գաղտնիք չհանդիսացող այլ տեղեկությունների հավաքումն ու հաղորդումը: Այլ տեղեկությունների ներքո օրենսդիրը եւ դատական պրակտիկան ճանաչում է տնտեսական, գիտական, քաղաքական, ռազմական, պետության պաշտպանունակությանը վերաբերող, այլ բնույթի ցանկացած տեղեկություն, որոնք թեեւ պետական կամ ռազմական գաղտնիք չեն կազմում, սակայն կարող են օգտագործվել ի վնաս Հայաստանի Հանրապետության: Պետական դավաճանության հանցագործության սուբյեկտ կարող է հանդիսանալ միայն ՀՀ քաղաքացին, իսկ լրտեսության՝ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը:
Հայաստանի դատական մարմիններում վերջին տարիներին քննվել է այսօրինակ բնույթի 5 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ, ընդ որում՝ դրանցից Մուրադ Բոջոլյանը, Անդրեյ Մազիեւը, Նինա Շիլինան, Իվետա Ֆիլկովան, Էդգար Ֆիլկովը եւ Ալեքսանդր Գասպարյանը, Գեւորգ Հայրապետյանը, դատապարտվել են՝ պետական դավաճանության (ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդված), իսկ ՌԴ քաղաքացի Ռուստեմ Վալիախմետովը եւ ԻԻՀ քաղաքացի Բեհնամ Բաղերին դատապարտվել են լրտեսության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 302 հոդված): Նշենք, որ նշված բոլոր գործերով ներպետական ատյանները հիմնավորված են համարել առաջադրված մեղադրանքները: Մասնակի բացառություն է կազմում միայն Գ.Հայրապետյանի եւ Բ.Բաղերիի վերաբերյալ քրեական գործը, որի վերաբերյալ դատավճիռ կայացրել է միայն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, իսկ վերաքննիչ դատարանը դեռ չի սկսել քննությունը: Եվրոդատարան հասել է մեկ բողոք՝ Մուրադ Բոջոլյանն ընդդեմ ՀՀ կառավարության եւ մերժվել, քանզի Եվրոդատարանը գտել է, որ Բոջոլյանի կողմից նման տեղեկությունների հաղորդումը արտասահմանյան հետախուզական ծառայություններին իրական վտանգ էր ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը եւ հիմք էր հանդիսանում նրան պատժելու համար: Հետեւաբար դատարանը եզրակացնում է, որ Բոջոլյանին պատժի ենթարկելն ուներ սոցիալական սուր անհրաժեշտություն եւ որ դատապարտելու համար ներպետական դատարանների կողմից ներկայացված հիմքերը վերաբերելի եւ բավարար էին:
Թուրքիայի հատուկ
ծառայությունների հետ համագործակցության գործը
Մուրադ Բոջոլյանը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, ծագումով՝ հայ: Հայաստան է տեղափոխվել 1963թ-ին: Աշխատել է պետական ռադիոյում՝ որպես հաղորդավար եւ թուրքերենի թարգմանիչ, արտգործնախարարությունում որպես Թուրքիայի բաժնի ղեկավար, իսկ 1996-1998թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես թուրքերենի թարգմանիչ եւ Թուրքիայի գլխավոր մասնագետ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Բոջոլյանը, զբաղեցնելով բարձր պաշտոններ Հայաստանում եւ ազատ տիրապետելով հայերենին, ռուսերենին, թուրքերենին, հավաքագրվել է թուրքական «ՄԻԹ» սպաների կողմից: Այդ ընթացքում կապեր է հաստատել տարբեր թուրք լրագրողների հետ, թարգմանչական ծառայություններ մատուցել նրանց, ովքեր ուղղակիորեն կապված են եղել Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ: Մ. Բոջոլյանը կրել է «Զինդե» ծածկանունը:
Օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն՝ նա թուրքական հատուկ ծառայությունների սպաներին տեղեկություններ է փոխանցել Հայաստանի ներքաղաքական վիճակի, Հայաստանի քաղաքական կուսակցությունների, դրանց անդամների հետ ունեցած զրույցների, Հայաստանում քրդական մտավորականության ասոցիացիայի մասին: Պատմել Վրաստանում եւ Ռուսաստանի Կրասնոդարի եւ Ստավրոպոլի շրջանների հայ համայնքների մասին: Տրամադրել ռազմական բնույթի տեղեկություններ, մասնավորապես՝ Հայաստանի արեւմտյան եւ հարավային սահմանները պաշտպանող հայ եւ ռուս սահմանապահների, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան սահմանների անցագրային կետերի, «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահների, հայկական բանակի, զորակոչի քվոտայի, ինչպես նաեւ Երեւանում տեղակայված զինված ուժերի եւ Երեւանի կամուրջների մասին: Տրամադրած տեղեկությունների դիմաց՝ Մ.Բոջոլյանը ստացել է նյութական վարձատրություն: Ձերբակալվել է 2002 թվականի հունվարի 26-ին, որի ժամանակ առգրավվել են MIT սպաների համար նախապատրաստած տեղեկությունները:
Լրտեսությունները Ադրբեջանի հատուկ ծառայությունների առաջադրանքով եւ պահանջով
Նինա Շիլինան Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում գտնվող իր բնակարանի փոխանակման արդյունքում 1988թ. մշտական բնակություն է հաստատել Ջերմուկ քաղաքում, հանդիսացել է ՀՀ քաղաքացի: 1993թ. փետրվարին Շիլինան ՌԴ-ում բնակվող իր որդուն այցելելու նպատակով մեկնել է Թբիլիսի, սակայն Ռուսաստան գնացքներ չմեկնելու պատճառով մնացել է երկաթուղային կայարանում, ընկել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալների տեսադաշտ: Վերջիններս նրան համոզել են ՌԴ մեկնել Բաքու քաղաքով, որտեղ հանդիպել է Ադրբեջանի ՆԳՆ-ի այսպես կոչված «Հայկական տեռորիզմի դեմ պայքարի» բաժնի աշխատակիցներին, հավաքագրվել նրանց կողմից եւ ստացել Հայաստանում դիվերսիոն եւ հետախուզական գործունեություն կատարելու հանձնարարություն: Համագործակցությունը ամրապնդելու եւ որպես գործակալի նրա հուսալիությունը բարձրացնելու նպատակով Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցները Շիլինային առաջարկել են Բաքու բերել նաեւ նրա որդուն՝ խոստանալով լուծել ուսման հարցը, որի հետ Շիլինան համաձայնել է: Հետագայում նրա որդին ընդունվել է Բաքվի բարձրագույն ռազմածովային ուսումնարան:
Ադրբեջանի հատուկ ծառայությունների բաժնի աշխատակցից ստանալով Երեւանի «Էրեբունի» կամ այլ հյուրանոցում դիվերսիա կատարելու առաջադրանքը՝ 1993թ. Բաքվից «Ռաֆիկ» անունով գործակալի հետ մեկնել են Թբիլիսի, այնուհետեւ՝ Երեւան՝ իրենց հետ բերելով գործարանային պայմաններում փակված, թուրքական արտադրության մարգարինի երկու արկղ, որոնց մեջ տեղադրված է եղել գործարանային արտադրության «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ: Պայթուցիկ մեխանիզմը գործի էր դրվելու պայթուցիկ սարքն այլ մեխանիզմներին լարերով միացնելու միջոցով, սակայն նրանց կամքից անկախ պատճառներով, բարեբախտաբար, պայթյունը տեղի չի ունեցել:
Դրանից հետո Շիլինան ստացել է բազմաթիվ այլ բնույթի առաջադրանքներ, մասնավորապես՝ Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու, որի կապակցությամբ նա, բնակվելով Հայաստանում՝ իր ծանոթների տանը, ինչպես լրատվամիջոցներից, մամուլից, այնպես էլ արտաքին դիտարկումների միջոցով հավաքել է տեղեկություններ, այնուհետեւ դրանք հաղորդել է Ադրբեջանի հատուկ ծառայություններին: Իսկ 1995թ. սկսել է աշխատել արդեն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության աշխատակիցների համար, տվել է նրանց հետ համագործակցելու ստորագրություն, ընտրել «Արգո» ծածկանունը եւ ստացել ՀՀ եւ ԼՂՀ տարածքում ռազմական եւ այլ բնույթի տեղեկություններ հավաքելու հանձնարարություն, այդ թվում՝ այնտեղ տեղաբաշխված զորամասերի, դրանց համարների, հրամանատարների, սպայական կազմի, տեխնիկայի եւ սպառազինության, ռուսական զորամասերի, Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակի, վառելիքի գների, Իրանից Հայաստան ներմուծվող ապրանքների մասին:
Առաջադրանքները կատարելու համար Շիլինան 1995թ. ստեղծել է լրտեսական ցանց՝ ներգրավելով ՀՀ քաղաքացիներ Իվետա Ֆիլկովային («Լիլո» ծածկանվամբ), Էդգար Ֆիլկովին («Տոկիո» ծածկանվամբ), Ալեքսանդր Գասպարյանին, որոնց առանձին-առանձին տանելով Վրաստան՝ Ռուսթավի քաղաքում՝ գաղտնաբնակարանում, կազմակերպել է հանդիպումներ հատուկ ծառայության բաժնի եւ հետախուզական վարչության աշխատակիցների հետ, որոնք հավաքագրել են վերջիններիս: Այդ ժամանակվանից մինչեւ 2002թ., այսինքն՝ նրանց հանցավոր գործունեության բացահայտման պահը, նրանք ռազմական եւ այլ բնույթի տեղեկություններ հավաքելու եւ փոխանցելու համար օգտվել են նաեւ տեղեկատվական բաց, այսինքն՝ ոչ գաղտնի աղբյուրներից՝ մամուլ, հեռուստատեսություն, հեռախոսների եւ հասցեների տեղեկատու: 2004թ. Շիլինան եւ մյուսները դատապարտվել են երկարատեւ ազատազրկման:
ՀՀ քաղաքացի Անդրեյ Մազիեւը 1999թ. հավաքագրվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հատուկ ծառայության կողմից, տվել համագործակցության մասին ստորագրություն եւ ընտրել է «Ֆրոլով» ծածկանունը:
Պարզվել է, որ Մազիեւը Ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության ընթացքում՝ 1999 թվականի հոկտեմբերից մինչեւ 2005 թվականի հունվարի 4-ը, այսինքն՝ մինչեւ բացահայտվելն ու ձերբակալվելը, ստացել է հանձնարարություններ, այդ թվում՝ պատրաստել ֆոտոփաստաթղթեր «Էրեբունի» օդանավակայանի վերաբերյալ, ինչպես նաեւ՝ լուսանկարել «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքագիծը, ինքնաթիռների կայանման վայրերը, հարակից շենքերը: Ադրբեջանցիների հատուկ ծառայության աշխատակիցներին առանձնապես հետաքրքրել է ՀՀ նախագահի՝ օդանավակայանից մեկնելու եւ ժամանելու գործընթացը՝ ինչպե՞ս է ՀՀ նախագահը բարձրանում օդանավ եւ իջնում շարժական աստիճաններով, ինչպե՞ս եւ ի՞նչ ուժերով է ապահովվում նախագահի օդանավը թռիչքի եւ վայրէջքի ժամանակ, օդանավակայանով ՀՀ նախագահի շարժակազմի ընթացքը, ինչպես նաեւ՝ նախագահի նստավայրը եւ բնակավայրը: Մազիեւն այդ հանձնարարությունները հնարավորինս կատարել է, լուսանկարել է պահանջվածը, որը հետագայում քրեական գործով իրեղեն ապացույց է ճանաչվել: Երբ այդ լուսանկարների պատճենները հանձնել է հատուկ ծառայության աշխատակիցներին, վերջիններս չեն թաքցրել, որ դրանք հարկավոր են՝ ՀՀ նախագահի դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու ծրագիրն իրականացնելու համար: Մազիեւը 2005թ. դատապարտվել է ազատազրկման՝ 12 տարի ժամկետով:
Կամ մեկ այլ գործով. ՌԴ քաղաքացի, ազգությամբ թաթար Ռուստեմ Վալիախմետովը 2006թ. դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն)՝ 11 տարի 6 ամիս ժամկետով: Նա 1992-94թթ. ընթացքում կամավորական հիմունքներով մասնակցել է արցախյան ազատամարտին: Մարտական գործողությունների ավարտից հետո մշտական բնակության է տեղափոխվել Մոսկվա, որտեղ ծանոթացել է ադրբեջանցի Օլեգ Կռիլովի հետ, որից նա 2005թ. առաջարկություն է ստացել Ադրբեջանի հատուկ ծառայության համար Հայաստանում հավաքել տարաբնույթ տեղեկություններ, մասնավորապես՝ լուսանկարել Հայաստանի տարածքում տեղակայված պետական հիմնարկների շենքերը, տները, փողոցները, կամուրջները, դրանց հիմքերը, Երեւանի մետրոպոլիտենը, զորամասերը եւ այն ամենը, ինչը կարող էր հետաքրքրություն ներկայացնել հետախուզության համար: Այդ նպատակով Օլեգ Կռիլովի նյութական օժանդակությամբ նա ձեռք է բերել տեխնիկական սարքեր՝ թվային ֆոտոխցիկ, պատկերները մոտեցնելու եւ խոշորացնելու համար նախատեսված օբյեկտիվ, ֆոտոտպիչ, ձայնագրիչ, նրանից ստացել է նաեւ ճանապարհածախսը: Օգտվելով այն հանգամանքից, որ արցախյան ազատամարտին ունեցած մասնակցության արդյունքում Հայաստանում մի շարք անձանց շրջանում վայելում է հարգանք եւ հեղինակություն, որոշել է օգտագործել այդ գործոնը՝ հույս ունենալով հանցավոր գործողություններն անարգել իրականացնել՝ առանց կասկածներ առաջացնելու: Ձեռնամուխ լինելով առաջադրանքի կատարմանը՝ այցելել է Հայաստանի տարբեր շրջաններ: Հայաստանի մասին գիրք գրելու եւ Մոսկվայում ֆոտոցուցահանդես կազմակերպելու քողի տակ հավաքել է ռազմական նշանակության, կենսապահովման ոլորտի օբյեկտների եւ Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ տեղեկություններ: Կատարել է 4700-ից ավելի լուսանկարներ, այդ թվում հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտում տեղակայված թիվ N զորամասի տարածքից դեպի Վարդենիս-Նարիմանլու-Ազիզլու երթուղին եւ ճանապարհների ողջ երկայնքը: Տարբեր կրիչների վրա հավաքած տեղեկությունները չի կարողացել փոխանցել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին՝ իր կամքից անկախ պատճառներով:
Շուրջ 1 տարի առաջ բացահայտվեց մեկ այլ պետական դավաճանության եւ լրտեսության վերաբերյալ հանցագործություն, եւ բոլորովին վերջերս կատարողներից՝ Գեւորգ Հայրապետյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման 12 տարի, իսկ Բեհնամ Բաղերին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով՝ ազատազրկման 10 տարի ժամկետով: Արցախի ազատամարտի հայտնի հրամանատար Հայրապետյանը, մինչեւ 2007թ. սեպտեմբեր ամիսը ծառայելով ՀՀ ՊՆ համակարգում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ, ընկել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտ: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի համաձայն, Գ.Հայրապետյանը հավաքագրվել է 2009թ. ապրիլին եւ ստացել է առաջադրանք՝ օտարերկրյա հատուկ ծառայությանը տրամադրելու նպատակով հավաքել տարաբնույթ տեղեկատվություն: Վերադառնալով Հայաստան՝ այդ նպատակով նա սկսել է հավաքել տեղեկատվություն, այն է՝ գաղտնի համարվող առանձին մոտոհրաձգային գնդի մարտական գործողությունների տեղեկատվության մատյան, տեսանյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչության նպատակով, ինչպես նաեւ գաղտնի տեղեկություններ՝ ՀՀ ՊՆ մարտական հենակետերի, մարտական դիրքերի մասին, զորամասերի մարտական պատրաստականությունը գնահատող նկարահանումներ պարունակող տեսանյութերով սկավառակներ: Միաժամանակ պահել է գաղտնի տեղեկատվություն համարվող՝ ԼՂՀ պաշտպանության բանակի Քելբաջարի շրջանի զորամիավորումների տեղակայման վերաբերյալ քարտեզ: 2009թ. սեպտեմբերի 1-ին Իրանից Հայաստան է ժամանել ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բեհնամ Բաղերին: Նա ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցչի եւ Հայրապետյանի միջեւ եղած նախնական պայմանավորվածության համաձայն, ներկայացրել է նշանաբանը, այն է՝ բջջային հեռախոսը, որում առկա է եղել իր եւ ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակցի համատեղ լուսանկարը: Այնուհետեւ հյուրընկալվել է Հայրապետյանի բնակարանում եւ նրան հանձնել ադրբեջանական հատուկ ծառայությունից ստացած հերթական առաջադրանքով ծրարը, օտարերկրյա հետախուզական ծառայություններին հետաքրքրող հարցերի շուրջ պարզաբանման ենթակա հատուկ հարցաթերթիկը, որոնց վերաբերյալ ակնկալվող ճշգրիտ պատասխանները պարունակել են պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ: Հայրապետյանն իր հերթին կատարելով ադրբեջանական հետախուզության առաջադրանքը՝ վերջինիս փոխանցելու համար Բաղերիին է հանձնել այլ տեղեկություններ պարունակող վերը հիշատակված տեսասկավառակը: 2009թ. սեպտեմբերի 3-ին Մեղրիի «Կարճեւան» սահմանային անցակետում Բաղերին փորձել է անցկացնել վերոհիշյալ լազերային սկավառակը, սակայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված ստուգման ժամանակ այն հայտնաբերվել է նրա պայուսակի ստորին մասում հարմարեցված գաղտնարանում: Հատկանշական է այն, որ լրտեսության հիմնական շարժառիթը վերը նշված բոլոր գործերով եղել է նյութական շահը, սա բնորոշ է գրեթե բոլոր երկրներում այդ բնույթի հանցագործություն կատարած անձանց, շատ քիչ դեպքերում է լինում այլ շահ, օրինակ՝ գաղափարական: Հետախուզության եւ հակահետախուզության գործակալները, ինչպես նաեւ բացառություն չկազմող վերը նշված բոլոր գործերով լրտեսություն կատարած անձինք ունեցել են նախապես հորինված, ինչպես հետախուզության գործակալներն են ասում, «լեգենդ» եւ իրենց բուն գործունությունը փորձել են քողարկել կոմերցիոն, լրագրողական կամ այլ գործունեությամբ՝ օգտագործելով իրենց կենսագրությունը, մասնագիտությունը, նախկինում ունեցած արժանիքները: