Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

Նոյեմբեր 27,2010 00:00

\"\"ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Համադրենք, թե ինչ պատասխաններ է տվել այդ
նամակում արծարծված խնդիրներին քաղաքաշինության նախարարը:

Էլի՝ կանաչ
տարածքների հաշվին

«Շարունակվում են Երեւանի բետոնապատումն ու հանրային զբոսայգիների ոչնչացումը: Քաղաքաշինության նախարարությունն էլ շարունակում է իր անդեմ կեցվածքը՝ անկարող լինելով անգամ բացահայտ ապօրինի մի կցակառույց ապամոնտաժել»,- հոկտեմբերի 19-ին գրել էր Լիլիթ Գալստյանը եւ նշել կանաչ տարածքների հաշվին հանրային զբոսայգիների տարածքում կառույցների 3 օրինակներ: Առաջինն Ուսանողական այգին է. «Մի կողմից՝ իբրեւ թե Վ. Համբարձումյանի 100-ամյակն ենք նշում, նախագահը հուշարձանի բացում է կատարում, գիտելիքահեն ու մրցունակ Հայկական աշխարհ ենք կառուցում, 2012թ. Երեւանը հայտարարում ենք համաշխարհային գրքի մայրաքաղաք եւ Ազգային գրադարանից ընդամենը 4 մ հեռավորության վրա ոչնչացնում ենք Ուսանողական զբոսայգին, կառուցվող երկու հսկայական ռեստորանների արանքում նվաստացնում Համբարձումյանի արձանն ու Թամանյանի հեղինակած աստղադիտարանը»: Երկրորդը՝ Գլխավոր պողոտայի սկզբնամասում, այգու տարածքում արված հողհատկացումն է առեւտրի կենտրոնի ու ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցապատման համար: Եվ երրորդը՝ Կոմիտասի այգում կառուցվող դելֆինարիումը:
Լիլիթ Գալստյանը բազմաթիվ հարցեր էր առաջադրել՝ մասնավորապես. «Ի՞նչ հիմնավորմամբ, ի՞նչ առաջնահերթությամբ, ի՞նչ էկոլոգիական փորձաքննության արդյունքում են կայացվել կառուցապատման տվյալ որոշումները: Ինչո՞ւ է խախտվել Քաղաքաշինության մասին օրենքը եւ վերոհիշյալ ծրագրերը հանրային քննարկումներ չեն անցել, ինչն օրենքի պահանջ է: Ռեստորանի, առեւտրի կենտրոնի կամ Դելֆինարիումի կառուցման հասարակական պահանջը ո՞վ է ձեւակերպել, ինչո՞ւ հենց այգու եւ շատրվանների տեղում: Ինչո՞ւ ենք հենց գերծանրաբեռնված կենտրոնում շարունակում կառուցապատումը, լրացուցիչ տրանսպորտային բեռի հեռանկարով, երբ մայրաքաղաքի ծայրամասերը թերբեռնված են: Որքանո՞վ է բարոյական, նաեւ ճարտարապետական էթիկայի առումով արդարացված Պանթեոնի հարեւանությամբ Դելֆինարիումի կառուցումը»:
ՀՅԴ պատգամավորը նշել էր նաեւ, որ 2008-ից գործում է ՀՀ գլխավոր ճարտարապետի ինստիտուտը եւ նրա ղեկավարած քաղաքաշինական խորհուրդը. «Վերոհիշյալ ծրագրերից ոչ մեկը, այդ թվում՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հարցը չի քննարկվել խորհրդի կողմից: Արդյոք բավարար հստա՞կ են սահմանված այդ ինստիտուտի (գլխավոր ճարտարապետի) գործառույթներն ու լիազորությունները, թե՞ մայրաքաղաքը շարունակելու է քաղաքաշինական տեսչական հսկողությունից ու վերահսկողությունից, հանրային կարծիքից դուրս մնալ»:
Այս հարցերին պատասխանելուց բացի՝ նա խնդրել էր տրամադրել այդ 3 կառույցների փաստաթղթային հիմնավորումները:
Բացառիկ շահը՝
առեւտրի կենտրոն
եւ ավտոկայանատեղի՞

Նոյեմբերի 9-ին այս նամակին պատասխանել է քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Մասնավորապես, Տերյան փողոցի թիվ 74 հասցեում պատվիրատու «Արմեն» ՍՊԸ-ի համար իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ նշված է. «Սրճարանի կառուցման համաձայնեցված նախագիծն արտաքին չափերով չի համապատասխանում տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագծման պահանջներին: Շինությունը նախագծվել եւ կառուցվում է գոյություն ունեցող սրճարանի եւ ծածկի մակերեսից մեծ տարածքում՝ 28,2×8,7-ի փոխարեն՝ 27,8×18 մետր չափերով: Քանի որ կառուցվող սրճարանը գտնվում է Երեւանի պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտում, ապա դրա կառուցման անհրաժեշտությունը պետք է բխեր տվյալ միջավայրի պատմաճարտարապետական պահպանման պահանջներից, ինչը տվյալ դեպքում չի հիմնավորվել: Ուսանողական այգու Տերյան փողոցին հարող տարածքում կառուցվող սրճարանի ճարտարապետահատակագծային առաջադրանքի եւ համաձայնեցված նախագծի անհամապատասխանության փաստի առթիվ հաղորդում է ուղարկվել Երեւանի քաղաքապետին՝ առաջարկելով սահմանված կարգով վերացնել վերոնշյալ անհամապատասխանությունը»:
Սարյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայով սահմանափակված Գլխավոր պողոտայի հատվածը, ըստ պատասխանի՝ ՀՀ կառավարության 2009-ի փետրվարի 19-ի որոշմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ, եւ օտարվող տարածքը ձեռք է բերել «Նոր Երեւան» ՍՊԸ-ն: Համաձայն կառուցապատողի ներկայացրած էսքիզի նախագծի՝ պողոտայի այդ հատվածում նախատեսվել են հյուրանոցային համալիր եւ ստորգետնյա 2 հարկով կառույց, «որի 1-ին հարկում նախատեսված էր առեւտրի կենտրոն, 2-րդ հարկում՝ ավտոկայանատեղի: Երեւանի քաղաքաշինական խորհուրդը ներկայացված էսքիզային նախագիծը համարել է անընդունելի՝ հիմնավորելով, որ Գլխավոր պողոտայի այդ հատվածում վերգետնյա սպասարկման օբյեկտների առկայությունն անհարիր է զբոսավայր-ճեմուղու հիմնական գործառույթին եւ ծավալատարածական առումով չի համապատասխանում տվյալ իրադրությանը»: 2010-ի սեպտեմբերի 10-ին Երեւանի քաղաքաշինական խորհուրդը մեկ անգամ եւս քննարկել է փոփոխված էսքիզային նախագիծը. «Նախագծից հանվել են վերգետնյա սպասարկման օբյեկտն ու հյուրանոցը»: Եվ խորհուրդը հավանություն է տվել նախագծին:
Նամակում նշված է. «Կոմիտասի անվան այգում դելֆինարիայի կառուցման համար իրավունք տվող քաղաքաշինական փաստաթղթերը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը չեն տրամադրվել»: Ուստի դրա կառուցման քաղաքաշինական նպատակահարմարությանը նախարարությունը գնահատական կտա Երեւանի քաղաքապետարանի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո:
Վարդան Վարդանյանն անդրադառնալով Երեւանի քաղաքապետի կողմից իրականացվող քաղաքաշինական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացմանը՝ նշել է, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 105-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետի գործունեության նկատմամբ իրավական հսկողություն իրականացնող մարմինը համարվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը. «Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր ճարտարապետի լիազորությունների եւ գործառույթների սահմանմանը, ապա դրանք կհստակեցվեն ներկայումս ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ընթացող կառուցվածքային փոփոխությունների ավարտից հետո»:
Անզորության նամակ էր
Մեր հարցին, թե արդյոք բավարա՞ր է համարում կառավարության արձագանքը՝ Լիլիթ Գալստյանը պատասխանեց. «Անշուշտ՝ ո՛չ: Պատասխանը եկավ փաստելու, որ իմ արծարծած բոլոր մտահոգությունները տեղին էին, իսկ ավելի ճիշտ՝ Երեւանը քաղաքաշինական աղետի ու կամայականության գոտի է: Քաղաքաշինական խնդիրների մի անլուծելի հանգույցի առջեւ ենք կանգնած: Սա, ըստ էության, անզորության խոստովանություն էր: Դեռ 2008-ին մեր նախաձեռնությամբ Երեւանի կառուցապատման հայեցակարգային խնդիրների շուրջ ԱԺ լսումներ էինք կազմակերպել՝ պրոֆեսիոնալների հետ քննարկել մայրաքաղաքի բնապահպանական, անվտանգության, սեյսմակայուն շինարարության, կանաչ եւ հանրային տարածքների վերացման, ճարտարապետական դիմագծի, կետային խիտ ու չհամակարգված շինարարության խնդիրները: Ու թեեւ ՀՀ քաղաքացու կենսական շահը եւ բնակության համար նպաստավոր կենսամիջավայրի ստեղծման հանձնառությունը ամրագրված են ՀՀ սահմանադրությամբ, ազգային անվտանգության հայեցակարգով ու նաեւ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով, սակայն շարունակում են մնալ արհամարհված իրողություններ: Եվ նամակիս պատասխանը եկավ փաստելու, որ այդպես է՛ր եւ այդպես է՛: Կառավարությունը նույնիսկ չկարողացավ տրամադրել քաղաքաշինական անհրաժեշտ փաստաթղթերը, եւ համոզված եմ՝ ոչ թե չուզեցավ, այլ՝ չկարողացավ: Եթե ոչ անզորություն, ապա ի՞նչ անուն տամ: Դելֆինարիումի փաստաթղթերի փաթեթ չկա: Ուսանողական այգում կառույցի վերաբերյալ փաստել են, որ ճարտարապետական նախագծային առաջադրանքի խեղումով է կատարվել, եւ ըստ էության՝ ապօրինի կառույց է: Գլխավոր պողոտայում կառուցապատումն էլ թեեւ քննարկվել է Երեւանի քաղաքաշինական խորհրդում, բայց բախվել է ճարտարապետների ու բնապահպանների ընդվզումին եւ, ըստ էության, շարունակում է մնալ օդում: Երեւանում տասնյակ կառուցապատումներ են իրականացվում օրենքները շրջանցելով: Եթե Երեւանը երեւանցու շահին չի ծառայում, էլ ի՞նչ մայրաքաղաք: Կառավարությունն իր որոշումների վերահսկողությունն իսկ չի կատարում՝ հանրային կառույցները համալիր, այդ թվում՝ բնապահպանական փորձաքննության չեն ենթարկվում, չեն տրվում մշակութային միջավայրի պահպանության մասին եզրակացություններ»:
Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Լիլիթ Գալստյանն առաջարկեց Երեւանի փրկության կոմիտե ստեղծել. «Կառավարության կեցվածքը, վիճակի անելանելիությունն է դրդում, որ ուժի մեջ մնա Երեւանի փրկության կոմիտե ստեղծելու առաջարկս: Քաղաքաշինական արկածախնդրությունն ու շահն ուղղակի վտանգում են մայրաքաղաքի ապագան: ՀՀ բնակչության 1/3-ը Երեւանում է, ուր բնակֆոնդի 70 տոկոսը սեյսմակայուն չէ: Սա իսկապես աղետալի է: Բետոնի խտությունից քաղաքը խեղդվում է: Կարեւորելով Սեւանի բացառիկությունն ու խնդիրները՝ ՀՀ նախագահին կից ստեղծվեց հանձնաժողով: Կարծում եմ՝ նույնքան եւ ավելին է Երեւանը: Նրա քաղաքաշինական խնդիրներն ու հեռանկարը պետք է դարձնել քաղաքական բարձր գիտակցության ու կամքի առարկա: Այսպես շարունակելը պարզապես նշանակում է կտրել այն ճյուղը, որին նստած ենք: Մեր՝ ՀՅԴ խմբակցությունը, քննարկում է խնդրի հետապնդումը շարունակելու եղանակները. հավանաբար առաջիկայում հանդես կգանք հարցապնդումով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել