Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷԻՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ

Նոյեմբեր 27,2010 00:00

Երեկ հայաստանյան լրատվամիջոցներից մի քանիսի խմբագիրները, նաեւ լրագրողներ ու պարզապես շարքային քաղաքացիներ Հանրապետության հրապարակի հենց կենտրոնում՝ ի պաշտպանություն «ՀԺ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի, հերթական բողոքի ցույցն են արել: Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլի եւ էլեկտրոնային կայքերի շուրջ մեկ տասնյակ խմբագիրներ համատեղ հայտարարություն էին արել՝ իշխանություններից պահանջելով ապահովել Փաշինյանի անվտանգությունը «Կոշ» ՔԿՀ-ում ու, որ ամենակարեւորն էր՝ նրան ազատ արձակել: Նույն պահանջով երեկ տեղի ունեցած ակցիայի ժամանակ դրա մի քանի տասնյակ մասնակիցները շրջան կազմած պարզել են Նիկոլ Փաշինյանի նկարով պաստառներ: Ապա ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք եւ միացել այնտեղ Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ ու քաղբանտարկյալների կանանց մասնակցությամբ նույն պահանջով անցկացվող բողոքի ցույցին: Այս ակցիային հաջորդել է երթ՝ դեպի ՀՀ-ում ԵԽ ներկայացուցչություն, որին փոխանցվել է Կոմիտեի պատրաստած նամակը: Իսկ նամակում մասնավորապես ասված է. «Հակառակ ԵԽԽՎ ընդունած բոլոր բանաձեւերի, մասնավորապես վերջին 1676 բանաձեւին, Հայաստանի իշխանությունները չեն կատարում նրանց պահանջները, մասնավորապես չեն ազատում քաղբանտարկյալներին, նույն կերպ շարունակում են չկատարել «Ա1+» հեռուստաընկերությանը եթեր տրամադրելու, հավաքների ազատությունը ապահովելու պահանջները: Մենք պահանջում ենք ԵԽ-ից, նրա խորհրդարանական վեհաժողովից եւ մոնիտորինգի հանձնաժողովից օգտագործել բոլոր լծակները, դիմել անհրաժեշտ քայլերի, որպեսզի ապահովվի ԵԽԽՎ բանաձեւերի պահանջների կատարումը: Քաղբանտարկյալների գոյությունը Հայաստանում, ինչպես նաեւ ԵԽ անդամ բոլոր երկրների, ԵԽ կառույցների ամոթն է եւ խայտառակությունը»: Նամակով ակնկալվում է նաեւ միջազգային կառույցների միջամտությունը, որ երաշխավորվի Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական անվտանգությունը եւ չխոչընդոտվի նրա հրապարակախոսական գործունեությունը:
Նույնաբովանդակ նամակը երթի մասնակիցները հանձնել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել