Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԱՀԱՅԵՐԸ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԻԱԿ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐՆ ԵՆ

Նոյեմբեր 27,2010 00:00

\"\"Վստահ են Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամները

«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ 2010-ի փետրվարի 28-ին ազատագրված տարածքներում տեղի կունենա Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարը, որը հետագայում նախատեսվում է վերածել բնիկ ժողովուրդների լիազոր ներկայացուցիչների համաժողովի: Միջոցառման կոնկրետ վայրը դեռ հստակեցված չէ: «Առավոտի» հետ զրույցում Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Արարատ Ծատուրյանն այդ ցանկությունն այսպես հիմնավորեց. «Դա պայմանավորված է նրանով, որ ադրբեջանահայությունն այդ տարածքների միակ եւ օրինական ժառանգորդն է: Մենք ենթարկվել ենք ցեղասպանության եւ անցել ենք ինքնապաշտպանական կռիվների, ու պատահական չէր, որ ղարաբաղյան բանակը կոչվում էր ինքնապաշտպանական. այդ ինքնապաշտպանական կռիվների ընթացքում էլ ազատագրել ենք մեր հայրենիքի մի մասը, եւ փլուզվող Սովետական Միության հիմքերի վրա այդ հատվածը հայտարարել է իր անկախությունը, որի իրավունքն ուներ այնքան, ինչքան որ ունեին Ադրբեջանը եւ մնացյալ հանրապետությունները»: «Առավոտի» հարցին՝ ի՞նչ խնդիր է լուծվելու այդ համագումարով, ինչո՞ւ հիմա՝ այսքան տարի անց միայն ադրբեջանահայությունը որոշեց միավորվել եւ տեր կանգնել իր իրավունքներին, Արարատ Ծատուրյանը պատասխանեց. «Անկախությունից հետո մենք մտածում էինք, որ կա պետականություն, եւ ՀՀ-ն համայն հայության ներկայացուցիչն ու շահերի պաշտպանն է, հույս ունեինք, որ իշխանությունն ինքն այդ հարցը պետական մակարդակով կբարձրացներ համապատասխան ատյաններում եւ հետամուտ կլիներ մեր շահերի եւ իրավունքների պաշտպանությանը: Ցավոք, իշխանությունը չգնաց այդ ճանապարհով, ավելին, ՀՀ-ի կողմից վարվող արտաքին քաղաքականության մեջ երբեւէ որպես կռվան այդպես էլ չօգտագործվեց այդ փաստարկը: Ստացվեց հանրահայտ առածի նման՝ «Խեղդվողի փրկությունը խեղդվողի ձեռքերում է», ու մենք փորձում ենք ինքներս անել: Բայց սա մեր մենաշնորհը չէ, սա համահայկական, համազգային աջակցություն պահանջող խնդիր է. Հայոց ցեղասպանությունը չի կարող մի հատվածի խնդիր լինել: Նույն դարում տեղի է ունեցել Հայոց երկու ցեղասպանություն՝ 1915-22 թվականների Եղեռնը եւ 1988-92թթ. նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում հայերի զանգվածային ոչնչացումը: Ես պնդում եմ, որ ադրբեջանական իշխանությունը խնդիր էր դրել այդ տարածքում հայերին զանգվածաբար ոչնչացնելու, ոչ թե մեզ դեպորտացիայի էին ենթարկում, եւ մենք տեղահանվեցինք: Մեղավորները հայտնի են»:
Ադրբեջանահայերի համագումարի հիմնական նպատակն է համախմբել ադրբեջանահայերին՝ Նախիջեւանից, Գանձակից, Բաքվից եւ Ադրբեջանական ԽՍՀ տարածքի մյուս պատմական հայկական բնակավայրերից, ընտրել իրավաքաղաքական սուբյեկտ, որն էլ բոլոր իրավունքները եւ պահանջները կներկայացնի միջազգային ատյաններում: Միջազգային հանրությանը նաեւ պահանջ է ներկայացվելու՝ անկախ հետաքննիչ մարմինների միջոցով հայտնաբերել 1988-92թթ. հայերի ցեղասպանության կազմակերպիչներին եւ նրանց հանձնել միջազգային դատարանի դատին:
Մեր զրուցակիցը չկիսեց դիտարկումը, որ այս քայլով, փաստորեն, հայտարարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին չվստահելու մասին: «Բանակցային գործընթացին վստահում ենք, բայց պետք է ճշգրտումներ մտցվեն: Երբ ասվում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն», պետք է հստակ լինի, թե ինչ նկատի ունեն: Եթե այդտեղ նկատի չեն առնվում պատմական հայկական հողերը՝ մենք խնդիր չունենք: Բայց միջազգային հանրությունն իր շահադիտական նպատակներից ելնելով՝ այլ բան է ասում: Այդ տեսանկյունից չճանաչվեցին Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, բայց Կոսովոն ճանաչվեց: Մենք կողմ ենք հարցի լուծմանը խաղաղ բանակցություններով եւ ազգերի ինքնորոշման ճանապարհով ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ առանց պատմական հայկական հողերի»,- ասաց Արարատ Ծատուրյանը: Հակադարձելով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը եւ «սեպարատիստական, անջատողական» որակումներին եւ ցեղասպանության փաստի ժխտումներին՝ մեր զրուցակիցը հավելում է. «Չեչենները, օսերը, աբխազները նույն բանն արեցին, բայց ռուսական որեւէ քաղաքում չեչեններին զանգվածաբար չմորթեցին. այսօր էլ կա Չեչնիա, որտեղ ապրում են չեչենները, եւ նախագահն էլ չեչեն է: Ոչ էլ վրացական որեւէ բնակավայրում օսեթներին կամ աբխազներին ոչնչացրեցին: Մինչդեռ հայերի բնաջնջմանը լծվել էին Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր օղակներն ու ատյանները: Այդ ամենին ներգրավվեց նաեւ ժողովուրդը, բացառությամբ մի փոքր հատվածի, ովքեր քննադատեցին, դեմ խոսեցին, ինչի համար իրենք էլ հալածվեցին ու ստիպված եղան լռել: Իսկ սովետական բանակն իր բոլոր ստորաբաժանումներով լռելյայն հետեւում էր, կամ էլ չկարողացան մեզ պաշտպանել»: Ելնելով հատկապես այս փաստից՝ Արարատ Ծատուրյանը խիստ կասկածում է, որ ՆԱՏՕ-ի կամ մեկ այլ խաղաղապահ ուժ ի վիճակի կլինի պաշտպանել Ադրբեջան վերադարձած հայ փախստականին:
Կազմկոմիտեն ակտիվ հանդիպումներ է ունենում հայաստանյան քաղաքական ուժերի հետ՝ առանց իշխանական եւ ընդդիմադիր դասակարգումների, փորձում են խնդրի լուծմանը ներգրավել նաեւ սփյուռքյան կառույցներին, օգտագործել այդ ներուժը միջազգային կառույցներում՝ հարցը հասանելի եւ լսելի դարձնելու համար: Նրանք վստահ են, որ այս հարցի շուրջ հայության համախմբումը կարող է բեկումնային լինել ՀՀ-ի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել