Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵԿԱՆ

Նոյեմբեր 27,2010 00:00

\"\"Նրանք նախապատրաստվում են Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը երեկ ժամանեցին Երեւան: Մինչ Հայաստան գալը՝ նրանք երկար ճանապարհ էին կտրել՝ նախ այցելելով Մոսկվա, ապա՝ նաեւ Բաքու:
Երեկ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նախ՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ շուրջ մեկուկես ժամ տեւած հանդիպման ընթացքում ներկայացրել են նախօրեին Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների արդյունքները, հետո քննարկել նաեւ Աստանայում դեկտեմբերի 1-2-ը ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպումների նախապատրաստական աշխատանքները: Նույն խնդիրները համանախագահներն ավելի ուշ քննարկել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Նախագահականից ստացված հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցերի»: Հիշեցնենք՝ ենթադրվում է, որ Աստանայում, այնուամենայնիվ, տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, թեեւ արդեն պարզ է, որ այնտեղ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում ոչ մի բեկում չի լինելու:
Այն, որ Աստանայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ նոր առաջարկներ չեն ներկայացնի՝ դեռ Բաքվում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Հարցին, թե՝ կա՞ն արդյոք նոր առաջարկներ կողմերի համար, Ֆասիեն պատասխանել էր. «Ձեզ հայտնի է, որ երեք տարի առաջ մենք կողմերին առաջարկեցինք Մադրիդյան սկզբունքները, եւ այդ ժամանակից սկսած մենք աշխատում ենք այդ փաստաթղթի վրա՝ յուրահատուկ բարդությունները վերացնելու համար: Դրանք նոր առաջարկներ չեն»: Ֆրանսիացի համանախագահը հրաժարվել է պատասխանել հարցին, թե՝ ինչպիսի՞ն կլինի ԵԱՀԿ ՄԽ արձագանքը, եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվի մասնակցել Աստանայում կայանալիք գագաթաժողովին: «Ես չեմ կարող հաստատել անգամ Ֆրանսիայի նախագահի ծրագրերը, ուր մնաց՝ պատասխանեմ հարցին՝ կմասնակցի՞ արդյոք Հայաստանի նախագահը գագաթաժողովին: Կյանքում եւ դիվանագիտության մեջ հիպոթետիկ հարցերին պատասխանելն անհնար է»,- ասել է Ֆասիեն:
Ի դեպ, Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրի 35-րդ կետը, որտեղ գագաթաժողովը նշել էր, թե ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի հանրապետությունների տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնավարությանը, եւ որ դաշինքը շարունակելու է աջակցել այս տարածաշրջաններում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ առաջնորդվելով վերոնշյալ սկզբունքներով, շարունակում է քննարկման առարկա մնալ: Երեկ այդ հարցի առնչությամբ պաշտոնական պարզաբանում ստանալու համար «Ռադիոլուրը» դիմել է ՆԱՏՕ-ի եւ նաեւ՝ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր հանդիսացող՝ Հայաստանում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանություններին: Մասնավորապես Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատասխանում նշվել է. «Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ եւ տեւական լուծմանը՝ ՄԽ գործընթացի միջոցով, Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթում ամրագրված՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների, ինչպես նաեւ նախագահներ Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի կողմից 2009թ. Լ’Աքվիլայում եւ 2010թ. Մուսկոկայում արված համատեղ հայտարարություններով վերահաստատված տարրերի հիման վրա»: Գրեթե բառացիորեն նույնաբովանդակ պարզաբանում է ստացվել նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից: Թե այս դեպքում ՆԱՏՕ-ի անդամ ու նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ հանդիսացող միջնորդ երկրների ներկայացուցիչները ինչպե՞ս են մանեւրելու իրարից էապես տարբերվող՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի ընդունած բանաձեւի եւ Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթում ամրագրված վերը շարադրված սկզբունքների միջեւ՝ դժվար է ասել:
Ինչ վերաբերում է Աստանայում կայանալիք գագաթաժողովին, ապա արդեն նույնիսկ ադրբեջանական կողմն է հայտարարում, որ այնտեղ Ղարաբաղի հակամարտության շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրում չի նախատեսվում: Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը վստահորեն պնդում էր, թե Աստանայի գագաթաժողովը ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում կարող է բեկումնային լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել