Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էմոների մոտ բացակայում է ամոթի զգացումը

Նոյեմբեր 26,2010 00:00

Ըստ հոգեբանի՝ նրանց շրջանում շատ են  սեռական սանձարձակությունները

\"\"«Էմոները կործանարար են»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Հոգեբանը գտնում է, որ Հայաստանում «էմո» շարժումը տարածելու համար օգտագործվում են դեռահասների տարիքային յուրահատկությունները՝ շեղվող վարքը խթանելու համար. «Էմոյականությունը շեղվող վարքի ուղղակի արտահայտություն է: Պատանի տարիքում շատ կարեւոր է երեւալ, ինքնահաստատվել, տարիքին բնորոշ է նաեւ ծնողների դավանած արժեքներին չենթարկվելը, չընդունելը: Ինքնահաստատման այսպիսի դրսեւորումները նորմալ են: Բայց եթե կանխարգելիչ միջոցներ չեն կիրառվում, այդպիսի դրսեւորումները կարող են դառնալ պաթոլոգիական եւ վտանգավոր: Էմոների պարագայում գործ ունենք սոցիոպաթ վարքի հետ, որը պաթոլոգիական վարք է՝ վտանգավոր հենց դեռահասների համար»: Կ. Նալչաջյանը նշում է, որ էմոների խմբում ընդգրկված էմոցիոնալ երիտասարդների մոտ վտանգավորության տարբեր կողմեր կան. «Նախ, վտանգավոր է հենց իրենց համար, որովհետեւ այստեղ կան դեպրեսիվ վիճակների՝ ինքնասպանության պաշարմունքի, մազոխիստական վարքի շատ ուժեղ արտահայտություն: Հասարակության համար եւս վտանգավոր է հենց միայն այն իմաստով, որ նոր ներգրավումների ազդակ կա: Ազգային առումով շատ մեծ վտանգ եմ տեսնում, քանի որ նման երիտասարդությամբ հնարավոր չէ հաջորդ սերունդ նախապատրաստել: Սրանք քաղաքակրթական հասարակության զարգացման թերություններ են, որոնք ժամանակ առ ժամանակ արտահայտվում են: Բայց մեզ նման երկրի ու ազգի համար, որն ունի ինքնապահպանման խնդիր, դա կործանարար է»:

Հոգեբանը նկատում է, որ էմոների շարժումը էմոցիաներն ավելի բացահայտ ցուցադրելու, հասարակությունից առանձնանալու խնդիր ունի. «Այսպիսի օրինաչափություն կա՝ հոգեկան խանգարումները, մասնավորապես՝ նեւրոզները ավանդական կերպով առաջանում են այն պատճառով, որ մարդիկ իրենց ապրումներն ու հույզերը հիմնականում սահմանափակում են, չեն արտահայտում: Էմոների դեպքում ամեն ինչ հակառակն է: Էմոցիաները, ներքին ապրումները ցուցադրելու, չթաքցնելու դեպքում կարող են առաջանալ հոգեբանական տարբեր կարգի շեղումներ: Էմոների դեպքն այն է, որ իրենց սեռական սանձարձակություններով ներքին ցանկացած մղում որեւէ պատնեշի չի հանդիպում եւ դրսեւորվում է ամենաայլասերված ձեւերով»: Հոգեբանի խոսքով, էմոների շրջանում շատ են սեռական սանձարձակությունները. «Բացի այն, որ էմոները վտանգավոր են հասարակության համար, նրանց շրջանում առկա է սահմաններ եւ չափ չունեցող սեռական սանձարձակություն: Այս շարժման մեջ ընդգրկված երեխաների, դեռահասների մոտ ամոթի զգացումի իսպառ բացակայություն կա: Այսինքն՝ այն ամենը, ինչ բնորոշ է նորմատիվ ընդունված վարքին, այս խմբի անդամների մոտ բացակայում է: Նրանց մոտ շատ է միասեռականությունը, սեռերի մեջ չկա տարբերություն՝ համբուրվում են բոլորի հետ, արտաքնապես տղաներն ու աղջիկները չեն տարբերվում իրարից»:

Հոգեբանն անդրադարձավ նաեւ վերջերս Ծաղկաձորում Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված ԼԳԲՏ-ների (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) խնդիրներին վերաբերող սեմինարներին: Ըստ հոգեբանի, Բրիտանական խորհուրդը ապակառուցողական գործունեություն է ծավալում Հայաստանում. «Գլոբալիզացվում ենք… կուլիսներից այն կողմ ղեկավարվող շարժումներ են, որոնք Հայաստանի նման երկրների համար շատ վտանգավոր են: Այդ շարժումները կտրում են մարդկանց իրենց արմատներից: Կտրում են այն արժեքներից ու նորմերից, որոնք մեր երկրի մշակութային հանրույթում, մեր էթնոսում ընդունված են»: Նա գտնում է, որ սեմինարներն ու նմանատիպ միջոցառումները նպաստում են հատուկ շեղվածություն ունեցող երիտասարդների, պատանիների ավելացմանը. «Եթե ինչ-որ կազմակերպություններ, ուժեր այս ամենի առջեւ բացում են բոլոր դռներն ու խրախուսում, այստեղ ակնհայտորեն ոչ մի լավ բան չեն արվում ոչ երեխաների, ոչ էլ հասարակության համար, որտեղ իրենք գործում են»:

(Ի դեպ, պետք է նշենք, որ օրերս էլի էր նման կարծիք հնչել Բրիտանական խորհրդի գործունեության մասին, եւ վերջինս հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.«Բրիտանական խորհուրդը Միացյալ Թագավորությունում եւ ամբողջ աշխարհում որդեգրել է հավասար հնարավորությունների եւ բազմազանության քաղաքականություն, համաձայն որի կազմակերպությունն իր գործունեության մեջ բացառում է խտրականության բոլոր ձեւերը: Քննարկում-հանդիպման կազմակերպումը բխում էր հավասար հնարավորությունների եւ բազմազանության մեր քաղաքականության սկզբունքներից: Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու հանդուժողականության տարածումը բխում է նաեւ ՄԱԿ-ի «Սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության» հռչակագրից, որին միացել է նաեւ Հայաստանը: Քննարկմանը մասնակացել է 6 լրագրող եւ ԼԳԲՏ համայնքի 6 ներկայացուցիչ: Հանդիպման կազմակերպման նպատակն էր օգնել կառուցողական երկխոսություն հաստատել ԼԳԲՏ համայնքի եւ մամուլի ներկայացուցիչների միջեւ, վեր հանել երկու կողմերին հուզող հարցերը եւ գտնել խնդիրների լուծումներ ու համագործակցության ուղիներ: Մասնավորապես, բարձրացված խնդիրներից էր լրագրողների կողմից օգտագործվող թյուր եւ վիրավորական բառապաշարը, որը նաեւ պայմանավորված է հայերենում որոշ հասկացությունների նոր եւ արհեստական լինելով: Մեկ այլ խնդիր է լրատվության մեջ լավ չուսումնասիրված եւ չփաստված, ենթադրված կամ խեղաթյուրված տեղեկատվության տարածումը–խմբ.):

Հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր էմոներին դարձի բերել, հոգեբանը ասաց. «Խնդիրը բավականին բարդ է եւ մեծ աշխատանք է պահանջում: Ընդհանրապես, երբ կա խռովություն ընդունված նորմերի դեմ, կոշտ միջոցները երբեմն հակառակ արդյունքին են հասցնում, նույնիսկ ծնողների կողմից: Օրինակ, մի քանի տարի առաջ, երբ առաջին էմոներն էին ի հայտ եկել Հայաստանում, մարդիկ կարծեցին, թե նորություն է, կանցնի-կգնա: Բայց երբ հասել ենք նրան, որ զանգվածային բնույթ է կրում, այստեղ պետությունը պետք է տեղից շարժվի: Էմոների պարագայում պետության աջակցությունը նկատվում է՝ ոստիկանական գործողություններով: Բայց կոպիտ եւ գռեհկության հասնող մեթոդները մերժելի են: Այստեղ խիստ համակարգված, աստիճանական, անհատականացված մոտեցումներ են պետք: Սոցիոպաթիայի դեպքում նրբագույն հոգեբանական մոտցումներ են պետք: Կոպտությունը նեգատիվիզմ կառաջացնի: Պետք է ծնողներն առաջին հերթին սկսեն աշխատել՝ եթե նկատում են երեխայի մոտ խիստ արտահայտված դրսեւորումներ, ագրեսիվիզմ, ըմբոստացում, անհնազանդություն, ինքնուրույն երեւալու ցանկություն, ուրեմն՝ սա արդեն շեղվածություն է: Այսինքն՝ այդ շարժման մեջ ընդգրկված երեխան ունի ընդգծված վարք՝ ցուցադրական, հիստերոիդ շեշտադրություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել