Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՉՊԵՏՔ Է ՍՏԻ ԻՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ»

Նոյեմբեր 26,2010 00:00

\"\"Այս կարծիքին է քանոնահարուհին

Գյումրու երկրաշարժից հետո փլուզվեց նաեւ գյումրեցիների ներաշխարհը, նրանք կորցրին իրենց հավատը կյանքի նկատմամբ, սակայն այդ ժամանակ փոքրիկ տնակում ապրում էր մի աղջնակ, ով անգամ մոմի լույսի տակ շարունակում էր նվագել իր սիրելի երաժշտական գործիքը՝ քանոնը. «Երբ նվագում էի, շատերը հեգնում էին: Ասում էին՝ մարդիկ մահանում են, իսկ դու քո երաժշտությամբ ես զբաղված…»,- պատմում է 31-ամյա քանոնահարուհի Նինա Խաչատրյանը՝ հիշելով երկրաշարժի օրը:

«Երկրաշարժի ժամանակ ես դասասենյակում էի: Ու եթե այդ պահին ամբողջ դասարանը լսեր ուսուցչուհուն, մնար դասասենյակում, հիմա ոչ մեկը կենդանի չէր լինի, որովհետեւ մեր՝ դպրոցից դուրս վազելուն պես, շենքը փլվեց: Ես հրաշքով փրկվեցի: Դրանից հետո երաժշտությունը դարձավ իմ կյանքը, ու ինձ ներշնչեց երկրաշարժից հետո ավելի լավատես լինել»,- պատմում է Նինան:

Նինան հաճախել է Շերամի անվան 5-րդ երաժշտական դպրոցը: Որտեղ մասնակցելով տարբեր մրցույթների՝ սկսվել են նրա հաջողությունները: 1993 թվին, մասնակցելով միջազգային «Ամադեուս» մրցույթին, արժանանացել է ոսկե մեդալի: 1995-ին՝ ընդգրկվելով մրցույթի հաղթողներից կազմված խմբում, սկսվում են շրջագայությունները ԱՄՆ-ի մի շարք նահանգներ:

«Ես զարմացել էի, որովհետեւ ԱՄՆ-ում քանոնի նկատմամբ հետաքրքրությունը ավելի մեծ էր, քան Հայաստանում»,- անկեղծանում է Նինան՝ վերադառնալով իր ուսման տարիների պատմությանը: Նա սկզբում ընդունվել էր դաշնամուրի բաժինը, սակայն 2-րդ դասարանում, լսելով քանոնահարուհի Ալվարդ Միրզոյանի կատարմամբ Սայաթ-Նովայի «Էշխեմեդը», այնքան է տպավորվում, որ որոշում է քանոն նվագել:

«Երբ քանոնին ավելի մոտ կանգնեցի, ձեռքս վերցրեցի, այն ինձ միանգամից հոգեհարազատ դարձավ»,- ասում է Նինան: Նա ավարտեց երաժշտական ուսումնարանի թե՛ դաշնամուրի եւ թե՛ քանոնի բաժինները, ապա ընդունվեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ միաժամանակ աշխատելով Գյումրու պետական նվագախմբում, որպես առաջին կարգի քանոնահարուհի: Կոնսերվատորիան ավարտելուց հետո (2003 թ.) նա նվագախմբի հետ հրավիրվում է Ֆրանսիայի Մարսել քաղաք՝ մասնակցելու այնտեղ կայանալիք երաժշտական փառատոնին: Իսկ 2004-ին նա արդեն անհատական հրավեր է ստանում Մարսել՝ 6 ամսով աշխատելու, քանոն դասավանդելու, տեղի ժողմիության պետական նվագախումբը ղեկավարելու, ինչպես նաեւ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում անհատական համերգներ ունենալու համար:

«Ֆրանսիայում աշխատեցի տարբեր տարիքի մարդկանց հետ: Սակայն ամենատպավորիչը 63-ամյա Կոլետն էր, ում երազանքը քանոնի վրա իր ապուպապերից լսած «Հորովելը» նվագելն էր: Նա բավականին լուրջ ու պահանջկոտ կին էր, երկու ամիս հաճախելով իմ բոլոր համերգներին՝ մի օր մոտեցավ ինձ ու ասաց. «ես կուզենամ քեզի նման քանոն նվագել»: Իմանալով հանդերձ, որ 4 ամսում բեմի վրա քանոն նվագելը թե ֆիզիկապես եւ թե տեխնիկապես հնարավոր չէ, ես նրան սովորեցրի նվագել: Վերջում՝ իմ գնահատականը նրան արտասվելով «Հորովել» նվագելիս տեսնելն էր: Նա չէր հավատում, որ իր երազանքը վերջապես իրականացել է»,- մեզ հետ զրույցում պատմում է Նինան, որը 2007-ին Ֆրանսիայից վերադառնալով Հայաստան՝ հրավիրվում է շրջագայության Ռուսաստան, Ֆինլանդիա, Նորվեգիա:

Ինչ վերաբերում է իր սիրելի հանդիսատեսին, ապա, ըստ քանոնահարուհու, ինքը մարդկանց անկեղծ հույզերն ու արտասուքը երբեք չի փոխի կեղծ ժպիտների, բրավոների ու ծաղիկների հետ: «Արվեստագետը չպետք է ստի իր հանդիսատեսին: Եթե մարդու հնչեցրած երաժշտությունը հոգուց չի բխում, եթե ուղղակի մատներն է շարժում՝ նա երաժիշտ դառնալ չի կարող: Երկաթը հնարավոր չէ դարձնել հնչեղ գործիք: Ցավոք, հիմա շատերը չգիտեն, թե ինչ է քանոնը, այդ պատճառով էլ թողարկել եմ հատուկ ուսուցանող ձայնասկավառակ, որը կոչվում է «Էշխեմեդ» եւ իր մեջ ներառում է 6 ստեղծագործություն, որոնցից երեքը՝ ակապելլա: Կարծում եմ, այս ձայնասկավառակը լսելով՝ մարդիկ գաղափար կկազմեն քանոնի հնչողականության մասին»,- հավաստիացնում է նա, շարունակելով, որ երբ նվագում է՝ տեղափոխվում է այլ աշխարհ՝ պարփակվելով իր ստեղծագործության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել