Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ՈՍԿԻՆ: ՀՈՒՍԱՆՔ՝ ՈՉ ՎԵՐՋԻՆԸ

Նոյեմբեր 26,2010 00:00

\"\"
Երկրորդ շարքում Արայիկ Միրզոյանը (ձախից) եւ  Աղասի Աղասյանը::

Կիպրոսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնությունում վերջապես Հայաստանի ներկայացուցիչը բարձրացավ պատվո պատվանդանի հաղթողի աստիճանին: Իսկ նրանից ընդամենը մեկ աստիճան ցածր կանգնեց հայաստանցի երկրորդ ծանրորդը:

Ոսկե մեդալի մենք ավելի վաղ էինք սպասում, բայց չնախատեսված պատճառներով այն եկավ համեմատաբար ուշ: Առաջնության երրորդ օրը Լիմասոլում պայքարի մեջ ներգրավվելու էին միայն ավագ տարիքային խմբում ընդգրկված 77 կգ քաշայիններ Արայիկ Միրզոյանն ու Աղասի Աղասյանը, որոնք երկուսն էլ նախնական հայտով պատվիրել էին 345 կիլոգրամ եւ հավասարապես հավակնում էին առաջին տեղին: Եվ այն, որ մեր ծանրորդները կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը, նաեւ մարզչական գրագետ աշխատանքի արդյունք է: Մեդալի համար պայքարում հայ ծանրորդի ներկայությունն ապահովագրելու եւ մոտակա մրցակից թուրք Սեմիհ Յագչիի (նա միայն երրորդ մոտեցմամբ էր ֆիքսել 144 կիլոգրամը, ինչը լավագույնն էր այդ պահի դրությամբ) նկատմամբ առավելություն ստանալու նպատակով մեր ծանրորդներից առաջինը մրցահարթակ մտավ Աղասին եւ հրում վարժության առաջին իսկ մոտեցմամբ գլխավերեւում պահեց 146 կգ ծանրաձողը: Այնուհետեւ, 150 կգ-ով հաջող մեկնարկեց նաեւ Արայիկը եւ դրանից հետո մրցահարթակում լավագույնը ճանաչվելու համար պայքարը շարունակվեց երկու հայ ծանրորդների միջեւ: Աղասին սանձեց նաեւ 151 կիլոգրամը, ինչին Միրզոյանի 155 կիլոգրամանոց պատասխանն անհաջող ստացվեց: Սակայն նա այդ արգելքը հաղթահարեց երրորդ փորձով: Անձնական քաշով ծանր Աղասի Աղասյանը պոկում վարժությունում առաջին տեղը գրավելու նպատակով գնաց 156 կիլոգրամի, սակայն մոտեցումը չստացվեց ու նա բավարարվեց փոքր արծաթե մեդալով՝ ոսկին զիջելով Արային:

Հրում վարժությունում պատկերը նույնն էր, միայն այն տարբերությամբ, որ մեր երկու թիմակիցների պայքարն սկսեց Արայիկը: 180 կիլոգրամին առաջին մոտեցումն անհաջող ստացվեց: Այստեղ երրորդ մոտեցմամբ պայքարին միջամտելու հուսահատ փորձ արեց թուրք ծանրորդը՝ բարձրացնելով 181 կգ ծանրաձողը: Բայց Աղասին 185 կիլոգրամով կանխեց նրան՝ զրկելով ոսկի երազելու հույսերից: Իսկ երբ օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի եղբոր որդին վերջին երկու մոտեցումներում միմյանց հետեւից ցույց տվեց 180 եւ 186 կգ արդյունք, պարզ դարձավ, որ այստեղ էլ չեմպիոնության հարցը լուծվելու է միայն հայաստանցիների մեջ: Աղասին հարկադրված պատվիրեց 191 կիլոգրամ ու կրկին ծանրաձողը չենթարկվեց նրա կամքին, եւ 77 կգ քաշայինների պայքարն ավարտվեց Հայաստանի ներկայացուցիչների փայլուն հաղթանակով: Արայիկ Միրզոյանը երկամարտի 341 (155+186) արդյունքով հռչակվեց Եվրոպայի 23 տարեկանների չեմպիոն՝ նվաճելով երեք ոսկե մեդալ: Իսկ Աղասի Աղասյանը երեք արծաթով (151+185=336) դարձավ փոխչեմպիոն:

Այս հաջողությունից հետո նվաճած ոսկե մեդալներով Հայաստանը թիմային հաշվարկով բարձրացավ 5-րդ հորիզոնական. 3 ոսկի, 9 արծաթ, 3 բրոնզ: Իսկ առանձին՝ 23 տարեկանների թիմային պայքարում 3+8+3=14 մեդալներով զիջում է միայն Ռուսաստանին:

Երեկ Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ներկայացուցիչ չուներ: Սակայն եթե 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը մեկնած լիներ Կիպրոս, մեր մեդալների հավաքածուն կարող էր համալրվել նոր ոսկիներով: Իսկ այսօր մրցահարթակ են մտնելու մեր եւս չորս ծանրորդներ, որոնք նույնպես մեդալների ռեալ հավակնորդ են: Խոսքն առաջին հերթին վերաբերում է աղջիկների +75 կգ քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմե Խուրշուդյանին, որից միայն չեմպիոնություն է ակնկալվում: Արայիկի հաջողությունը կարող են կրկնել նաեւ 85 կգ քաշային Արամ Անդրիկյանը, ինչպես նաեւ 94 կգ քաշայիններ Աղվան Մելիքյանն ու Նորայր Վարդանյանը՝ օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին, որն առաջին անգամ է հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել