Օրերս Հայաստանի «ԱԹՈՒՐ» ասորիների ասոցիացիան 1915թ. ասորի նահատակների ցեղասպանության հուշաքարի հիմք գցեց Երեւանում: Հուշաքար, որը մի անգամ եւս կհիշեցնի հայ-ասորական ցեղասպանության ճանաչման կարեւորությունը՝ ցեղասպանության վարակն է, որ մարդկության ապագան կանգնեցնում է վտանգի առջեւ: «ԱԹՈՒՐ» ասորիների ասոցիացիայի նախագահ Արթուր Միխայլովը փաստում է. «Հայերն ու ասորիները միասին քիչ արցունք չեն թափել գաղթի ու եղեռնի ճանապարհին: Եթե 1915թ. Օսմանյան Թուրքիայում ոչնչացվեց մեկուկես միլիոն հայ, ապա նահատակված ասորիների թիվը կազմում է 750 հազար:
Ցավալին այն է, որ ասորի ժողովրդի ցեղասպանությունը շարունակվում է մինչ օրս՝ Իրաքում: Համայն մարդկության աչքի առաջ պայթեցվում են քրիստոնյա ասորական եկեղեցիները՝ աղոթքի նստած իրենց հավատացյալներով, հողին է հավասարեցվում աշխարհի հնագույն ազգերից մեկի՝ ասորիների դարավոր մշակույթը, որով հիացել են անգամւ նվաճողները»: Ա. Միխայլովը փոխանցեց նաեւ հայաստանաբնակ ասորիների շնորհակալական խոսքը՝ ուղղված Հայաստանի կառավարությանը, Երեւանի քաղաքապետին՝ այն մարդասիրական վերաբերմունքի համար, որ ցուցաբերվում է տեղաբնակ ասորական համայնքի նկատմամբ: