Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձ Գերմանիայից

Նոյեմբեր 26,2010 00:00

Դերասանուհի Մարիամ Ղազանչյանի «Օֆելյան» դուր է եկել օտարերկրյա հանդիսատեսին

\"\"Նոյեմբերի 9-14-ը դերասանուհի Մարիամ Ղազանչյանը գտնվում էր Գերմանիայում: Նա հրավեր էր ստացել մասնակցելու «THESPIS» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնին, որն անցկացվում է երկու տարին մեկ: Փառատոնը հիմնադրվել է 1999 թվականին: Մասնակիցների թիվը հասնում է սովորաբար 15-ի: Պարտադիր նախապայման է. յուրաքանչյուր մասնակից ներկայացումը խաղում է իր մայրենիով, բնականաբար հանդիսականին առաջարկվում է ոչ միայն ընթերցել ներկայացման համառոտ բովանդակությունը, այլ նաեւ պիեսի սինխրոն թարգմանությունը տեսնել էկրանին, ընդունված կարգի համաձայն:

«Առավոտի» հետ զրույցում Հայաստանը ներկայացրած երիտասարդ դերասանուհի Մ. Ղազանչյանը հայտնեց, որ իրեն գոհացրել է փառատոնի կազմակերպվածությունը: Ըստ դերասանուհու՝ կազմակերպիչները ամեն ինչի հանդեպ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերել:

Դերասանուհուն դուր է եկել նաեւ օտարերկրյա գործընկերների խաղը: «Շատ լուրջ եւ խորիմաստ պիեսներ էին ներկայացված»,- ասում է Մ. Ղազանչյանն ու հավելում, որ ինքը փառատոնին մասնակցել է Ա. Վոլոդինի «Օֆելյա» մոնոներկայացմամբ: Այն, ի դեպ, Մ. Ղազանչյանի առաջին փորձն է մոնոժանրում: Առաջնախաղը կայացել է երեւանյան մոնոներկայացումների փառատոնի շրջանակներում:

Հարցին՝ ի՞նչ զգացողություններ է վերապրել օտարերկրյա բեմում, Մ. Ղազանչյանն ասաց հետեւյալը. «Բեմում շատ հուզվում էի, քանի որ ժյուրին բավականին խիստ էր: Ամեն մի մանրուք հաշվի էր առնվում»,- ընդգծում է դերասանուհին: Ի դեպ, գերմանական թերթերից մեկը անդրադարձել է Մ. Ղազանչյանի խաղին եւ բավական ջերմ խոսքեր շռայլել հայ դերասանուհուն: Հոդվածագիրը բարձր է գնահատել նաեւ Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրան, իսկ փառատոնի պրոֆեսիոնալ ժյուրին Մ. Ղազանչյանին պատվոգիր է շնորհել:

Մ. Ղազանչյանը նշում է, որ մոնոժանրում աշխատելը բավական դժվար է: Ըստ զրուցակցիս՝ մոնոներկայացումը մենամարտ է հիշեցնում, որտեղ կա երկու տարբերակ. կամ ինքնասպան լինել, կամ շարունակել պայքարը:

Առաջիկայում Մ. Ղազանչյանը կներկայանա հայ հանդիսականին «Էդիտ Պիաֆ» մոնոներկայացմամբ, որի փորձերը արդեն սկսված են: Դերասանուհին, թեպետ վոկալի առումով որեւէ խնդիր չունի, սակայն ներկայացման մեջ էլ ավելի պրոֆեսիոնալ ներկայանալու համար հաճախում է վոկալի դասընթացների: Մ. Ղազանչյանը մասնակցում է նաեւ Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրվող Բեռնարդ Շոուի «Պիգմալիոնի» փորձերին, որտեղ նրան վստահված է Էլզայի դերը: Երկու վերոնշյալ ներկայացումների ռեժիսորը Հակոբ Ղազանչյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել