Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ Ղ. ՍԱՐՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

Նոյեմբեր 26,2010 00:00

Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, դոցենտ Շահեն Շահինյանի հետ

\"\"
Շ. Շահինյանը (ձախից) Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Ալ. Սոկոլովի հետ:

– 2010թ. հայտարարված է սարյանական տարի՝ նվիրված կոնսերվատորիայի պատմության մեջ ահռելի վաստակ ու ծառայություն ունեցող հայ ականավոր կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի ծննդյան 90-ամյակին: Եվ քանի որ կոնսերվատորիան տարբեր միջոցառումների անցկացման մեծ փորձ ունի, հետաքրքիր է՝ ինչո՞վ նշանավորվեց այս հոբելյանական տարին:

– 2010-11 ուսումնական տարվա սկզբից կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի նախաձեռնությամբ ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի եւ անվանի երաժիշտների մասնակցությամբ միջոցառումներ ենք անցկացրել Սարյանի անվան օպերային ստուդիայում, կոնսերվատորիայի դահլիճում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Դեկտեմբերի 11-ին էլ կմեկնարկի Սարյան-ֆեստը՝ բաղկացած երեք ծավալուն համերգային ծրագրերից: Սա իրականացնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը եւ մշակույթի նախարարությունը: Համերգաշարերի ընթացքում կհնչեն ոչ միայն անվանի կոմպոզիտորի, այլեւ մեր մյուս երեւելիների, ինչպես նաեւ ժամանակակից կոմպոզիտորների երկեր: Սա վերջին 20 տարվա ընթացքում հայ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների երկերից բաղկացած առաջին մասշտաբային միջոցառումն է: Այն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:

– Տասնամյակներ շարունակ ընդունված կարգ էր, որ կոնսերվատորիա պիտի ընդունվեին միայն երաժշտական կրթություն ունեցող դիմորդները, մինչդեռ այսօր պարզեցվել եւ հասարակացվել են պահանջները: Ճի՞շտ եք համարում, որ մի չափազանց կարեւոր օղակ՝ երաժշտական ուսումնարանը, կարծես դարձել է անկարեւոր:

– Կոնսերվատորիա ընդունվել են պարտադիր միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն ստացածները: Երաժշտական դպրոցի ավարտական վկայականը տեխնիկական առումով պարտադիր չի եղել: Սակայն գիտենք, որ ցանկացած երաժիշտ առաջին քայլերն անում է 5-6 տարեկանից, հետեւաբար՝ երաժշտական կրթություն չունեցողը պարզապես չի կարող դիմել կոնսերվատորիա: Համամիտ չեմ, որ միջին մասնագիտական հաստատությունը՝ ուսումնարանը, կորցրել է իր կարեւորությունը… Խորհրդային ժամանակներից հետո փակվեցին երաժշտական դպրոցներ, մասնավորապես՝ մարզերում, մինչդեռ երաժշտական ուսումնարան ընդունվում էին այդ դպրոցների շրջանավարտները: Սա է պատճառը, որ այսօր ուսումնարաններում սակավ է սովորողների թիվը: Այս կապակցությամբ կոնսերվատորիան վերջին տարիներին տարբեր միջոցներ է ձեռք առնում՝ աջակցելով եւ երաժշտական դպրոցներին, եւ ուսումնարաններին: Օրինակ, երաժշտական նվագարաններ ենք տրամադրում եւ, որ ամենակարեւորն է, հասել ենք նրան, որ այն նվագարանները, որոնք կանգնած էին անհետացման եզրին, այսօր արդեն, անվճար ուսուցման արդյունքում, կամաց-կամաց շատանում են: Խոսքս մասնավորաբար ժողովրդական նվագարանների մասին է եւ լարային գործիքներից՝ թավջութակի: Պետք է փաստել, որ այսօր, օրինակ, երաժշտական դպրոցներում զգալի է երեխաների թվի աճը: Մենք գիտակցում ենք, որ կոնսերվատորիան կադրերի հարցում, վերջիվերջո, «սնվում» է երաժշտական դպրոցներից ու ուսումնարաններից: Այնպես որ, կոնսերվատորիան շահագրգիռ է ցանկացած խնդրի դեպքում աջակցել ու սատարել: Կազմակերպում ենք նաեւ փառատոներ, մրցույթներ, սրանք էլ են խթան երեխաներին ներգրավելու երաժշտական կյանք: Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի բազայի վրա էլ ստեղծվել է սիմֆոնիկ նվագախումբ, որը վերջերս մասնակցելով Պրահայում անցկացվող ամենամյա հեղինակավոր մրցույթ-փառատոնին՝ վերադարձել է գլխավոր մրցանակով: Արդյոք լուրջ խթան չէ՞ր շուրջ 5 տարի առաջ կոնսերվատորիայի բազայի վրա ստեղծված երիտասարդական նվագախումբը, որը շնորհիվ իր բարձր պրոֆեսիոնալիզմի, այսօր ունի պետական կարգավիճակ… 2004-ից ինտեգրվելով եվրոպական կրթաընտանիք, ավելի սերտացան մեր կապերը Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի, Լոնդոնի «Ռոյալ» ակադեմիայի, Խորվաթիայի, Մինսկի եւ այլ բարձրագույն երաժշտական կրթօջախների հետ, ինչը դրական ազդեցություն ունեցավ եւ հետաքրքրություն առաջացրեց մեր կրթահամակարգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել