Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանացի ուսանողները շարունակում են բողոքի ակցիաները

Նոյեմբեր 26,2010 00:00

\"\"Բարձրագույն կրթություն ստանալու համար վարձավճարները կտրուկ բարձրացնելու՝ բրիտանական կառավարության ծրագրերի դեմ Լոնդոնում արդեն ավելի քան մեկ ամիս շարունակվող ուսանողական բողոքի ակցիաներն այս անգամ ավարտվել են առանց մեծ ցնցումների:

BBC-ի մատուցմամբ, ոստիկանությանը հաջողվել է ցուցարարներին վերահսկողության տակ առնել, բայց դա, այդուհանդերձ, տեղի է ունեցել զոհերի եւ ավերածությունների գնով՝ թեեւ դրա մասշտաբներն այս անգամ ավելի փոքր են եղել, քան երկու շաբաթ առաջ համանման գործողության ժամանակ էր արձանագրվել:

Այս անգամ, բրիտանական ոստիկանության տվյալներով, Լոնդոնում տեղի ունեցած ցույցի ընթացքում վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, 29 ցուցարար ձերբակալվել է գողություն կատարելու եւ բռնությամբ ուղեկցված անկարգություններին մասնակցելու կասկածանքով:

Ուայթհոլ փողոցում, խորհրդարանի շենքի հարեւանությամբ, որտեղ տեղակայված են նախարարությունների եւ գերատեսչությունների վարչական շենքերը, ցուցարարները ջարդուփշուր են արել ոստիկանական միկրոավտոբուսը, որից հետո ոստիկանությունը օղակի մեջ է առել ամբոխին եւ մի քանի ժամ շարունակ թույլ չի տվել ցույցի մասնակիցներին «շրջափակումից» դուրս գալ:

Օքսֆորդում ուսանողները, որպես բողոքի նշան, գրավել են համալսարանի գրադարանի շենքերից մեկը: Մութն ընկնելուց հետո ցուցարարները խարույկներ են վառել այն ամենից՝ ինչ ընկել է ձեռքի տակ՝ շարունակելով ջարդել շրջակա շենքերի պատուհաններն ու գրառումներ անել դրանց պատերին: Ոստիկանությանը հաջողվել է ցուցարարներին հեռացնել Լոնդոնի կենտրոնից:

Բացի մայրաքաղաքից, բողոքի երթեր են տեղի ունեցել նաեւ Մանչեստերի, Լիվերպուլի, Շեֆֆիլդի, Բրիստոլի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Լիդսի, Գլազգոյի, Էդինբուրգի եւ մի քանի այլ համալսարանների ուսանողների մասնակցությամբ: Որոշ դեպքերում այդ ակցիաների մասնակիցները գրավել են համալսարանների լսարաններն ու այլ տարածքներ: Սրան զուգահեռ, Լոնդոնի, Քեմբրիջի, Լիդսի եւ Վինչեստերի որոշ դպրոցներում աշակերտները հրաժարվել են դասերին հաճախել:

Հիշեցնենք, որ ուսանողների այսօրինակ նախորդ ակցիաներից հետո ձերբակալվել էր 65 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել