Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային Կորեան սպառնում է նոր հարձակումներ իրականացնել

Նոյեմբեր 26,2010 00:00

\"\"Հինգշաբթի օրը Չինաստանը դժգոհություն է հայտնել Դեղին ծովում անցկացվող ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների առնչությամբ, իսկ Հյուսիսային Կորեան սպառնացել է Սեուլի կողմից «հերթական սադրանքների դեպքում» նոր՝ երկրորդ եւ նույնիսկ երրորդ անգամ հարձակումներ իրականացնել: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Փխենյանի կողմից Յոնպխենդո կղզիների հրետակոծությունից հետո Սեուլը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ սահմաններին զինվորականների թիվն ավելացնելու մտադրության մասին:

Ընդսմին, Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Տե Յունը վերջին միջադեպի առնչությամբ իրեն ուղղված քննադատությունից հետո հրաժարական է ներկայացրել: Երկրի նախագահի աշխատակազմում հաստատել են այդ տեղեկությունը՝ հավելելով, որ նախարարի հրաժարականն ընդունվել է:

Վաշինգտոնն իր հերթին ուժեղացնում է Չինաստանի վրա գործադրվող ճնշումը՝ պահանջելով, որ վերջինը զսպի իր դաշնակից Հյուսիսային Կորեային, թեեւ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը առաջին հերթին կարեւորել է Փխենյանի հետ վեցկողմյա՝ երկու Կորեաների, Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ, բանակցությունները վերականգնելու անհրաժեշտությունը: Այդուհանդերձ, Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, թե իր երկիրն անհանգստացած է կորեա-ամերիկյան համատեղ եւ «Ջորջ Վաշինգտոն» ատոմային ավիակիրի մասնակցությամբ իրականացվող զորավարժությունների առնչությամբ: Ավիակիրը, որի տախտակամածին 75 ինքնաթիռ կա, Ճապոնիայի հենակետը լքել է չորեքշաբթի օրը՝ Հարավային Կորեայի ռազմական նավերի հետ մինչեւ հաջորդ չորեքշաբթի շարունակվող համատեղ զորավարժություններին մասնակցելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել