«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը տեղեկացնում է Երեւանի 4 գոտում փորձնական ռեժիմով Wi-Fi ծառայությունը գործարկելու մասին: Փորձնական փուլում բոլոր նրանք, ովքեր ունեն Wi-Fi համակարգով աշխատող նոութբուկ համակարգիչ կամ ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելու հնարավորություն ապահովող սարքեր, որոնցում առկա է անլար ինտերնետի մոդուլ (սմարթֆոն կամ Wi-Fi-ի հնարավորություն ունեցող բջջային հեռախոս), կստանան առանց սահմանափակման Wi-Fi ծառայությունից օգտվելու հնարավորություն փորձնական 4 գոտիներում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Օպերային հարող տարածք, Հայաստանի հանրային գրադարան: Wi-Fi համակարգով ինտերնետից կարելի է անվճար օգտվել 2 ամիս: Միանալու համար ընդամենն անհրաժեշտ է փնտրել VivaCell-MTS անվանումով ցանցը եւ միանալ դրան:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի Wi-Fi ծառայությունը տարբեր մասնագիտության տեր մարդկանց՝ ներառյալ գիտաշխատողներին, դասախոսներին, ուսանողներին, պետական կամ մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցներին, ինչպես նաեւ սրճարանների հաճախորդներին թույլ է տալիս Wi-Fi համակարգով աշխատելու հնարավորություն ունեցող այնպիսի սարքերը, ինչպիսին նոութբուկներն են, սմարթֆոնները կամ MP3 նվագարկիչները, վերածել շարժական ինտերնետի հասանելիություն ապահովող սարքերի: Wi-Fi համակարգն ապահովում է ավելի մեծ ճկունություն եւ հարմարավետություն: