Լրահոս
Օրվա լրահոսը

Ագրարային համալսարանի պատասխանը

Նոյեմբեր 26,2010 00:00

Ի պատասխան նոյեմբերի 20-ին «Առավոտի» «Անցած տարվանից մնացած պանիրն են «սաղացրել» հրապարակման, երեկ պատասխանեցին Երեւանի պետական ագրարային համալսարանի լրատվության բաժնից:

«Ագրարային համալսարանը վերջին 16 տարիներին միակն է իր տեսակի մեջ, որ մասնագետներ է պատրաստում ցանկացած երկրի ռազմավարական տեսակետից ամենակարեւոր, պետության անվտանգության նախապայման ու երաշխիք՝ գյուղատնտեսական ոլորտի համար: Այն, որ բուհի պատրաստած մասնագետները մրցունակ են՝ եւ ոչ միայն տեղական աշխատաշուկայում, հայտնի է վաղուց, հիմնավորված ու ամրագրված է վիճակագրությամբ: Հայաստանի պետական ագրարային համալսարանի աճող հեղինակության մի լրացուցիչ վկայություն է այն, որ այստեղ սովորելու են գալիս հարեւան Իրանից, Վրաստանից, շատ ավելի հեռվից…»: Բուհի լրատվության բաժնից տեղեկացնում էին նաեւ, որ առավել պահանջարկված են հատկապես իրենց բուհում ուսանած սննդի տեխնոլոգները. «Հայտնի է, որ հայկական անուշահամ միրգ-բանջարեղենի պահածոները, կոնյակը, գինին ու հյութերը, կաթնամթերքը եւ հատկապես պանիրները սիրված ու գնահատված են: Այս ոլորտների համար լավ մասնագետներ պատրաստելիս միայն լսարանային տեսական գիտելիքները բավարար չեն, անհրաժեշտ են լաբորատոր բազա, գործնական հմտություններ: Սննդի վերամշակման ընկերությունների մեծ մասը սիրով բացում է իրենց դռները ՀՊԱՀ-ի ուսանողների պրակտիկան կազմակերպելիս, իսկ լավագույն շրջանավարտներին էլ ընդունում են աշխատանքի: Ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման տեսակետից անգնահատելի դեր կխաղա բոլորովին վերջերս բուհի ուսումնափորձնական տնտեսությունում շահագործման հանձնված՝ կաթի վերամշակման արտադրամասը: Այն գերմանացի գործընկերների հետ (Կասսելի համալսարան) համագործակցության ակնառու օրինակ է: Ի դեպ, հենց այդ համալսարանի մագիստրանտ Դորիս Հաեգեի գիտական թեզը նվիրված էր հայկական ավանդական պանիրների ուսումնասիրությանը, որը նա կատարեց ՀՊԱՀ-ում, մեր մասնագետների աջակցությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել