Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոտնահարո՞ւմ են գիտխորհուրդների իրավունքները

Նոյեմբեր 26,2010 00:00

Կամ՝ ինչպես ֆինանսավորել գիտական թեմաները

Գիտության պետական կոմիտեի ՀՀ գիտության բնագավառում ի հայտ գալուց հետո՝ այս ոլորտում կատարվող ցանկացած նորամուծություն չափից ավելի սուր քննարկումների է արժանանում: Վերջերս որոշ փոփոխություններ կատարվեցին՝ կապված գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի կարգի հետ: Արդյունքում ակադեմիական ինստիտուտների գիտական խորհուրդների իրավասության շրջանակը կրճատվեց, քանի որ, ընտրության նոր կարգի համաձայն, թեմաների ընտրության եւ ֆինանսավորման գործընթացը կատարվելու է գիտական անկախ փորձագիտական համակարգի միջոցով: Պարզ ասած, գիտխորհուրդները ներկայացնելու են որոշ թեմաներ, իսկ անկախ փորձագետները որոշեն, արժե՞ ֆինանսավորել այդ թեման, թե՝ ոչ: Այս նորամուծության արդյունավետության մասին գիտական շրջանակներում կան տարբեր տեսակետներ: Օրինակ՝ «Առավոտի» հետ զրույցում քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի լաբորատորիայի վարիչ Առնոս Հովհաննիսյանը նկատեց. «Փաստորեն, ստացվում է, որ որոշ գիտական թեմաների լինել-չլինելու հարցը՝ փորձաքննության միջոցով, գտնվում է գիտության պետական կոմիտեի ձեռքում: Սակայն դա հարցի լուծում չէ: Դժվար է պատկերացնել, որ երկու մարդ գիտական թեման կարող են ավելի լավ փորձաքննել, քան հետազոտական հիմնարկների գիտխորհուրդները: Ավելի արդյունավետ կլինի, եթե Գիտպետկոմի կողմից նշանակված փորձագետները գան գիտխորհուրդներ, ներկա լինեն քննարկմանը եւ ուղղակի պատասխանեն՝ արժանի՞ էր ներկայացված թեման ֆինանսավորման, թե՝ ոչ: Ինչ վերաբերում է ԿԳ նախարարությանը, ապա այն պիտի ծառայի գիտությանը եւ կրթությանը, ոչ թե հսկի ու իշխի: Այդ ժամանակ միայն հասարակությունը կզգա իսկական գիտնականի արժեքը»: Նշված նորամուծությունը նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ, ՀՀ ԿԳՆ Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանի սրտով չէ: Նա «Առավոտին» փոխանցեց. «Սա գիտնականի իրավունքների ոտնահարում է, ոչ միայն չի ծառայում գիտությամբ զբաղվող անձի շահերին, այլեւ վտանգավոր է գիտական նորույթները դուրս հանելու առումով: Այնինչ՝ գիտխորհուրդներն ավելի լավ կընտրեին այն թեմաները, որոնք նրանց համար կարեւոր են: Սակայն այժմ անտեսվում է գիտխորհուրդների կարծիքը. եթե ինստիտուտ, խորհուրդ են պահում, ապա այդ գիտխորհրդին պետք է որոշման իրավունք տան: Չէ՞ որ այն ավելի լավ գիտի իր պրոբլեմները, քան որեւէ մեկը, եւ հենց գիտխորհուրդն էլ իր հեղինակությամբ է կրում ողջ պատասխանատվությունը»:

ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահ Արծրուն Ավագյանն էլ ընդհանուր առմամբ նորամուծությունը դրական է համարում, սակայն նկատում. «Հայտերի ներկայացման համար պահանջվող փաստաթղթերի քանակն ու ծավալը պիտի վերանայվեն: Չափից ավելի շատ եւ ոչ տեղին փաստաթղթեր են պահանջում, ձեւաթղթերը ձեւական են: Օրինակ՝ պահանջում են մրցույթի առաջադրված թեման ներկայացնել օտար լեզուներով, դրա մասին 15 էջանոց բովանդակություն գրել: Ի՞նչ գրել 15 էջ, եթե թեման նոր ես սկսել ուսումնասիրել: Կրճատվել է նաեւ ֆինանսավորվող գիտական թեմաների թիվը: Եթե նախկինում մի քանի հարյուր գիտական թեմատիկ պլաններ են կատարվել, այժմ այդ թիվը հասել է ընդամենը 120-130-ի: Իսկ այսպիսի կտրուկ թվային կրճատումը գուցե խստության առումով նպատակահարմար է, բայց գիտության համար ճիշտ չէ»: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշված խնդրի մասին ասաց հետեւյալը. «Գիտական խորհուրդների դերը կարեւոր է, բայց աշխարհում չկա մի մրցութային համակարգ, որը չունենա իր մասնագիտական փորձագիտական համակարգը: Ուղղակի մեզ մոտ ամեն ինչ մտահոգության առարկա է դառնում: Գիտեմ, որ Գիտպետկոմն ունի բոլոր մասնագիտությունների գծով մի քանի հարյուր փորձագետներից բաղկացած շտեմարան, եւ, ըստ շիֆրի՝ համակարգիչն է որոշում, թե որ թեման որ փորձագետներն են քննելու: Իսկ բողոքարկման դեպքում կարող են դիմել կենտրոնական հանձնաժողով»:

Մալիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել