Լրահոս
Օրվա լրահոսը

10031 ՀՈԳՈՒՑ ՈՉ ՄԻ 9-10 ՄԻԱՎՈՐ

Նոյեմբեր 26,2010 00:00

\"\"Հայոց լեզուն վտանգված է

«Առավոտը» անդրադարձել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) իրականացրած արտաքին ընթացիկ գնահատումներին: ԳԹԿ մշակումների եւ կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանը «Առավոտի» խնդրանքով որոշակիորեն «բացեց փակագծերը»: Նա հայտնեց, որ Հայաստանի 91 ավագ դպրոցներում հայոց լեզու եւ գրականություն առարկայից ուսումնասիրել են 10031 աշխատանք, մաթեմատիկայից՝ 9814: Արդյունքներն էլ գոհացուցիչ չեն եղել: Պարզվում է՝ մաթեմատիկայի միջին միավորն ավելի բարձր է ստացվել՝ 4, ի տարբերություն հայոց լեզու եւ գրականություն առարկայի միջինի՝ 3,86: Ի դեպ, 10 միավորանոց համակարգով գնահատվելու դեպքում 4 միավորն է համարվում դրական, փաստորեն՝ ամբողջ հանրապետության միջին միավորը հայոց լեզվից անբավարար է, ըստ Կ. Նասիբյանի: ԳԹԿ մշակումների եւ կազմակերպչական բաժնի պետն ասում է, որ իրենք հիմնականում դժգոհ են ընդարձակ պատասխաններով առաջադրանքների արդյունքներից: Այնտեղ, որտեղ պետք է եղել «աշխատեցնել ուղեղը», երեխաները զլացել են:

Ըստ մեր զրուցակցի, առավելագույն՝ 9-10 միավոր հայոց լեզու եւ գրականություն առարկայից՝ 10031 հոգուց ոչ ոք չի ստացել: Մաթեմատիկա առարկայից՝ 90814 հոգուց 0,06%-ն է ստացել 9-10 միավոր: 6-8 միավոր ստացել է մաթեմատիկայից՝ 9,6%-ը, հայոց լեզու եւ գրականություն առարկայից՝ 8,9%-ը: Հիմնական մասը երկու առարկայից ստացել է 4-5 միավոր: Դրականի շեմը չեն հաղթահարել մաթեմատիկայից՝ 35,6%-ը, հայոց լեզվից՝ 32%-ը: Կ. Նասիբյանը փաստում է, որ 10-րդ դասարանցիներին առաջադրանքները տրվել են այն նյութից, որից երեխաները քննություն են հանձնել միջին դպրոցն ավարտելիս: Բայց դա չի «խանգարել», որ անգամ ծանոթ նյութի դեպքում խայտառակ արդյունքներ գրանցվեն, ուսուցիչներն էլ, մեր զրուցակցի ձեւակերպմամբ, «ջղաձգվեն, թե ինչո՞ւ շուտ չէիք ասում, որ նախապատրաստեինք երեխային»: Նասիբյանն ասում է, որ ընդհանրապես աշակերտներն ավելի հանգիստ են վերաբերվել ընթացիկ գնահատումներին, քան ուսուցիչներն ու տնօրենները:

ԳԹԿ-ն գնահատումներ է անցկացրել նաեւ 5-6-րդ դասարաններում եւ 10000 աշխատանք ստուգել: 5-րդ դասարաններում գրավորները հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաներից էին, 6-րդ դասարաններում՝ օտար լեզուներից: ԳԹԿ մասնագետը փաստում է, որ 5-րդցիներն ավելի ակտիվ են աշխատել՝ 6-րդ դասարանցիներից: Նա, հենվելով փաստերի վրա, նաեւ նկատում է. «Միջին դպրոցը կարծես թե աչքաթող ենք արել: Առաջինից չորրորդ դասարաններում ծնողներն ավելի ուշադիր են, երեխաների դասապատրաստմանն են հետեւում ու մասնակցում: Ծնողը երեխայի հետ աշխատում է մեկ էլ ավագ դպրոցում, երբ ուղարկում է պարապելու: Փաստորեն, միջին դպրոցը մնում է «բաց», ընդ որում՝ ոչ միայն երեխայի հետ աշխատանքի, այլեւ դասագրքերի ու ծրագրերի առումով: ԳԹԿ-ի մասնագետները կարողանում են բացահայտել դասագրքային, ծրագրային եւ ուսուցչի ձեռնարկի միջեւ հակասությունները: Դրանք հարցեր են, որոնց մեջ ուսուցիչը մեղքի բաժին չունի: Նման խնդիրներ կան մի շարք առարկաների գծով՝ աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա ու գերմաներեն: Մենք թեստը կազմում ենք ծրագրին համապատասխան, բայց հետո պարզվում է, որ տվյալ թեման դասագրքի ամենավերջում է: Դասագիրքն ու ծրագիրը միմյանց հետ «չեն բռնում»: Երբ Կրթության ազգային ինստիտուտում ուսուցիչները գալիս են վերապատրաստման, մեթոդական ցուցումներ են տալիս նրանց, ստիպված ասում են՝ դասագրքով պարապեք, եթե ծրագիրը «չի խոսում» դասագրքի հետ: Կարծում եմ՝ ԳԹԿ-ի նպատակներից մեկն էլ սա է՝ բոլոր խնդիրները վեր հանել եւ ներկայացնել կրթության կառավարման մարմնին»:

Պարոն Նասիբյանը ամեն դեպքում վստահ է, որ առարկայի իմացության գաղտնիքը նաեւ տվյալ առարկայի ուսուցչի կերպարի մեջ է: Օրինակ, Տավուշի մարզում նա նկատել է, որ 5-րդ դասարանցիներն ավելի շատ են, քան 6-րդցիները: Պարզվել է՝ անհաջող ուսուցչի պատճառով ծնողները գերադասել են երեխաներին տանել հարեւան գյուղի դպրոց, քան տուժել այդ «մասնագետից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել