Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

57. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Նոյեմբեր 26,2010 00:00

\"\"

Բեմադրիչ Արտաշես Հովհաննիսյանը, դրամատուրգ Լիանա Անթառանյանը եւ դերասան Կարեն Ջանիբեկյանը:

\"\"

Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը:

Ես կրկին հայտնվեցի կրկեսի բակում։

Շենք մտնել դռնապանը կրկին թույլ չտվեց։

– Միայն տնօրենի տեղակալի՝ Նարա Պետրոսյանի թույլտվությամբ, տնօրենի աղջիկն է, ուր որ է՝ կգա,- ասաց նա։ Սակայն Նարան այդպես էլ չեկավ, իսկ հեռախոսի զանգերին չէր պատասխանում։ – Գուցե ճանապարհին է, ինքն է վարում մեքենան ու այդ պատճառով էլ չի վերցնում։

– Հեռո՞ւ է ապրում։

– Չէ, մոտ է։

– Գոնե կենդանիներին տեսնեմ։

– Չի լինի, խնամողը առավոտյան կերակրել է, փակել ու գնացել։

Գուցե վերին օղակներում իմանան, թե իրականում ինչ է կատարվում այս հինավուրց մշակույթի հետ։ Քաղաքապետարանի մշակույթի վարիչը առաջարկեց հարցի պատասխանը ստանալ վարչության աշխատակցուհուց։ Վերջինս պատասխանեց, որ Երեւանի կրկեսի հարցերով զբաղվում են ՀՀ մշակույթի նախարարությունում։ Անմիջապես կապվեցի մշակույթի նախարարության համապատասխան վարչության ու բաժնի աշխատակցի հետ։

– Մենք վաղուց կրկեսով չենք զբաղվում, չգիտենք էլ, թե ինչ վիճակ է տիրում այնտեղ, քանի որ կրկեսը սեփականաշնորհվել է Սոս Պետրոսյանին, նրան էլ պետք է դիմեք։

Բյուրոկրատական օղակը փակվեց։ Ես չեմ կարող մեղադրել երեւանյան կրկեսի սեփականատիրոջը, քանի որ հայկական կրկեսի անկման գլխավոր պատասխանատուին համարում եմ մշակութային օջախների սեփականացման օրենքը մշակողներին, որոնք, սեփականացմանը զուգահեռ, այն գործարկելու պայման չեն դրել, մեղադրում եմ այն հաստատող ԱԺ պատգամավորներին, բոլոր այն պետական այրերին, որոնց մեղքով հարյուրավոր ոլորտներում նման սխալներ են կատարվել, ու դրանից այսօր տուժում է հասարակությունը, պետությունը։

Ես գիտեմ, որ Սունդուկյանի թատրոնը եւս կործանման եզրին էր հայտնվել։ Սակայն գտնվեցին մարդիկ, որոնք, երեւի, գերմարդկային ճիգերով պահպանեցին մշակույթի այս կարեւոր օջախը՝ Մայր թատրոնը։

Թատրոնի մուտքի մոտ աղջիկների հանդիպեցի։

– Մանկավարժական համալսարանի 4- րդ կուրսի ուսանողներ ենք,- ասացին նրանք,- թատրոնի հետ ոչ մի կապ չունենք, պարզապես անցնում ենք թատրոնին մերձակա մայթով։

– Վերջին անգամ ե՞րբ եք թատրոն հաճախել։

– Երեք տարի առաջ…

– Ի՞նչ ներկայացում էր։

– Չեմ հիշում։ Ինքս թատրոն սիրում եմ, բայց չեմ գնում։

– Երեւի գրականություն եք կարդում, իսկ թատրոնի համար ժամանակ չկա։ Ժամանակակից գրողների գործեր ընթերցո՞ւմ եք։

– Չէ, չենք ընթերցում, բայց որոշել ենք մի քանի օրից միասին թատրոն գնալ։

Թատրոնի մուտքի մոտ հանդիպեցի Կարեն Ջանիբեկյանին։ Առաջարկեց հանդիպել թատրոնի բուֆետում։

– Ծանոթացիր, կինս է,- ասաց Կարենը,- Լիանա Անթառանյան, դրամատուրգ։

– Անթառամ անունով տատ ունեինք, տոհմի ամենաազդեցիկն էր, նրա անունով էլ ազգանուն են գրել,- ասաց Լիանան։

– Կարեն, Գառնիում էիր, մի մեծ շուն էլ ունեիր,- ասացի ես։

– Հա, շունը իմ հավատարիմ ու լավագույն ընկերն էր, սատկեց, մենակ մնացի ու պսակվեցի Լիանայի հետ։ Լիանան փրկեց ինձ ու թատրոն եւ կյանք վերադարձրեց։

– Կարեն, Ջանիբեկյան ազգանունը ի՞նչ է տալիս քեզ։

– Հորիցս՝ Գուրգեն Ջանիբեկյանից ժառանգել եմ մեծ արվեստագետի, հայի անունը, իսկ նրա կողքին ստեղծել եմ իմ անունը։ Տաղանդները հանգստանում են անցյալների վրա, իսկ Ջանիբեկյանները չեն հանգստանում։

Մեզ միացավ «Սարերում կյանք կա» ներկայացման ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը։

– Ներկայացման աֆիշը պատրաստ է,- ասաց նա,- մնում է տանենք,- դարձավ ինձ,- իսկ Ջանիբեկյանների անունը Կարմիր գրքում է գրված եւ պահպանման կարիք ունի։ Ջանիբեկյանի հետ առաջին անգամ եմ աշխատում, եւ դա շատ հաճելի է։ Նրա դերասանական ողջ կարողության արդյունքը ներկայացմանը եկող հանդիսականն է։ Լիանային էլ շատ չարչարեցինք, գրպանի ողջ գումարը պատճենահանմանը տվեց։

– Ավելի հեշտ է մեռած ռեժիսորի հետ, քան կենդանի ռեժիսորի, բայց արդյունքը հրաշալի է,- ասաց արտիստը։

– Կարենի անվան շնորհիվ հանդիսատես ունենք,- ասաց ռեժիսորը,- դահլիճը լեփ լեցուն է։ Սյունիքի մարզպետին դիմեցի հյուրախաղերի գնալու հարցով, ասաց, որ 100 000 դրամ կտա։ Ախր այդքանը միայն ավտոբուսի վարորդն է պահանջում։

– Իսկ եթե հյուրախաղերը ԼՂՀ- ից սկսենք,- դիմեց Լիանան,- մեր ներկայացումը վերջերս Լոռիի փառատոնում գլխավոր մրցանակ ստացավ, իսկ Կարենը արժանացավ լավագույն դերակատարի մրցանակին, մրցանակներ ստացան ներկայացման դերակատարներ Ժենյա Մկրտումյանը, Վեներա Թերզյանը, ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը։

– Դրամատուրգին մոռացե՞լ էին։

– Այդքան մրցանակները մի ներկայացման մեջ մի՞թե իմ հաջողությունը չէ,- պատասխանեց Լիանան,- ներկայացման ավարտին հանդիսատեսը ոչ մի կերպ չի հեռանում, ուզում է խոսել մեզ հետ։ Թեման հենց այսօրվա խնդիրներն են, այսօրվա կյանքը։

– Իսկ հաջողության գաղտնիքը մեր վերցրած ուղղությունն է,- ասաց Արտաշեսը,- մենք չենք ենթարկվում թատերասերի ճաշակին, ինչպես դա հեռուստատեսային սերիալներում են անում, մենք ինքներս ենք իսկական արվեստով համեմված ճաշակ թելադրում հանդիսատեսին, նոր թատերասեր կերտում։

– Մեր ներկայացումը շատ լուրջ է,- ասաց Կարեն Ջանիբեկյանը,- մենք հավատարիմ ենք մեծ սունդուկյանցիների ավանդույթներին։

– Մեր ներկայացման թեման այսօրվա խնդիրներն են՝ արու զավակի ճակատագրի, հայաթափման, հայրենի եզերքի՝ Ղարաբաղի, երկիրը շենացնելը,- ասաց պիեսի հեղինակը։

– Այս ահեղ տարիներին մարդկանց մտածելակերպը փոխվեց,- ասաց արտիստը,- մտքի սպիտակ եղեռն էր, որի արձագանքները ամեն օր տեսնում ենք հեռուստաէկրաններին։

– Ես որպես կին ուզում եմ ձեր, «Առավոտի» միջոցով դիմել հայ կանանց,- ասաց Լիանան,- սիրելիներս, եկեք թատրոն, հաճախակի եղեք նման միջավայրերում։ Թատրոնը նաեւ կրթում է։ Իսկ տանը փափուկ բազմոցին նստած առավոտից երեկո հեռուստացույց եք նայում, գիրանում…, ախր հայելու մեջ նայեք ձեզ ու տեսեք, թե ինչքան եք փոխվել։

Գաբրիել Սունդուկյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանն առաջարկեց զրույցը շարունակել ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւի հետ։

– Ինչպես տեսնում եմ, թատրոնի համար ծանր, օրհասական ժամանակները ետեւում են մնացել,- ասացի ես։

– Մեր դերասանները հին թատրոնից ժառանգած պրոֆեսիոնալիզմով կարողացան պահպանել այն։ Դրան քիչ բանով չնպաստեցին թատրոնի գեղարվեստական խորհուրդը, ղեկավարները, որոնք լուրջ պարտավորություններ ունեին թատրոնի, մշակութային արժեքների հանդեպ։ Թատերական կյանքի պահպանումը ոչ թե պետական մշակութային քաղաքականության, որը կարծես թե գոյություն չունի, այլ հենց թատրոնի կոլեկտիվի ջանքերի արդյունք էր։ Վերջին երկու տարիներին մշակույթի նախարարությունը որոշակի բարեփոխումների ծրագրեր է առաջարկում թատրոնին։ Ձեռքբերումների հետ մենք շատ բան կորցրինք։ Ինքս գտնում եմ, որ եթե բարեփոխումներն իրականացվում են մի անհատականության կորստի գնով կամ նպատակով, շատերս դեմ ենք նման բարեփոխումներին։

– Թատերական մշակույթը կենտրոնացված է մի բնակավայրում, որը ցանկացած երկրի համար անճոռնի, մյուս բնակավայրերի, նրանց բնակիչների նկատմամբ՝ անարդարացի երեւույթ է,- ասացի ես,- հանրությանը սեփական մշակույթից կտրելն ու ամերիկանիզմի ինտենսիվ քարոզչությունը բարոյական անկման անդառնալի հետեւանքների է բերում։

– Այո, նույն կերպ մենք կորցրինք շրջանների թատրոնները, մշակույթի հարյուրավոր օջախները։ Մարզային մշակույթը, ընդհանրապես, այսօր լուրջ ներդրումների, զարգացման, վերակենդանացման կարիք ունի։ Տարիներ առաջ պրոֆեսիոնալ թատրոնը ոչ միայն մարզերի, շրջկենտրոնների, այլ նաեւ գյուղերի սպասարկման պարտավորված ծրագրեր ուներ, որը հնարավորություն էր տալիս հյուրախաղերով հանդես գալ ողջ հանրապետության բնակչության առջեւ։ Մշակույթի նախարարությունը եթե իր վրա է վերցրել թատրոնի զարգացմանը նպաստելու պատասխանատվությունը, ապա պարտավոր է երկրի ողջ տարածքով բնակչությանը թատերախաղերով սպասարկելու ծրագրեր կազմել ու այն պարտավորեցնել թատերական կոլեկտիվներին։ Մարզերում թատերասեր բնակչությունը չի կարող ներկայացման տոմս գնել։ Մարզերից թատերական ֆակուլտետ ընդունվող պատանուն հարցնում եմ՝ երբեւէ թատրոն հաճախե՞լ ես, ներկայացում տեսե՞լ ես, պատասխանում է՝ ոչ, քանի որ իրենց բնակավայրում երբեւէ թատերական խումբ հյուրախաղերի չի եկել։ Նրանք միայն հեռուստատեսությունից, սերիալներից որոշակի տեղեկություն ունեն թատրոնի մասին։

– Հեռուստասերիալների մասին հաճախ են բացասական կարծիքներ արտահայտում։

– Հեռուստասերիալը մեր մշակույթի մեջ նոր ժանր, նոր երեւույթ է, որը պետք է արժեւորել՝ անկախ լեզվական, սցենարական, բեմադրական թերություններից։ Մեր գրողները պետք է մասնակից լինեն, նոր սցենարներ, գաղափարներ, լուծումներ առաջարկեն։

– Ինքս «Արմենիա» հեռուստաընկերությանը առաջարկել եմ «Զիզի քար» սերիալի համար սցենարների պլանը, որի թեման Արցախի ազգագրությունն է,- ասացի ես,- բայց դեռ որոշակի պատասխան չեմ ստացել։ Նոր, ժամանակակից մոտեցում եմ առաջարկում հեռուստասերիալների խնդրում։ Քրեածին աշխարհի մասին սերիալների փոխարեն հազարամյակների խորքից եկող մշակույթը կարող ենք առաջարկել քաղաքակիրթ աշխարհին, եւ դա ըմբռնումով կընկալվի, դրա միջոցով կճանաչվի երկիրը, մեր ժողովրդի մի հատվածի իրավունքները։ Ի վերջո, սեփական մշակույթի նկատմամբ ճիշտ քաղաքականությունը եւ նրա ներկայացնելը քաղաքակիրթ աշխարհին՝ մեծ դիվանագիտություն է։

– Դա շատ կարեւոր է ու չափազանց հետաքրքիր,- ասաց դերասանը,- ասում են. «Երբ կրակում են թնդանոթները՝ մշակույթը լռում է»։ Սակայն մշակույթը չպետք է քաղաքականացվի։ Մշակույթը պլակատի, կարգախոսի է վերածվում։ Մենք հանրությանը «Գոյա» ենք ներկայացնում։ Դահլիճը այդ ներկայացման ժամանակ լեփ լեցուն է լինում։ Անհատի ճակատագիրը բեմում, ասեմ, նաեւ գրականության մեջ հետաքրքրում է մարդկանց։ Իհարկե, եթե կա արվեստի շունչը։ Իսկ դասականները կարողանում են իրենցից հետո էլ պահել ժամանակի հնչողությունը։ Մենք միայն միջնորդ ենք եւ ձգտում ենք այն արվեստով ներկայացնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել