Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայրենիքը միայն Երեւանը չէ»

Նոյեմբեր 26,2010 00:00

Շվեյցարահայ բարերարը կօգնի Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի մի բազմազավակ ընտանիքի

\"\"

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում սոցիալական ծանր վիճակում գտնվող բազմաթիվ ընտանիքներ կան: Նրանցից է նաեւ Աղաբաբյանների բազմանդամ ընտանիքը: 34 քմ մակերեսով, առաջին հայացքից գոմ հիշեցնող տանն են բնակվում 31-ամյա Եղսիկ Հովակիմյանը եւ ամուսինը՝ Արտավազդ Աղաբաբյանն ու նրանց 10 անչափահաս երեխաները: Երեխաներից 3-ը զույգեր են, Աղասին ու Ռադիկը 13 տարեկան են, իսկ ամենափոքր զույգը՝ Արմինեն եւ Արմենը, 6-ամսական: Քարակերտում խմելու ջուր երբեւէ չի եղել, իսկ լվացք անելու համար արտեզյան ջուր են օգտագործում: Աղաբաբյանները հարեւաններից են դույլերով ջուր բերում:

Շվեյցարահայ բարերար Հարություն (Ժորժ) Միքայելյանը ցանկություն է հայտնել օգնել հայրենիքում բնակվող մի քանի կարիքավոր ընտանիքների: ՀՀ Սփյուռքի նախարարության եւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի նախաձեռնությամբ, բարերարը երեկ իր տիկնոջ՝ շվեյցարացի Մարգարիտ Էրիկա Բլանշի հետ այցելել էր Քարակերտ՝ ծանոթանալու Աղաբաբյանների սոցիալական պայմաններին եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու: Բարերարի հետ էր նաեւ «Երեւանշին» ընկերության արտադրական բաժնի պետ Հայկ Կարապետյանը, ով անհրաժեշտ չափումներ էր անում: Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է շենքի բետոնե տանիքը եւ հատակը փոխել: «ՀայՌուսգազարդի» օգնությամբ տանն օրերս արդեն գազ եւ ջեռուցում է անցկացվել: Չնայած ծանր կացությանը, 5 երեխաները դպրոց են հաճախում, բայց մայրը նեղսրտում է՝ նույնիսկ դասագրքերը գնելու հարցում որեւէ զեղչ չկա: Քարակերտում 2 մանկապարտեզ կա, բայց բազմազավակ ընտանիքի երեխաները մանկապարտեզ չեն գնում՝ գումար չունենալու պատճառով՝ «Ասացինք, գոնե զեղչով ուղարկենք մանկապարտեզ, չհամաձայնեցին, ամեն երեխայի համար էլ 3000 դրամ չէինք կարող վճարել»,- պատմում են Աղաբաբյանները:

Քարակերտի գյուղապետ Մհեր Հարթենյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենք այս ընտանիքին միշտ օգնում են. «Եթե մանկապարտեզի ու դասագրքերի համար ինձ դիմեին, կօգնեինք: Ո՞վ է դիմել»:

45 տարի Շվեյցարիայում բնակվող բարերարի կարծիքով՝ կլինեն շատ սփյուռքահայ բարերարներ, որոնք կուզենան Հայաստանի ծանր սոցիալական պայմաններում գտնվող ընտանիքներին օգնել: «Դրսում հայերը տեղյակ են, որ Հայաստանում կյանքը փայլուն չէ: Այստեղ բազմաթիվ դժբախտ ընտանիքներ կան, անձնական ընտանիքներին օգնելը նորություն պետք է լինի: Ես կարող եմ Ժնեւի շրջանում քարոզչություն անել, մեկ ուրիշը՝ այլ երկրում»,- մեզ հետ զրույցում ասաց շվեյցարահայ մեր հայրենակիցը: Վերջին տարիներին Հայաստան հաճախակի այցելող Հարություն Միքայելյանը նկատել է՝ Երեւանը օրեցօր զարգանում է, իսկ մարզերում պատկերը ողբալի է. «Մայրաքաղաքը երկիրը կներկայացնե, իսկ գյուղերը չափազանց տարբեր են, Երեւանի մեջ հարստություն կա, փող ալ կա, բայց ախր հայրենիքը միայն Երեւանը չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել