Լրահոս
Օրվա լրահոսը

27 երթուղուց 7-ը թափուր է մնացել

Նոյեմբեր 26,2010 00:00
Ըստ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ

\"\"Աղաբեկյանի, երթուղիները գործարարներին չեն գրավում ուղեւորահոսքի սակավության եւ անմխիթար ճանապարհների պատճառով:

Սյունիքի մարզի 4 տարածաշրջաններում՝ Սիսիանում, Գորիսում, Կապանում եւ Մեղրիում անցկացվել են կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիների մրցույթներ՝ ընդհանուր 27 ուղղություններով, որոնցից 7-ում հայտեր չէին ներկայացվել: Կապանի տարածաշրջանում դեպի գյուղական համայնքներ տանող ութ երթուղիների համար միայն 6 կազմակերպություն էր հայտ ներկայացրել, մյուս 2-ի համար հայտեր չեն եղել: Կապան-Գեղի եւ Կապան-Սեւաքար-Եղեգ երթուղիները ոչ մեկին չեն գրավել: Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի խոսքով, Կապան-Գեղի երթուղու համար արդեն որերորդ անգամ հայտ չի ներկայացվում: Ըստ պարոն Աղաբեկյանի, սա պայմանավորված է դեպի Գեղի գյուղ մարդկանց հոսքի սակավությամբ՝ պահանջարկը մեծ չէ, շահավետ չէ գծի սպասարկումը:

Կապան-Սեւաքար-Եղեգ երթուղու թափուր մնալը հիմնականում պայմանավորվում է դեպի Եղեգ տանող ճանապարհի անբարվոք վիճակով, ինչպես նաեւ գյուղի սեզոնային բնակեցմամբ՝ ձմռան ամիսներին բնակիչների մի մասը տեղափոխվում է գյուղից:

Մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետից տեղեկացանք նաեւ, որ թափուր մնացած երկու երթուղիների համար նորից մրցույթ կհայտարարվի: Իսկ արդեն շահած կազմակերպությունները 2011թ. հունվարի 1-ից կսկսեն ուղեւորափոխադրումներ իրականացնել՝ մրցույթի պահանջներին համապատասխան: Ըստ այդ պահանջների, տրանսպորտային միջոցները Կապանի ավտոկայարանից կմեկնեն: Ներկայումս տարբեր ուղղությունների տրանսպորտի համար տարբեր կայանատեղիներ են գործում:

Երթուղիների մեկնարկի համար մեկ միասնական վայրի ընտրությունը՝ բնակչությունը եւ երթուղին սպասարկելու իրավունքը ստացած կազմակերպությունները ոգեւորությամբ չեն ընդունում: Կապանի ավտոկայարանը քաղաքի ծայրամասում է, ուստի գյուղեր գնացող բնակիչները ստիպված պետք է քաղաքի կենտրոնից կամ մյուս թաղամասերից ավտոկայարան հասնեն տաքսիով կամ այլ տրանսպորտային միջոցով, ինչը դժվարություններ ու ավելորդ ծախս է առաջացնելու:

Պարոն Աղաբեկյանի խոսքով, անհատական տաքսիներն էլ են խնդիր: Այս տաքսիները օգտվում են նույն կանգառատեղիներից եւ մարդկանց առաջարկում ավտոբուսի կամ միկրոավտոբուսի գնով տեղափոխել նույն գյուղը:

Ուղեւորափոխադրող երթուղիների համար մրցույթ է անցկացվել նաեւ Սիսիանում եւ հայտարարված 7 երթուղիներից 2-ը թափուր է մնացել՝ Սիսիան-Իշխանասար եւ Սիսիան-Սպանդարյան-Սառնակունք-Ծղուկ-Գորհայք ուղղություններով: Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի խոսքով, նախկինում Սիսիան-Իշխանասար գիծը սպասարկվել է, իսկ Սիսիան-Սպանդարյան-Սառնակունք-Ծղուկ-Գորհայք երթուղու համար հայտ չներկայացնելու պատճառը այս գյուղերի միջպետական ճանապարհի վրա գտնվելն է՝ բնակիչները օգտվում են այս ճանապարհով անցնող բազմաթիվ մեքենաներից:

Գորիսի տարածաշրջանում հայտարարված 8 երթուղագծերից էլ վեցն է գրավիչ, Գորիս-Հարժիս եւ Գորիս-Հարթաշեն երթուղիների համար հայտ ներկայացնող չի եղել: Մեղրու տարածաշրջանում էլ չորս ուղղությունների համար ներկայացված հայտարարությանը մասնակցել է ուղեւորափոխադրում իրականացնող 3 կազմակերպություն, Մեղրի-Վահրավար-Կուրիս-Գուդեմնիս երթուղու համար հայտ չի ներկայացվել: Սարիկ Աղաբեկյանը ասաց, որ այս երթուղում էլ պահանջարկը մեծ չէր, քանի որ այս գյուղերի բնակիչները հիմնականում օգտվում են իրենց սեփական մեքենաներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել