Նոյեմբերի 19-ին՝ կեսգիշերին մոտ եւ հաջորդ օրերին տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ Կիեւյան կամրջի տակ՝ Հրազդան գետում հայտնաբերվել է 50-55 տարեկան անհայտ տղամարդու դիակ:
Լրատվամիջոցներից շատերը շտապեցին կատարվածն անմիջապես «ինքնասպանություն» որակել՝ հակառակ այն փաստին, որ նման պնդման համար չկար դեռ փորձագիտական որեւէ եզրակացություն կամ փաստաթուղթ:
Հաջորդ օրերին հայտնի դարձավ նշված տղամարդու ինքնությունը եւ հրապարակվեց նրա անունը: Տղամարդն Աբովյան քաղաքի բնակիչ,1955 թ. ծնված Պավել Վ.-ն էր: Սակայն զարմանալիորեն մինչ օրս չի հրապարակվել դիահերձող բժշկի եզրակացությունը: Մեզ հաջողվեց հայթայթել այդ փաստաթուղթը, որը տրամագծորեն լրիվ այլ եզրահանգումների տեղիք է տալիս դեպքի առիթով:
Դիակը զննած դատաբժշկական փորձագետ Բաբայանի կողմից մահվան փաստը հաստատող բժշկական վկայականում (2060915/1045, կից ներկայացվում է) արձանագրվել է, որ «մահվան բնույթը անորոշ է»: Ընդ որում՝ բժիշկը չի արձանագրում անգամ մեկ կոտրվածք, որ պարզապես անխուսափելի է ցանկացած վտանգավոր բարձրությունից ընկած մարդու դեպքում:
Առնվազն ապշեցնում է նաեւ այն փաստը, որ մահացածի մարմնին եւ դեմքին չկա նույնիսկ քերծվածք, ինչը փաստում են արդեն դիակի հայտնաբերման վայրում տեղում արված լուսանկարները:
Մահվան փաստը հաստատող վերոհիշյալ փաստաթղթում արձանագրված է նաեւ, որ մահացածի «շնչական ուղիների լուսանցքներում» առկա է «մանր բշտիկային փրփրային հեղուկ»: Միեւնույն ժամանակ՝ ոչինչ ասված չէ ջրի առկայության մասին, որը տրամաբանորեն պետք է հայտնաբերվեր ջրից հանված մարդու թոքերում: Հետեւաբար, ի՞նչն է հիմք հանդիսացել հայտարարելու, թե կատարվածը ինքնասպանություն է: