Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օրեր առաջ միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ, ԱՄՆ քաղաքացի, ազգայնական նկարիչ Հրայր Ագանիկյանը:
Նա տեղեկացրեց, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը տեղի է ունեցել 4,5 տարի առաջ՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի պաշտոնանկ արված դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ: Սակայն 1 տարի գործը դատարանում «պահելուց» հետո պարզվել է, որ այն ընդդատյա է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանին:
Դատաքննության 4,5 տարվա ընթացքում մեղադրանքը պաշտպանել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ տարածքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ա. Հարությունյանը: Հ. Ագանիկյանը, որը մեղադրվում է խաբեությամբ ուրիշների գումարին տիրանալու համար, իր միջնորդության մեջ գրում է, որ «ծայրահեղորեն շինծու են» իրեն առաջադրված մեղադրանքները, որոնք դատաքննության ընթացքում, ըստ նրա, «փոշիացել» են:
Հ. Ագանիկյանն ասում է, որ մեղադրողը մեղադրանք է առաջադրել «բացառապես սեփական նախասիրությամբ»: Ըստ մեղադրանքի, 2003թ. Սամվել Կարապետյանը ստացականով ավտոմեքենա գնելու համար Ագանիկյանից ստացել է 6000 դոլար, որից 3000 դոլարը վերադարձրել է: Ագանիկյանը, սակայն, կարողացել է (ըստ գործի նյութերի) 10 000 դոլարի «պարտքի» պահանջով դատարան դիմել: Հ. Ագանիկյանը դատարան ներկայացրած միջնորդության մեջ նշում է, որ Ս. Կարապետյանը նախաքննական մարմնի կողմից առհասարակ քննված չի եղել, նրա անունից որեւէ մեկը չի հայտարարել, թե նա մարել է իր տված 6000 դոլարի կեսը…
«Ստացվում էր, որ Կարապետյանը դատարան էր գալու ոչ թե տվյալ դրվագով վկայություն տալու, այլ՝ դատախազի անսխալ գուշակության հունարի մասին վկայությամբ»,- ասում է Հ. Ագանիկյանը:
Ի դեպ, դատարան բերման ենթարկված Ս. Կարապետյանը հայտնեց, որ 6000 դոլարից որեւէ լումա չի մարել: Սա այն դեպքում, երբ նշված գումարի դրվագով մեղադրանքի ծավալը փոխելու մասին դատախազը հոկտեմբերի դատական նիստում արդեն իսկ հայտարարել է:
Ագանիկյանը տեղեկացնում է, որ իրեն առաջադրվել է նոր մեղադրանք, այն բանի համար, որ մոլորեցրել է հայր եւ որդի Էլբակյաններին, ինչի հետեւանքը եղել է այն, որ նրանք ԴԱՀԿ աճուրդով կորցրել են իրենց տունը:
Ագանիկյանն ասում է, որ Էլբակյանները հոժարակամ են համագործակցել իր հետ եւ որ «մոլորյալ պարտապաններ» չեն, ինչպես որ ներկայացվում են:
ԱՄՆ քաղաքացի ամբաստանյալը «մտահոգված լինելով իր ճակատագրով», միջնորդել էր, որ դատախազի նկատմամբ նշանակվի «հարկադիր բժշկական փորձագիտական հետազոտություն»: