Հայկական բանակում տիրող բարքերից նախկին զինծառայողը հոգեկան խանգարում է ստացել
Դավիթը լացում է: Նա ամեն օր կանգնում է նկարի առաջ եւ ասում՝ «Հիսուս ջան, ինձ փրկի, ես խի՞ գնացի ծառայելու»:
Այս տղան ապրում է հոգեմետ դեղերով:
«Ես սպիտակ եմ, սեւ չեմ, ուզում եմ մենակ պսակվեմ, ուրիշ պրոբլեմ չունեմ: Սիրած աղջկաս մաման ա տեսել, ինքը մեր հարեւանի աղջիկն ա, հիմա գնացել ա Մոսկվա, երբ մորը հարցնում եմ, թե ո՞ւր ա աղջիկդ, ասում ա՝ ղրգի մարդի, թե չէ՝ կտայի քեզի»,- «Առավոտի» այցելության պահին մերթընդմերթ պատմում էր հոգեկան խանգարում ստացած, 3-րդ կարգի հաշմանդամ, 21-ամյա Դավիթ Թադեւոսյանը: Վերջինս 2007-2009թթ. ծառայել է Մեղրու տարածաշրջանի Ագարակ գյուղում տեղակայված զորամիավորման մոտոհրաձգային գումարտակում, ծառայության վերջին ամիսներին դաժան ծեծի է ենթարկվել ավագ լեյտենանտ Տիգրան Հովհաննիսյանի կողմից: Այս երիտասարդի խնդրին «Առավոտը» անդրադարձել է «Նախկին զինծառայողը՝ հոգեբուժարանում» (14. 05. 2010), «Այլանդակ բարքեր» (14. 09. 2010) հրապարակումներում: Դավիթի մոր՝ Ռուզաննա Գրիգորյանի պատմելով, իր որդուն այս օրը գցած մարդը՝ Տ. Հովհաննիսյանը, մինչ օրս որեւէ պատասխանատվության չի ենթարկվել, ընդհակառակը՝ անպատժելիության մթնոլորտում ման է գալիս, նա, բացի իր որդուց, այլ զինվորների էլ է կտտանքների ենթարկել: Ներկայացնելով, թե ինչպես է Տ. Հովհաննիսյանը 5 րոպե ուշանալու պատճառով զինվորական ճաշարանի դիմաց Դավիթին հայհոյել, ապա «սապոգներով» խփել ոտքին՝ առաջացնելով մարմնական վնասվածքներ, մայրը հավելում է, որ Տ. Հովհաննիսյանը կես ժամ հետո դասակի հրամանատար Միշա Մկրտումյանի հետ տղային արնաշաղախ վիճակում տարել է բուժկետ, ուր բուժքույր Մարգարիտան, որն այսօր հրաժարվում է իր արածից, վիրակապել է տղայի արյունաշաղախ վերքը: Միաժամանակ ծեծող սպան Դավիթին ահաբեկել է, որ վերադասներին չպատմի կատարվածը, քանի որ ինքը որեւէ մեկից վախ չունի եւ ասելու դեպքում՝ կսպանի տղային: Այդ դեպքից երեք ամիս անց, ինչպես Ռ. Գրիգորյանը ներկայացրեց, անձամբ է գտնվել զորամասում, նշել տղայի ծնունդը, որը վախից ոչինչ չի ասել կատարվածի մասին: «Երբ ծառայությունից տուն եկավ, անցավ մոտ 20 օր, զգացի, որ տղայիս մեջ ուժեղ վախ կա, ասում է՝ մամա, դուռը խփում են, ականջներիս մեջ ձայն է լսվում, մամա, արի պառկի ծոցս, վախենում եմ»,- պատմում էր մայրը՝ հավելելով, որ դրանից հետո որդին պառկել է տարբեր հիվանդանոցներում, բուժվել նյարդային համակարգի խախտման համար:
Ինչպես ներկայացնում է Դավիթի մայրը, թեեւ տղան արդեն տանն է, բայց շարունակվում են հոգեկան ցնցումները. «Հաճախ մերկանում է, մտամոլոր քայլում տան մեջ, լացում, ասում է՝ ինձ կսպանեմ, կգցեմ, կգնամ շենքը պաժառ կտամ: Որ թողեմ՝ տան մեջ կմիզի, հերթապահությամբ ես ու տղաս հսկում ենք, հարձակվում է եղբոր վրա, արդեն մի քանի անգամ ցանկացել է իրեն սպանել, փրկել եմ, րոպեն մեկ լվացվում է, թե ես սեւ եմ, ինձ ոչ մեկը չի առնի»: Դավիթը ապրում է հոգեմետ դեղերով եւ շուտով պետք է անցնի բուժման հերթական կուրսը: Բժիշկները ասել են, որ նա կարող է լիակատար բուժվել միայն Մոսկվայում: Իսկ հոգեբանը խորհուրդ է տվել տղային ճգնաժամից հանել համակարգչի օգնությամբ, որը ձեռք բերելու համար Ռ. Գրիգորյանը պատրաստվում է դիմել գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Դավիթի մայրը պահանջում է, որ Տ. Հովհաննիսյանը պատժվի օրենքի ողջ խստությամբ, ներկայանա, որոշակի փոխհատուցում անի: «Նա շամպայնը բացել է զորամասում, գլուխ է գովացել, որ ինքը ոչ մի նախարարից չի վախենում, բոլոր վերադասներին կաշառել է, հետեւաբար ինչ արել է՝ լավ է արել,- ասում է Ռ. Գրիգորյանը:- Բողոքել եմ զինվորական դատախազություն, զինվորական վարչության պետի տեղակալ Արման Պողոսյանը մինչ օրս կանչում է, բայց ոչ մի առաջընթաց չկա: 2 օր առաջ էլ պարոն Պողոսյանն ասաց, որ նորից դիմել ենք, բայց Տիգրանն արդեն հեռախոսներին էլ մոտ չի գալիս, չի պատասխանում: Տղայիս տեր չեն կանգնում, մեկը մյուսի վրա է գցում, ես ստիպված պետք է դիմեմ Եվրոպական դատարան»:
Տիկնոջը որեւէ կերպ չեն օժանդակում զինվորական ոստիկանությունում, չեն պատասխանում զանգերին, իսկ զինվորական դատախազության դատաբժիշկը չի ցանկացել անգամ մարմնի վրայի հետքի վաղեմությունը որոշել: Ավելին՝ համապատասխան ծառայությունները թույլ չեն տվել, որ նախարար Սեյրան Օհանյանը տեսնի որդու վիճակը: «Եվ քննիչը, եւ դատաբժիշկը, եւ Գորիսի դատախազությունը կաշառված են, դրա համար էլ Տիգրանը ուզածի պես հայհոյում է»,- եզրակացնում է դառնացած մայրը: Դավիթի պատմելով՝ զորամասում հաճախակի են եղել իր հանդեպ կատարված բռնությունները: Նա ասում էր. «Ինձ վախցնում են, ահ են տալիս, բայց դե Շենգավիթում ինձ վախեցնող հըլը չըկա»: Մոր խոսքերով՝ որդու հետ կատարվածի պատճառով մյուս որդին՝ Գեւորգ Գրիգորյանը, որը սովորում էր Արմավիրի «Տիգրած Մեծ» զինվորական վարժարանում, թողել է ուսանելը: