Շիրակի մարզում առողջապահության վարչության պետի պաշտոնի համար արդեն իսկ գլուխ են ջարդում
Մի քանի օր առաջ Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը, սեփական դիմումով հեռանալու համար, մեկ շաբաթ ժամանակ էր տվել նանյանական կադրերից մեկին՝ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանին: Հիշեցնենք, որ ծնունդով գյումրեցի այս պաշտոնյան երկար տարիներ աշխատել է քրեակատարողական վարչությունում որպես բուժմասի ղեկավար: Մարզպետարանի մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, Ղազարյանը, ընդառաջ գնալով մարզպետի՝ իրենից ազատվելու ցանկությանը, երեկ դիմում է ներկայացրել՝ խնդրելով իրեն դեկտեմբերի 1-ից ազատել աշխատանքից: Որ վերջինս չփայլեց որպես առողջապահության վարչության պետ, աչքի չընկավ իր կազմակերպչական գործունեությամբ, ավելին՝ նրա օրոք բուժհաստատությունների ղեկավարներն ավելի կոռումպացված դարձան, սա շիրակցիների համար ակնհայտ փաստ է, սակայն խնդիրն այն է, որ քաղծառայողներին քմահաճորեն սկսել են աշխատանքի ընդունել ու ազատել մարզպետները: Որպես վառ օրինակ՝ փաստենք հենց նույն Սամվել Ղազարյանի պաշտոնի նշանակվելն ու պաշտոնազրկվելը: Նրան մայրաքաղաքից Գյումրի հրավիրեց նախկին մարզպետ Լիդա Նանյանը՝ սկզբում ձեւականորեն նշանակելով որպես մարզպետի առողջապահության գծով խորհրդական, իսկ ամիսներ անց որպես առողջապահության վարչության պետ: Տիկին Նանյանը արագ կերպով կազմակերպեց վերջինիս առողջապահության վարչության պետ դառնալը. այդ ժամանակվա առողջապահության վարչության պատասխանատուին՝ քաղծառայող Սաթենիկ Բեյբությանին մարզային հիվանդանոցի տնօրեն ուղարկեց, իսկ փոխարենը միանգամից, առանց քաղծառայության ատեստացիան հանձնելու, աշխատանքի տեղավորեց Սամվել Ղազարյանին: Ի դեպ, մարզպետարանցիները հավաստիացնում էին, որ որոշ ժամանակ առողջապահության վարչության պետը պաշտոնավարեց առանց պահանջվող ատեստացիան հանձնելու: Հետագայում, ամենայն հավանականությամբ, նա դարձավ քաղծառայող, համենայնդեպս՝ մարզպետարանի պատասխանատուները մեզ վստահեցնում են, որ նա հանձնել ու անցել է ատեստացիան: Այժմ էլ մարզպետ Գիզիրյանը նույն հեշտությամբ պաշտոնազրկեց Սամվել Ղազարյանին, իսկ սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ քաղծառայողները մեր երկրում պաշտպանված չեն, եւ Քաղծառայության խորհուրդը գնալով ձեւական կառույց է դառնում: Հիշեցնենք, որ տարիներ առաջ այս նույն մարզպետարանում դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի օրոք նույն մեթոդով աշխատանքից հեռացրին քաղաքաշինության վարչության երկարամյա պետ Արտաշես Սարգսյանին, իսկ քաղծառայության խորհուրդը ոչինչ չարեց նրա շահերը պաշտպանելու համար, նույնիսկ այն դեպքում, երբ պաշտոնյան ահազանգել էր նրանց ու տեղեկացրել Ռոմիկ Մանուկյանի մտադրության մասին: