Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԶՄԱՓՈՐՁ ՈՒ ՉԹԵՐԱՑԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ

Նոյեմբեր 26,2010 00:00

\"\"ՀԿԵ-ն այդպես է փորձել լուծում տալ Երեւան-Բաթում չվերթի ժամանակ թույլ տված թերացումներին

«Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերության ուղեւորափոխադրումների թերի կազմակերպման ու ամռան ամիսներին միեւնույն տեղի համար նախատեսված տոմսերը կրկնակի վաճառելու մասին հրապարակումներ բազմիցս են եղել: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս ՀԿԵ-ն ուղեւորափոխադրումների մեծ հոսքից հետո որոշակի կադրային փոփոխություններ է արել՝ ցույց տալու համար, որ վերահսկում է եւ փորձում թերությունները վերացնել: Սակայն ամեն տարի սեզոնին այս ամենը կրկնվում է, եւ այդ կադրային փոփոխություններն ու կրճատումներն արդյունք չեն տալիս:

Այս տարվա օգոստոսին ՀԿԵ ղեկավարությունը նյութական վնաս հասցնելու եւ աշխատանքում թույլ տված թերությունների համար աշխատանքից ազատել է ՀԿԵ «Սասունցի Դավիթ» կայարանի տոմսարկղերում աշխատող Զոյա Ալեքսանյանին եւ Ռիմա Ակոպովային, բայց այս աշխատակիցներին «վերեւներից» չեն հայտնել, թե ինչքան նյութական վնաս են հասցրել ընկերությանը, աշխատանքային թերացումների մասին էլ ապացույցները չեն ներկայացվել: «Մեզ ասացին, որ մենք «դվայնիկներ» ենք տվել, այսինքն՝ մեկ տեղի համար 2 եւ ավելի տոմսեր ենք վաճառել, բայց թե որ չվերթի ժամանակ եւ որ քաղաքացիների վրա ենք այդ տոմսերը վաճառել, ցույց չտվեցին: Բաթումից վերադարձի ժամանակ նման 1-2 դեպք հնարավոր է՝ լինի, բայց դրա համար մենք պատասխանատվություն չենք կրում, քանի որ այստեղ վաճառված վերադարձի տոմսերի մասին հեռագրեր պետք է ուղարկեին պետերը, որը չէին անում»,- պատմում է Զ. Ալեքսանյանը: Նրա խոսքերով, ամռան սեզոնին աշխատանքային ծանրաբեռնվածությունը շատ է եղել, եւ իրենց հետ նույն դրամարկղում աշխատել են նաեւ Գյումրիից բերված աշխատակիցներ. «Այդ ինչո՞ւ հենց մենք մեղավոր դուրս եկանք: 33 տարի աշխատել եմ որպես տոմսավաճառ, 35 տարի էլ Ռիմա Ակոպովան է աշխատել, այդքան ժամանակ չթերացանք, հիմա՞ թերացանք: Բայց թերացումների համար գոնե պետք է նախազգուշացում տային, հետո, եթե կրկնվեր, նոր հեռացնեին, ոչ մի նախազգուշացում չի եղել: Մեկ տարի է մնացել, որ թոշակի անցնեմ, եւ նման խայտառակ հոդվածով հեռացնում են աշխատանքից: Եթե նյութական վնաս էի տվել, թող գումարի չափը ճշտեին, գանձեին այդ գումարը, նոր ազատեին աշխատանքից: Ծանրաբեռնված ամիսներին անգամ 14-16 ժամ ենք աշխատել՝ առավոտյան 7-ից կասսան բացել ենք, մինչեւ երեկոյան 7-ը, եթե Բաթումի գնացքը այդ օրը ռեյս ուներ, պատահում էր՝ մնում էինք մինչեւ գիշերվա 12-2-ը, ու դրա համար ստացել ենք ընդամենը 35 հազար դրամ, ոչ մի կոպեկ ավելի: Հանգստյան օր էլ չենք ունեցել: Գիշերվա ժամերին մնում էինք, որ ձեւակերպումները կարողանայինք հասցնել: Այդքանից հետո, երբ օգոստոսի 11-ի երեկոյան ծանրաբեռնված օրվանից հետո գնացինք տուն, հաջորդ օրը եկանք աշխատանքի, մեր պետը՝ Սամվել Ղալեչյանն ասաց, որ վարչության պետի հրամանով մեր աշխատանքները դադարեցված են, մեզ արգելված է մտնել կասսա, եւ պետք է բանալիները հանձնենք: Մեզ հետ ազատվել էր նաեւ Նաիրա Դաբաղյանը, բայց նա ձայնը բարձրացրեց, փորձեց պարզել, թե ինչն է պատճառը, մեր պետն էլ պատասխանեց, որ մենք «դվայնիկներ» ենք արել, դրա համար է: Նառայի համար մարդ մտավ պետի մոտ, հետո Նառան ասաց, որ 6-րդ վարչությունից մարդ կհրավիրի մեզ մոտ, նրան թողեցին՝ աշխատի, բայց մեզ չթողեցին»: Չնայած այս աշխատակիցներին այլեւս չեն թողել տոմսարկղ մտնել, սակայն այս պատմությունից 2 ամիս անց էլ նրանց ստիպել են աշխատանքի գնալ: Տիկին Զոյայի ներկայացմամբ, իրենք նստում էին ընդհանուր «զալում», այլ ոչ թե աշխատանքային սենյակում. «Մենք մտածում էինք, որ ժամանակավոր են այդ պրոբլեմները, մեզ նորից կկանչեն աշխատելու: Մեր պետ Սամվել Ղալեչյանն ու վարչության պետի տեղակալ Կարինե Գրիգորյանը մեզ ասում էին, որ դեռ պետք է գնանք գործի, մինչեւ մեր հրամանը չլինի: Այդ ժամանակ մենք անընդհատ դիմում էինք երկաթգծի ղեկավարությանը: Մեր իրավաբանին դիմեցինք, նա ասաց, որ իրավունք չունեն մեզ առանց ապացույցների հեռացնելու: Մենք ասում էինք, որ լրագրող կհրավիրենք, նրանք մեզ ասում էին, որ երկաթգծի պատիվը գետնով ենք տալու այդ դեպքում, այս հարցը կլուծվի: Վերջիվերջո պետերով ու գործից չհասկացող բաժնի աշխատակիցներով հանձնաժողով կազմեցին եւ հրաման տվեցին, որ մեզ ազատում են աշխատանքից: Ես այդ հրամանի տակ գրել եմ, որ համաձայն չեմ բերված պատճառաբանությունների հետ: Դրանից հետո մենք Շեւքեթ Շայդուլինին նամակ գրեցինք: Ինքը մակագրել էր, որ պետք է ճշտել մեր հասցրած վնասի չափը եւ նոր միայն մեզ ազատել աշխատանքից: Սակայն դա հաշվի չառնվեց, ու չնայած, որ աշխատանքի էինք գնացել, հետին թվով հրաման գրեցին, որ օգոստոսի 21-ին ազատել են մեզ: Դրանից հետո էլ ամեն օր ասում էին, որ գնանք կասսան հանձնելու, ոստիկանության հսկողությամբ կասսան գնացինք հանձնեցինք, ոնց որ քրեական հանցագործներ լինեինք, այդ ի՞նչ էինք արել որ»:

Ըստ Ռիմա Ակոպովայի, ՀԿԵ-ում բարձիթողի վիճակ է. «Ոչ ոք չէր հաղորդում Վրաստան, որ հետադարձի այսինչ տոմսերը վաճառվել են: Հեռագիր պետք է տային, ոչ մեկը հեռագիր չի ուղարկել ամբողջ ծանրաբեռնված սեզոնի ընթացքում, դրա համար էլ այդքան «դվայնիկներ» եղան: Թե չէ՝ մենք այդքան տարի աշխատել ենք, ոչ մի անգամ չենք թերացել՝ օրական 15 գնացք էինք ճանապարհում, նման բաներ չէին լինում, ու հանկարծ միանգամից թերացանք: Մենք դարձել ենք քավության նոխազ: Մեր գործից բացի՝ էլի աշխատանքներ էինք անում՝ կայարանի գրաֆիկն էինք գրում, տաբել էինք լրացնում, կասսաների զեկուցագրեր եմ կազմել, այնպիսի աշխատանք չկա կայարանում, որ մենք չկարողանանք անել, բայց մեզ հանեցին: Դրանից հետո էլ, ախր, այդ դվայնիկները շարունակվում էին, ամեն օր 50-100 հատ դվայնիկով էին գալիս գնացքները: Բա դրա համա՞ր ով պետք է պատասխան տա, մինչեւ սեպտեմբերի 15-ը աշխատել է այդ գիծը»: Մեր հարցին՝ չե՞ն ստացել հավելավճարներ կամ պարգեւատրումներ, որ այդքան ավելի աշխատանք են արել, նա պատասխանեց. «Միայն այս տարվա հուլիսի աշխատանքի համար մի փոքր գումար պրեմյա տվեցին, սակայն հետո անմիջապես մեզ աշխատանքից հանեցին: Եթե վատ աշխատող էինք, ինչո՞ւ էին մեզ պրեմյա տալիս: Այդ դվայնիկները բոլոր կասսաներով անցել են, ինչո՞ւ են մեզ ազատում, եթե բոլորը մեղավոր էին, թող բոլորին ազատեին, նոր անձնակազմ հավաքեին: Գյումրիից բերած կասսիրները մեզ էին հարցնում՝ ինչը ոնց անեն, 10 700-ի փոխարեն 17 000 էին տպում, բայց իրենք մնացին, մեզ ազատեցին: Մինչ այդ՝ թող գոնե մի օր կանչեին, ասեին՝ այս ինչ բանը սխալ ես արել»:

Տիկին Զոյան խոսեց նաեւ իրենց պետի՝ Սամվել Ղալեչյանի մասին. «Նրա պաշտոնը իջեցրեցին, դարձրեցին փոխտնօրեն, սակայն նա շատ լավ էր աշխատում, խիստ վերահսկողություն էր սահմանել: Այդ մարդը շատ լավ էր տիրապետում աշխատանքին, բայց նրան իջեցրեցին պաշտոնից, դա արեցին նրա համար, որ հսկողությունը թուլանա, եւ ամեն մեկը ինչքան կարողանա՝ գումար դնի գրպանը, ու փողերը բյուջե չմտնեն: Նրա փոխարեն նշանակված նոր պետը մեր հաշվապահի ամուսինն է, իրենց ազգուտակին էլ են բերել մեզ մոտ աշխատելու, բոլորն էլ բարձր աշխատավարձ են ստանում»:

Այս առնչությամբ ՀԿԵ-ի հասարակության հետ կապերի վարչության պետ Վահե Դավթյանը «Առավոտին» պարզաբանեց, որ իրենք ունեն բոլոր ապացույցները, որ Երեւան-Բաթում չվերթի ժամանակ կրկնակի վաճառք արել են հենց այդ աշխատակիցները. «Այն բոլոր խոսակցությունները, որ կապված էին Երեւան-Բաթում չվերթի հետ, հենց այդ դրամարկղի թերացումներն են, թվեր չեմ կարող ներկայացնել, թե որքան են: Մենք նաեւ կադրային փոփոխություններ ենք արել: Այդ չվերթը սեզոնային է, Գյումրիից բերված ժամանակավոր աշխատակիցներն էլ վերադարձել են իրենց ամենօրյա աշխատանքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել